[ARM]     [RUS]     [ENG]

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Հոկտեմբերի 7-ին Արցախի գիտական կենտրոնի նիստերի դահլիճում Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը հանդես եկավ աստղագիտության վերաբերյալ դասախոսությամբ. ունկնդիրները Ստեփանակերտի ավագ դպրոցի բնագիտական ուղղվածության աշակերտներն էին։ Ունկնդիրներից ամենափոքրը 4-րդ դասարանի աշակերտ Վահե Հովսեփյանն էր, ով հետաքրքրված է աստղագիտությամբ և ունի երազանք` կապված այդ գիտության հետ։

Դասախոսությանը ներկա էր ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը։
Ողջունելով ներկաներին՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարը նշեց, որ դեռևս երկու տարի առաջ նախարարությունը պայմանագիր էր կնքել Բյուրականի աստղադիտարանի տնօրինության հետ՝ համագործակցություն սկսելու համար, սակայն համավարակն ու արցախյան պատերազմը խանգարել են գործընթացին։
ՙՄեր կրթագիտական կյանքում այսօր նոր փուլ է մեկնարկում։ Մենք սկսելու ենք մեծ տեղ տալ աստղաֆիզիկային և քայլեր ձեռնարկել դրա զարգացման ուղղությամբ։ Նախատեսում ենք Արցախի դպրոցներում խմբակներ բացել բոլոր այն երեխաների համար, ովքեր հետաքրքրված են աստղերով և տիեզերքով։ Կարծում եմ՝ մենք իսկապես կարող ենք աստղաֆիզիկայի բնագավառում նվաճումներ ունենալ ու մեր տեղը գտնել աշխարհի գիտակրթական դաշտում։ Մենք պետք է մեր տեղն ունենանք տիեզերքում, քանզի աստղագիտությունը մի ասպարեզ է, որը քաղաքական սահման չի ճանաչում՚,- ասաց նախարարը։
Ա. Միքայելյանի համոզմամբ՝ եթե 100 հոգուց մեկն էլ դառնա աստղագետ՝ դարձյալ մեծ արդյունք կարելի է համարել, քանզի աստղագիտությունը եզակի մասնագիտություն է։ Ամբողջ աշխարհում, ինչպես ասաց Ա. Միքայելյանը, կա ընդամենը 30 հազար աստղագետ։
ՙՏիեզերքի մասին մեր պատկերացումները և ժամանակակից աստղագիտության զարգացման միտումները՚. այս վերտառությունն էր կրում դասախոսության թեման, որի ընթացքում Ա. Միքայելյանը ներկայացրեց Վիկտոր Համբարձումյանի կարևորագույն աշխատանքները Բյուրականում. աստղասփյուռների հայտնաբերումը, աստղասփյուռների ընդարձակման երևույթի տեսական կանխատեսումը, անընդհատ առաքման ոչ ջերմային բնույթը, գալակտիկաների միջուկների ակտիվության վարկածը, տիեզերական գերխիտ նյութի տեսությունը, բարիոնային աստղեր, բռնկվող աստղերի վիճակագրությունը, տվյալ աստղային համակարգում բռնկումների միջին հաճախության բաշխման ֆունկցիան և այլն։
ՙԲյուրականի աստղադիտարանը տասնամյակներ շարունակ հանդիսանում է մեր գիտության առաջամարտիկը։ Հիմնադրման հենց առաջին տարիներից աստղադիտարանում կատարվել են կարևորագույն հայտնագործություններ, առաջ են քաշվել հիմնարար վարկածներ և տեսություններ, իրականացվել են տիեզերական մարմինների հետազոտություններ՚,- ասաց բանախոսը։
Ա. Միքայելյանի կարծիքով՝ գիտության հանդեպ վերաբերմունքը լուրջ փոփոխությունների կարիք ունի. աշխարհն այսօր ոչ թե առաջ է շարժվում, այլ սլանում է խելահեղ արագությամբ։ Եթե մենք որպես պետություն, որպես հասարակություն, որպես ժողովուրդ և որպես գիտական համայնք չզգանք այդ արագությունը՝ հետագայում անհնար կլինի հետ բերել կորցրած ժամանակը։
ՙԵթե ժամանակին աստղերին հետևում էր առավելապես մարդկային բանականությունը, այսօր արհեստական բանականությունն անցել է նաև աստղագիտության ոլորտ։ Աստղային երկնքին հետևում են նորագույն տեխնոլոգիաները։ Սակայն երբեք չպիտի մոռանանք, որ դրանք բոլորը մարդկային մտքի ու բանականության ծնունդ են, չմոռանանք, որ լավագույն տեխնոլոգիաներն առաջին հերթին միտքն ու տաղանդն են՚,- ասաց նա։
Դասախոսությանը Ա. Միքայելյանը երբեմն մասնակից էր դարձնում պատանի ունկնդիրներին՝ հարցեր ուղղելով նրանց։
ՙԵս իմ պարտքն եմ համարում այցելել Արցախի տարբեր բնակավայրեր, հայտնաբերել շնորհաշատ, երազող երիտասարդների, կիսվել նրանց հետ գիտելիքներով և օգնել գիտության բարձունքները նվաճելու համար՚,- եզրափակիչ խոսքում ասաց բանախոսը։
Որպես հավաստումն ասվածի՝ հոկտեմբերի 8-ին Բյուրականի աստղադիտարանի տնօրենը նույն թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ և Մարտունու հ.1 ավագ դպրոցներում։