[ARM]     [RUS]     [ENG]

Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը՝ Թուրքիայի և Ադրբեջանի նվաճողական քաղաքականության շարունակություն

Աննա Պետրոսյան

 Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ «Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, որպես Թուրքիայի և Ադրբեջանի նվաճողական քաղաքականության շարունակություն» խորագրով։ Մասնակիցները նախ մեկ րոպե լոությամբ հարգել են Արցախյան երրորդ պատերազմի նահատակների հիշատակը։ Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը՝ ներկայացրեց եկեղեցու դերը՝ հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում։ -Ադրբեջան պետությունը և բնիկ հայ ժողովրդի տարրական՝ կյանքի, կրոնի, դավանանքի, խղճի ազատության իրավունքներն անհամատեղելի են։ Հարյուր տարվա այս պատմությունն առավել քան բավարար է՝ սա ցայտուն կերպով ցույց տալու։ Որևէ կերպ հնարավոր չէ ընդունել, որ կարող է լինել լԱդրբեջանի և բնիկ հայերի համակեցություն։ Ադրբեջանի քաղաքականությունն է՝ ոչնչացնել այն ամենը, ինչ հայկական է։ Մեր սեփականության վկայականներն այս երկրում մեր սրբավայրերն են, որոնք առաջնահերթ թիրախներ են դարձել թշնամու համար,-նշեց Տեր Ներսես քահանան՝ ավելացնելով, որ Հայ Առաքելական եկեղեցին հետամուտ է լինելու իր և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը։ Բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանն իր խոսքում կարևորեց նման թեմաների քննարկումները, որոնց ընթացքում բարձրացվում են հրատապ հարցեր: ՄՄՀ կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովն ասաց, որ կլոր սեղան-քննարկում կազմակերպելու նպատակն է՝ ստեղծել մի հարթակ, որի շուրջ կհամախմբվեն թեմայով զբաղվող տարբեր մասնագետներ, իսկ լրատվամիջոցներին հնարավորություն կընձեռվի հարցեր ուղղել ոլորտի պատասխանաուներին։ -Մեր խնդիրն է՝ ցույց տալ, որ Ադրբեջանի՝ հայկական մշակության ժառանգության ոչնչացման ու յուրացման քաղաքականությունը Թուքիայի համանման ցեղասպանության ուղիղ շարունակությունն է։ Դրա անպատժելության հետևանքով մենք ամեն օր նոր տեղեկություններ ենք ստանում այս կամ այն մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ,-ասաց Հ․ Ավանեսովը։ ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Ադրբեջանի օկուպացրած տարածքների հայկական պատմամշակութային հուշարձանների գոյությունը սպառնալիքի տակ է: Նա առաջարկեց համալսարաններում ստեղծել հատուկ կենտրոն, որը մշտական կապի մեջ կլինի աշխարհի տարբեր բուհերի կրոնական ու մշակութային ազատությունների ուսումնասիրությամբ զբաղվող համապատասխան կենտրոնների հետ՝ ներկայացնելու մարդու իրավունքների պաշտպանի ու տարբեր մասնագետների կողմից պատրաստվող զեկույցները։ ԱՀ նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը կարևորեց հետևողական աշխատանքների իրականացումը՝ կանխելու հայկական սրբավայրերի ավերումը Ադրբեջանի կողմից։ Հուշարձանագետ Սլավա Սարգսյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից տարածվող կեղծ տեղեկություններին հակասելու համար պետք է ստեղծվի քարոզչական և հակաքարոզչական կենտրոն։ Պատմաբան Մհեր Հարությունյանը կարևորեց հայկական տեղանունների ճիշտ ու հայեցի օգտագործման խնդիրը։ Պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանն անդրադարձավ պատմական փաստերի աղավաղմանը, որին միջազգային հանրությունը պետք է լուրջ մոտեցում ցուցաբերի։