[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՑԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի առաջնությանը մասնակցում է 5 թիմով: Այս մասին «Ազատ Արցախ»-ի թղթակցին տեղեկացրեց «Լեռնային Արցախ» -ի մանկապատանեկան դպրոցի թիմերի պատասխանատու, Արցախի Հանրապետության վաստակավոր մարզիչ Սարգիս Աղաջանյանը:

- ՀՀ առաջնության Առաջին լիգայում Արցախի  պրոֆեսիոնալ հավաքականը՝ մարզիչ Արտաշես Ադամյանի գլխավորությամբ, այս պահին  երկրորդ հորիզոնականում է և Բարձրագույն  խմբի ուղեգիր նվաճելու հավակնորդ է,-ասաց Ս. Աղաջանյանը՝ նշելով, որ 2021-2022 թթ. խաղաշրջանի Առաջին խմբի առաջնությանը մասնակցում  են պրոֆեսիոնալ  հավաքականն ու աղջիկների թիմը /13-16տարեկան/:

Անդրադառնալով աղջիկների թիմի հաջողություններին, մարզիչն ընդգծեց, որ չորս հաղթանակ են գրանցել և առաջին հորիզոնականում են:

Առաջնությանը մասնակցող մյուս երեք թիմերը մանկապատանեկան են՝ 1-ին խմբում մինչև 17 տարեկան, 2-րդ խմբում մինչև 15 և 3-րդ խմբում մինչև 13 տարեկան ֆուտբոլիստներ:

-Մանկապատանեկան՝  մինչև 17տարեկան պատանիների թիմը, անցյալ՝ 2020-2021թթ. մրցաշարում դարձել է  ՀՀ պատանիների ֆուտբոլի առաջնության չեմպիոն՝ C խմբում:  Իսկ  Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կայացած միջազգային մրցաշարում եվրոպական 16 երկրների պատանիների ֆուտբոլի մրցույթում  2021թ. հունիսին նվաճել են  երկրորդ տեղը,-  մանկապատանեկան  թիմերի ձեռք բերած հաջողություններին անդրադառնալով՝ ընդգծեց մարզիչը:

Ի դեպ, մանկապատանեկան  այս թիմի նկատմամբ էր թշնամին վերջերս ահաբեկչություն իրականացրել:

Մարզչի հաղորդմամբ՝ թիմն այս օրերին մրցակցում է «Փյունիկ»-ի հետ:

ՀՀ Բարձրագույն լիգայի ուղեգիր նվաճելու  համար պայքարում են նաև  «Ուրարտու», «Փյունիկ», «Արարատ», «Շիրակ», «Սևան», «Սիսիան», «Չարենցավան» ու «Հրազդան», ինչպես նաև Երևանի տարբեր ֆուտբոլային  դպրոցների թիմեր: