ՀԱԹԵՐՔԻ ԴՊՐՈՑԻ ԹԻՄԸ` ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՂԹՈՂ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոկտեմբերի 15-ին եզրափակվեց ԱՀ դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադան, որին մասնակցում էր յոթ թիմ. Ստեփանակերտ քաղաքից` երեք և Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի ու Շուշիի շրջանների դպրոցական թիմերը:
Երկօրյա մրցումների արդյունքներով հաղթեց Մարտակերտի շրջանը ներկայացնող Հաթերքի միջնակարգ դպրոցի թիմը/17,5 միավոր/: Երկրորդ տեղը զբաղեցրեց Ստեփանակերտի հ. 10 դպրոցի թիմը/15,5մ./, երրորդ տեղը` Մարտունու հ. 1 միջնակարգ հոսքային դպրոցի թիմը: Մրցանակային տեղեր գրաված թիմերը, մարզիկներն ու մարզիչները պարգևատրվեցին ԱՀ ԿԳՄՍՆ դիպլոմով, մեդալներով և դրամական պարգևով: Մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցրած Հաթերքի դպրոցի թիմն արժանացավ նաև գավաթի: Ի դեպ, թիմն արդեն երրորդ անգամ է արժանանում այդ պարգևին: Մասնակից մյուս թիմերը պարգևատրվեցին նախարարության պատվոգրով:
Պարգևատրվեցին նաև անհատական արդյունքներով լավագույն շախմատիստները: Աղջիկներից լավագույն արդյունք է ցուցաբերել Արիաննա Մաթևոսյանը` Հաթերքի թիմից, տղաների մեջ` 10-րդ դպրոցի թիմի անդամ Դավիթ Գրիգորյանը: Պարգևները հանձնեց ԱՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչ Բեյբուդ Մելքումյանը: Նա հայտնեց նաև, որ Հաթերքի թիմը` որպես հաղթող, կմասնակցի Երևանում հոկտեմբերի 26-29-ը կայանալիք ՀՀ դպրոցականների շախմատի հանրապետական օլիմպիադային, որին կմասնակցի 16 թիմ` Երևանից, մարզերից և Ջավախքից: