[ARM]     [RUS]     [ENG]

ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԿԳՈՐԾԻ ԱՄՍԻՑ ԱՎԵԼԻ

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 Ստեփանակերտի պատկերասրահում հոկտեմբերի 15-ին բացվեց ՙԸնծա և Մաչանենց հավաքածու՚ ցուցահանդեսը (տնօրինության հրավերով), որը պայմանականորեն կարելի է բաժանել երկու սրահների. առաջինում ցուցադրված են Գևորգ Բաբախանյանի (Ընծայի) 31 և Վաչագան Ալոյանի 9 գեղանկարչական կտավները։ Երկրորդ (վերևի) սրահում ցուցադրված են Էջմիածնի Մաչանենց արվեստի կենտրոնում 7-րդ միջազգային սիմպոզիումին արտերկրից մասնակցած 10 և Հայաստանից ու Արցախից նկարիչների գործեր՝ թվով 67։ Ցուցահանդեսի բացմանը իրենց մասնակցությունն էին բերել Գևորգ Բաբախանյանը և Վաչագան Ալոյանը։

ՙԻմ նկարներում ամփոփված է մանկությունս, որը օգնում է ինձ ապրել նաև այսօր։ Ես սիրում եմ կյանքը միայն այն ժամանակ, երբ նայում եմ իմ մանկության կարմիր պատուհաններից։ Վրձնի յուրաքանչյուր հարված իմ աղոթքն է՚,-ելույթի ժամանակ արտահայտվեց Գ. Բաբախանյանը, որը նկարելուց զատ նաև ստեղծագործում է, գրում է սցենարներ, որոնց հիման վրա ներկայացումներ է բեմադրում։ Նրա պատերազմական թեմային նվիրված շարքը, ՙԱռաջին ձնծաղիկը՚, ՙՊաշտպանեք ինձ՚, ՙՄեռնող գարուն՚, ՙԶինվորը՚, ՙԿռիվ-կռիվ՚ և այլն, հեռու է պլակատայնությունից։ Վաչագանի մոտ գերակշռում են տաք գույները և ընտանիքի, մայրական, սիրո թեմաները՝ ՙՊապիս հետ սարերում՚, ՙՄայր ու մանուկ՚, ՙՏիրամայրը մանկան հետ՚, ՙՀնձվոր տղան՚, ՙՄի կայնքի պատմություն՚ և այլն։ Գեղանկարչական ցուցահանդեսը կգործի ավելի քան մեկ ամիս: