ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՆ ԱՄՓՈՓՎԵՑ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի 60-րդ տարեդարձի կապակցությամբ այս տարվա հոկտեմբերի 14-16-ն ԵՊԲՀ նիստերի դահլիճում, իսկ հոկտեմբերի 18-ին Ստեփանակերտի ՙԵվրոպա՚ հյուրանոցային համալիրի կոնֆերենց-դահլիճում կայացավ ՙՍտոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները՚ խորագրով միջազգային գիտաժողով։ ՀՀ ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ, ԱՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի ստոմատոլոգիայի գծով խորհրդատու, ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, բ.գ.դ., պրոֆեսոր Լազար Եսայանի խոսքով՝ այս գիտաժողովին արտերկրից մասնակցել են 26 դասախոս, իսկ ընդհանուր ներկայացվել է 35 դասախոսություն։
ՙԻնչպես միշտ ՀՀ ստոմատոլոգների ասոցիացիայի կողմից կազմակերպվող մեր բոլոր միջազգային գիտաժողովների մեկ օրն անց ենք կացնում Ստեփանակերտում։ Շուրջ 20 տարի է, ինչ մեր ասոցիացիան կազմակերպվող գիտաժողովներն ամփոփում է Ստեփանակերտում և այս անգամ նույնպես բացառություն չէ։ Շնորհակալություն եմ հայտնում ԱՀ առողջապահության նախարար Մ. Հայրիյանին՝ որպես միջոցառման համակազմակերպիչ, գիտաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար՚,-նշեց Լ. Եսայանը։
Արցախում կազմակերպված գիտաժողովին դասախոսություններով հանդես են եկել պրոֆեսոր Բեդրոս Յավրու Սակուկը (ԱՄՆ), ՌԴ-ից միոֆունկցիոնալ թերապևտ Վալենտինա Գեչան, ՀՀ ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Վահե Ազատյանը: Թեմաներն, ըստ մասնագետների, շատ հետաքրքիր էին, հիմնականում դրանք վերաբերում էին վաղ շրջանում բերանի խոռոչի ձևափոխումներին, արատների կանխարգելման գործընթացներին կամ միոֆունկցիոնալ թերապիային, լորձաթաղանթի թերապևտիկ ստոմատոլոգիային, օրթոդոնտիային։
ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին՝ երախտագիտություն հայտնելով Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Լ. Եսայանին և մյուս ներկայացուցիչներին, ովքեր ոչ միայն կազմակերպում են նման գիտաժողովներ, այլև մշտապես նպաստում են Արցախի ստոմատոլոգների հետբուհական կրթության զարգացմանը։ ՙԱրցախյան վերջին պատերազմում հայ ռազմաբժշկությունը և, առհասարակ, առողջապահական համակարգում ներգրավված բոլոր մասնագետները կատարել են անհնարին թվացող հսկայական աշխատանք: Իսկ ստոմատոլոգիական ծառայության արդիականացումն ու զարգացումը ԱՀ առողջապահության նախարարության մշտական ուշադրության կենտրոնում է: Համալրվել է բնակչությանը պետության կողմից անվճար ստոմատոլոգիական ծառայություններ մատուցվող կլինիկաների ցանկը: 2021թ. ապրիլից հնարավորություն է տրվել կլինիկաներին դառնալ ծրագրի շահառու: Համոզված եմ, որ այս համաժողովը զգալիորեն նպաստելու է մասնակիցների գիտելիքների զարգացմանը և այն կրելու է շարունակական բնույթ՚,-հավելեց Մ. Հայրիյանը:
Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Լ. Եսայանն իր խոսքում նշեց, որ ՀՀ ստոմատոլոգների ասոցիացիան արդեն երկար տարիներ համագործակցում և աշխատում է Ստեփանակերտի ստոմատոլոգների հետ ու, բացի միջազգային գիտաժողովներից, ԵՊԲՀ-ի հետ համատեղ անց են կացնում վերապատրաստման և հետդիպլոմային շարունակական կրթության ծրագրեր, սեմինարներ ու միջանկյալ գիտաժողովներ, որոնք շարունակական բնույթ կկրեն։ Իսկ Ստեփանակերտի հերթական միջազգային վեհաժողովին ԱՄՆ, ՌԴ և ՀՀ դասախոսների ու մասնագետների մասնակցությունը վկայում է, որ Արցախը եղել է, կա ու պիտի ապրի։ Նույն միտքը շարունակեց Ստեփանակերտի ՙԴենտեքս-դենտալ՚ ստոմատոլոգիական կլինիկայի գլխավոր բժիշկ, վաստակաշատ ստոմատոլոգ Աիդա Հարությունյանը. ՙԱրդեն քանիերորդ անգամ գիտաժողովի շարունակությունը տեղի է ունենում Արցախում, հատկապես հիմա՝ 44-օրյա պատերազմից մեկ տարի անց, ինչը շատ ողջունելի է։ Արտերկրից ժամանած փորձառու և վաստակաշատ մասնագետների այցը մեծ պատասխանատվության է մղում բոլորիս և նման միջոցառումը մի նոր խթան կհանդիսանա ԱՀ ստոմատոլոգների համար՝ ոլորտի նորագույն մեթոդներով առաջնորդվելու` ի շահ մեր բնակչության առողջության պահպանման՚։
Նյու Յորքի համալսարանի վիրաբուժական և վերականգնողական ստոմատոլոգիայի գծով կլինիկական պրոֆեսոր Բեդրոս Յավրու Սակուկն արդեն 49-րդ անգամ ՀՀ-ում և 12-րդ անգամն է ԱՀ-ում։ Նա հավաստեց, որ իրենք՝ սփյուռքահայերը, միշտ պատրաստ են այցելել ՀՀ և ԱՀ՝ օժանդակելու մասնագիտական և այլ կարողություններով։ Բեդրոս Յավրու Սակուկն իր ելույթում անդրադարձավ երեխաների շնչառական դիսֆունկցիաների (խանգարումներ) թեմային, դրա հետ առնչվող օրթոդոնտիկ խնդիրներին։ ՌԴ միոֆունկցիոնալ թերապևտ, Բժշկության և ստոմատոլոգիայի միոֆունկցիոնալ թերապիայի միջազգային ասոցիացիայի նախագահ Վալենտինա Գեչան ներկայացրեց ստոմատոլոգիայում կանխարգելիչ ախտորոշման մոտեցումները, ատամնածնոտային համակարգի խնդիրները, շնչառությանն ու ուղեղի աշխատանքին խանգարող գործոնները, բուժման ժամանակակից մեթոդները։ Ոլորտի նեղ մասնագիտական հարցերի շուրջ հանդես եկավ նաև ՀՀ ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ, բ. գ. թ. Վահե Ազատյանը։
Գիտաժողովին արծարծված թեմաների կապակցությամբ մասնակիցների կողմից հնչեցին հարցեր, կայացան ակտիվ քննարկումներ։