[ARM]     [RUS]     [ENG]

ՆԿԱՐԻՉԸ, ՈՎ ԿՅԱՆՔԻՆ ՆԱՅՈՒՄ Է ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՐՄԻՐ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻՑ

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Ստեփանակերտի պատկերասրահում հոկտեմբերի 15-ին տնօրինության հրավերով բացվեց ՙԸնծա և Մաչանենց հավաքածու՚ ցուցահանդեսը, որը պայմանականորեն կարելի է բաժանել երկու սրահների. առաջինում ցուցադրված են Գևորգ Բաբախանյանի (Ընծայի) 31 և Վաչագան Ալոյանի 9 գեղանկարչական կտավները, երկրորդ (վերևի) սրահում ցուցադրված են Էջմիածնի Մաչանենց արվեստի կենտրոնում կայացած 7-րդ միջազգային սիմպոզիումին արտերկրից մասնակցած 10 և Հայաստանից ու Արցախից նկարիչների գործեր՝ թվով 67։

Ցուցահանդեսի բացմանը իրենց մասնակցությունն էին բերել Գևորգ Բաբախանյանը և Վաչագան Ալոյանը։
Գ. Բաբախանյանը ծնվել է 1968-ին Հայաստանում։ 1985-1991թթ. սովորել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, ապա 1995-ին մեկնել է Իսրայել և ուսանել արվեստի և գեղանկարչության մասնավոր դասընթացներում։ Աշխատել է հայկական հոգևոր սեմինարիայում` որպես նկարչության ուսուցիչ։ 2009-ին ավարտել է Գեղեցիկ արվեստների ակադեմիան Վենետիկում (Իտալիա)։ 2010-ից Էջմիածնում ՙԸնծա՚ թատրոնի տնօրենն է։ Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Իտալիայում, Իսրայելում, Մալթայում, Ռուսաստանի Դաշնությունում, Հորդանանում։ Մասնակցել է խմբային ցուցահանդեսների ՀՀ-ում, Կանադայում, Վենետիկում, Միլանում, Ֆրանսիայում։
-Ցուցահանդեսի խորագիրն է ՙԸնծա և Մաչանենց հավաքածու՚։ Պատկերասրահի երկրորդ հարկում տեղավորված են Էջմիածնում հոկտեմբերի 1-7-ն անցկացված միջազգային սիմպոզիումի Մաչանենց հավաքածուից գործեր։ Ի՞նչ է իրենից ներկայացնում Մաչանենց տունը կամ կենտրոնը, և կարճ սիմպոզիումի մասին։
-7-րդ տարին է արդեն, ինչ Էջմիածնում գտնվող Մաչանենց (Բաբախանյան) կենտրոնում անց է կացվում ամենամյա սիմպոզիում։ Ամեն տարի Էջմիածին են գալիս նկարիչներ, արվեստագետներ աշխարհի 10-15 երկրներից։ Նախորդ տարի սիմպոզիումին մասնակցել է 60 նկարիչ, այս տարի թիվը ավելացավ, դարձավ 70։ Գեղարվեստի կենտրոնի և գիտաժողովի կազմակերպիչը Գրիգոր Մաչանենց-Բաբախանյանն է, գեղանկարիչ և պոետ, հինգ գրքի հեղինակ, զբաղվում է նաև լուսանկարչությամբ, մեր երեք եղբայրներից միջնեկն է։ Ես թատերական կրթություն ունեմ, բայց հիմնականում ինձ գեղանկարիչ եմ համարում: Չնայած Մաչանենց Տանը ունեմ իմ թատրոնը, որտեղ առ այսօր` որպես բեմադրիչ, ներկայացումներ եմ բեմադրում։ Եթե նկարելուց հոգնում եմ, անցնում եմ թատրոնին բայց գեղանկարչության մեջ ես ինձ ավելի անկախ եմ զգում։
-Հարցից չհեռանանք՝ սիմպոզիումի մասին։
-Սիմպոզիումը վճարովի է՝ 250-300 ԱՄՆ դոլար, միայն օտարների համար։ Մասնակիցներն իրենց գործերից՝ 2-3 աշխատանք, նվիրում են կենտրոնին։ Մուծված գումարի մեջ են մտնում կեցության և սննդի ծախսերը, Հայաստանի սահմաններում զբոսաշրջությունը, այցելություն տեսարժան վայրեր, տրամադրվում են կտավներ, ներկեր ստեղծագործելու համար, նաև անսպառ գինի, սուրճ և այլն։ Քանի որ 250-300 դոլարն այս ամենի համար քիչ է, պակասը լրացվում է նվիրված գործերի հետագա վաճառքից։ Ստեղծագործական մթնոլորտը, փոխադարձ շփումները, կազմակերպչական բարձր մակարդակը գրավիչ են դարձնում միջոցառումը, որը տևում է 7 օր։ Սիմպոզիումն արդեն բավականին ճանաչված է, մասնակիցների աշխարհագրությունը շատ լայն է, արտերկրի հետ համագործակցությունը սերտ։
-Մաչանենց ազգանվան ծագումը և Ձեր տոհմի արմատները։ Ճիշտն ասած, Ձեր մականունն էլ սովորական չէ։
-Դա մեր տոհմական անվանումն է, պապիկիս ասում էին Մաչանենց Ստեփան։ Արմատը պարսկերենից է, համբույր բառից։ 1828 թվականին մեր նախնիները Պարսկաստանից եկել հիմնավորվել են Էջմիածնում։ Ես երկար տարիներ սովորել եմ Երուսաղեմում, հոգևոր ճեմարանում, Ընծան իմ հոգևոր անունն է։ Հետո ես թողեցի հոգևոր ասպարեզը, գնացի սովորելու Վենետիկում, ապա վերադարձա Հայաստան, և այսօր ապրում ու ստեղծագործում եմ Էջմիածնում։
-Որտեղի՞ց է գալիս ստեղծագործող Ընծայի ոգեշնչումը։
-Իմ մանկությունից։ Ես սիրում եմ կյանքը միայն այն ժամանակ, երբ նայում եմ իմ մանկության կարմիր պատուհաններից։ Իմ նկարներն այսօր էլ ինձ օգնում են ապրել։ Եվ իմ վրձնի յուրաքանչյուր հարված իմ աղոթքն է առ Աստված։ Արվեստագետներ կան ոգեշնչումը գալիս է տիեզերքից, ոմանց մոտ՝ փիլիսոփայական ուսմունքներից, իմ ոգեշնչումը մանկությունից է։ Ցուցադրանքի մեջ ընդգծված է նաև պատերազմական թեման՝ ՙԱռաջին ձնծաղիկ՚, ՙՄեռնող գարուն՚, ՙԶինվորը՚, ՙԿռիվ-կռիվ՚, ՙՊատերազմ՚, ՙՊաշտպանեք ինձ՚…
-Ո՞րն է Ձեր վերջին բեմադրությունը։
-Աշխատում եմ մի հետաքրքիր մտահղացման շուրջ, բեմադրությունը կոչվում է ՙՄկների ժողով՚, բայց դա կապ չունի Աթաբեկ Խնկոյանի հայտնի գործի հետ։ Դա վերջին տարիների մեր քաղաքական կյանքի արձագանքն է, մեր ժամանակի սարկազմիկ վերլուծությունը։ Սցենարը ես եմ գրել։
-Ձեր արվեստը ինչքանո՞վ է քաղաքականացված։
-Լուրջ խնդիր է։ Ես հեռու եմ քաղաքականությունից, բայց այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է շրջապատում, չես կարող անտարբեր լինել։ Ցավոք, քաղաքականությունը մուտք է գործում արվեստ` անկախ քո կամքից, և երբեմն, գուցե թե շատ անգամ, խարխլում է հոգեկան աշխարհդ։ Արվեստագետը չի կարող համակերպվել, արվեստագետի համար մեծ ցավ է անզորության զգացումը։ Մի խոսքով, ուզած-չուզած քաղաքականության մեջ ես։
-Արցախը Ձեզ համար։
-Ես սիրահարված եմ մեր հայրենիքի այս հատվածին։ Ինձ թվում է, և ոչ միայն ինձ, որ Արցախում է հայի լավագույն տեսակը։ Ես շատ եմ եկել-գնացել, հատկապես Հադրութ։ Տեսել եմ 300-400-ամյա շինություններ, տներ, որոնց վրա գրված է՝ այս տունը կառուցեց կամոքն Աստծո և այլն, և այլն։ 17-18-րդ դարից կանգուն տներ կան։ Սա ուրիշ որակ է, սրանք ուրիշ արմատներ են։ Տողը, որտեղ ես ամիսներով եղել եմ, թատերական խումբ եմ ղեկավարել, թշնամու հսկողության տակ է։ Եկեղեցիները, մելիքական ապարանքի փշրանքները, որ հայոց պետականության վկայությունն են, արվեստի հրաշալի դպրոցը… Ազգի համար մեծ ցավ է, մեծ կորուստ։ 44-օրյա պատերազմը… Դատարկ փուչիկ էր, որ պայթեց, և մենք կանգնեցինք մերկ իրականության առջև։ Սա մեզ համար Աստծո ապտակն էր…