[ARM]     [RUS]     [ENG]

ԳՈՐԾԱՐԿՎԵՑ ԱՀ ԿԳՄՍՆ ԿԱՅՔԸ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Հոկտեմբերի 22-ին Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի ունեցավ ԱՀ ԿԳՄՍ նախարարության կայքի /edu.nk.am/ շնորհանդեսը: Նախարարության տեղեկատվական բաժնի ղեկավար Նարե Նիկողոսյանի խոսքով՝  կայքի գործարկումը նախատեսված էր 2020թ. ամռանը, սակայն պատերազմի, ապա նաև նախարարության կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով ձգձգվեց: Նախարարության նոր կայքի հեղինակները մեր դպրոցականներն են` Մարտունու շրջանի Հաղորտի գյուղից: ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանը շնորհավորելով նախարարության և «Ես» կրթական հիմնադրամի համագործակցության արդյունքում իրականացված նախագիծը, նշեց, որ այն աշակերտների նախագծային ուսուցման փայլուն օրինակ է։ Փոխնախարարը  շնորհակալություն հայտնեց աշակերտական թիմին ու «Ես» կրթական հիմնադրամի ղեկավար Աշոտ Ավանեսյանին, ով Մարտունու շրջանի մի շարք գյուղերի դպրոցներում ստեղծել է IT խմբակներ, որոնց շահառու աշակերտներն ու երիտասարդները տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ զարգանալու և աշխատելու հնարավորություն են ստանում: ԿԳՄՍՆ կայքը ներկայացրին ստեղծողները` Հաղորտու խմբից Արև Քարամյանն  ու Շուշան Մարտիրոսյանը: Նրանք նշեցին, որ  իրենց խումբը` չորս դպրոցականներ, առաջինն է ավարտել «Ես» կրթական հիմնադրամի ուսուցման 3-րդ փուլը և որպես մասնագիտություն  ընտրել ծրագրավորումը: Նրանք Հաղորտիում ստեղծել են «Start Systems» վեբ ընկերությունը և իրենց ղեկավար Աշոտ Ավանեսյանի միջոցով արդեն ստանում են պատվերներ: Աշոտ Ավանեսյանն ասաց, որ նախարարության կայքի ստեղծումը «Ես» հիմնադրամի առաջին լուրջ աշխատանքն է: Նա կարևորեց  այն հանգամանքը, որ պատվերը  հաջողությամբ իրագործել   են «Ես» կրթական ծրագրի դասընթացը դեռ լրիվությամբ չավարտած շահառուները, ովքեր  արդեն  այլ պատվերներ են ստացել և գործի կանցնեն ընկերությունը գրանցելուց հետո: ԿԳՄՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանը գերատեսչության կողմից դրամական պարգև հանձնեց կայքի հեղինակներին` կարևորելով տեղական արտադրանքին առաջնահերթություն տալու նախարարության ուղեգիծը: