[ARM]     [RUS]     [ENG]

Դարերով զուլալված հայ երգը միշտ հոգում․ երկրային կյանքից հեռացավ Նաիրուհի Ալավերդյանը

 

Կյանքի 80-րդ տարում կյանքից հեռացել է ԼՂՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստ Նաիրուհի Ալավերդյանը:

«Նրա տարերքը հայկական ժողովրդական, գուսանական երգերն էին, որոնք կատարում էր զուլալ ձայնով: Երգացանկի մաս կազմող արտասահմանյան երգերը նույնպես համ ու հոտ էին ստանում նրա կատարումներից»,- ցավակցական ուղերձում նշել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը: Սիրված երգչուհու մահվան կապակցությամբ՝ իր վշտակցությունն ու զորակցությունը հայտնելով ընտանիքի անդամներին, արվեստասեր հանրությանը, նախարարը մասնավորապես գրել է․ «Իր արվեստով 1970-80-ական թվականներին ազգերի բարեկամություն քարոզող երգչուհին 1980-ականների վերջերից երգում էր ազգային-ազատագրական երգեր: Արցախյան շարժման նրա մեկնությունն ու պայքարը հայ երգն էր, որը շուտով տեղափոխեց նկուղներ, այնուհետև զորամասեր: Ոչ միշտ ճաշակելով կյանքի քաղցրահամը` երգչուհին կամքի բացառիկ ուժով հաղթահարել է փոքր ու մեծ դժվարությունները, հոգևոր ու ֆիզիկական կորուստները: Տարանուն փորձությունները դիմակայելու նրա օրինակը կենսասիրության ազդակ էր, մինչև վերջ պայքարելու լիցքատու հնար»,- ասված է ԿԳՄՍ նախարարի ուղերձում։ Դժբախտ պատահարի հետևանքով Գերմանիայում երկարատև բուժումներից և վերականգնումից հետո տունդարձի ճանապարհին, երբ Շուշիի բարձունքից երևացել է Ստեփանակերտը, Նաիրուհի Ալավերդյանը չկարողանալով տիրապետել իր հորդ հուզումները, ասել է․ «Միայն «Ստեփանակերտ» երգը երգելու համար արժեր լինել երգչուհի և հայ»:

Մեջբերելով նաև երգչուհու այն խոսքը, որ «Գեղագետ-մանկավարժը կայացած կարող է համարվել, երբ իրեն գերազանցող սերունդ դաստիարակի», ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն իր ցավակցական ուղերձում համոզմունք է հայտնել, որ Նաիրուհի Ալավերդյանը երկար-երկար ապրելու է իր երգերով ու իր երգերը հավերժությանը փոխանցող սերունդներով:

Արցախյան բեմի թագուհի, Արցախի Սոխակ․ այսպես էին հաճախ բնութագրում Նաիրուհի Ալավերդյանին։

Ծնվել է 1941թ. հունիսի 25-ին, Ստեփանակերտում՝ գրող, թատերագետ Իսահակ Ալավերդյանի ընտանիքում: Ավարտել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական ուսումնարանը /1968թ./, իսկ 1980թ.՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Արցախի երգի-պարի անսամբլի մեներգչուհի-պարուհի էր՝ 1958թվականից, իսկ 1978-ից՝ «Ղարաբաղ» էստրադային անսամբլի մեներգչուհի: Արցախցի երգչուհու երգացանկում ընդգրկված էին ԱՊՀ և արտասահմանյան ժողովուրդների երգեր: Հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Իրանում և այլուր: Արժանացել է ՝ Արցախի ժողովրդական արտիստի կոչման /2000թ./, ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի /2001թ./, իսկ 2016թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

«Ես այնքան եմ տարված եղել պարարվեստով, որ չեմ էլ պատկերացրել, որ մի օր դառնալու եմ հանրահայտ երգչուհի: Ինձ միշտ թվացել է, որ պարն է իմ տարերքը: Երգարվեստը կարծես անծայրածիր մի օվկիանոս է, ուր մտնողը չի կարողանում հագեցնել իր ծարավը»,-հարցազրույցներից մեկում պատմել է Նաիրուհի Ալավերդյանն ու հավելել․ «Հայ երգը պիտի մանուկ հասակից սերմանվի մարդու մեջ»։

Պատրաստեց Լուսինե Շադյանը