[ARM]     [RUS]     [ENG]

ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է ՄԻԱԿԸ, ՈՐ ՈՉ ՄԻ ՍԱՀՄԱՆ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ...

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նոյեմբերի 22-ին Արցախի գիտական կենտրոնն իր հարկի տակ հյուրընկալեց ՀՀ ԳԱԱ պատվիրակությանը՝ Ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին ՀՀ ԳԱԱ չորս ինստիտուտների ղեկավարներ՝ ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանը, երկրաբանության ինստիտուտի՝ Խաչատուր Մելիքսեթյանը, արևելագիտության ինստիտուտի, Ռոբերտ Ղազարյանը և ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Սամվել Վարդապետյանը։

Արցախի գիտական կառույցի նիստերի դահլիճում` գիտաշխատողների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը ներկա էր ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը։

Ողջունելով հյուրերին՝ Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանն իրազեկեց, որ այցի շրջանակներում նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագրեր՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի չորս ինստիտուտների հետ, որոնց շրջանակներում Արցախի գիտական կառույցում կբացվեն նոր լաբորատորիաներ։ Նրա խոսքով՝ ակադեմիական ինստիտուտների ղեկավարները պատրաստակամ են իրենց նպաստը բերելու Արցախի գիտական կենտրոնի տարբեր ոլորտներում հետազոտական մտքի զարգացմանը։ <<Այս համագործակցությունն անմիջապես առնչվում է մեր երկրի գիտական և կրթական մարտահրավերներին, ինչն էլ իր հերթին ուղղակիորեն առնչվում է երկրի տնտեսության հիմնախնդիրներին, և այս առումով, վստահ եմ, որ դրանց արդյունքներն օգտակար կլինեն համապատասխան ոլորտներում մարտավարության մշակման արդյունավետության բարձրացմանը>>։ Ա. Սարգսյանն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ ԳԱ ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանին՝ Արցախի գիտական կենտրոնի ստեղծման, գիտական և գիտահետազոտական կարողությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար։

ՀՀ ԳԱԱ նախագահն իր ողջույնի խոսքում նշեց, որ որպես ակադեմիայի նախագահ երկրորդ անգամ է Արցախի գիտական կառույցում, ընդ որում՝ նախագահ ընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցի համար ընտրել է Արցախը։ <<Մենք բոլորս՝ գիտնականներ, գիտական կառույցների ղեկավարներ, նախարարներ, պատմաբաններ և ընդհանրապես ամբողջ հայ ազգը, անցած տարիներին պարտավոր էինք այնպես անել, որ Արցախի գիտական կենտրոնը դառնար հզոր կառույց՝ հայ ժողովրդի համար։ Այնինչ՝ 10-15 տարի առաջ ստեղծեցինք մեկ-երկու լաբորատորիա և բավարարվեցինք դրանով։ Ես գտնում եմ, որ  այս Կենտրոնը պետք է դառնա Գիտությունների ազգային ակադեմիայի փոքր մոդելն Արցախում։ Այն բոլոր ուղղությունները, որ զարգացնում ենք ՀՀ ԳԱԱ-ում, պետք է զարգացնենք այստեղ։ Ոչ մեկս իրավունք չունենք թույլ տալ, որ Արցախում գիտությունը <<մեռնի>>։

Լինելով ծագումով արցախցի՝ Ա. Սաղյանը հպարտությամբ նշեց, որ խորհրդային տարիներին հայազգի գիտնականների զգալի մասը եղել են Արցախից։ Այս երկրամասից են սերվել նաև ճանաչված բազմաթիվ հայ ռազմական գործիչներ, գեներալներ ու մարշալներ... <<Ու՞ր է այդ գենն  այսօր>>,- ցավով նշեց Ա. Սաղյանը։

Գիտության զարգացմանը մեծ խթան կարող է հանդիսանալ գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացումը, որ նախատեսվում է գալիք տարվա հունվարից՝ մոտ երկու անգամ, ինչը, ըստ Ա. Սաղյանի, դարձյալ քիչ է։ Մեկ այլ գաղափարի  մասին ևս իրազեկեց ՀՀ ԳԱԱ նախագահը. Արցախում նպատակ ունեն բացել Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցչություն։ Հարցը քննարկվել է նախագահությունում և եկել են այն եզրահանգման, որ առայժմ պետք է բացել միայն մեկ ներկայացուցչի հաստիք, որը կֆինանսավորվի ակադեմիայի նախագահության կողմից և որի գործառույթը կլինի ակտիվ համագործակցությունը՝ բոլոր ինստիտուտների հետ։

<<Ես խանդավառված եմ հենց Ձեր առաջին այցից, որովհետև զգացի, որ գիտության դիմագիծը փոխվում է Արցախում,- իր խոսքում ասաց ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը։- Մենք՝ ի դեմս երկրի բարձրագույն իշխանության, պատրաստ ենք զարգացնել գիտությունն Արցախում՝ նրա գիտական կառույցում։ Համոզված եմ` առաջիկայում կփոխվի դինամիկան հոդվածների տպագրության առումով, ինչպես նաև կունենանք գիտական արտադրություն՝ կաթնաթթվային բիոպրոդուկտի տեսքով։ Պետք է նորից արթնացնեք մեր գենը, քանզի ուրիշ ճանապարհ չկա։ Գիտությունն է, որ ոչ մի սահման չի ճանաչում, և այս առումով պետք է ստեղծենք այնպիսի գիտելիք, որը ոչ միայն պետք է հատի բոլոր սահմանները, այլև կդառնա մեր անվտանգության երաշխիքը։

Եկավ Հուշագրերի ստորագրման հանդիսավոր պահը. կողմերը`ԱՀ գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը և վերոնշյալ չորս ինստիտուտների տնօրեններն իրենց ստորագրություններով վավերացրին համագործակցության Հուշագրերը, որոնց շրջանակներում բավականին աշխատանքներ են նախատեսվում՝ ի նպաստ Արցախում գիտության զարգացման։