[ARM]     [RUS]     [ENG]

Հեռավար կրթություն. առանձնահատկություններ, խնդիրներ և առավելություններ

Նանիկ ԱՂԱՍՅԱՆ

Հարցազրույց Արցախի պետական համալսարանի որակի ապահովման կենտրոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Շուշանիկ Սաղյանի հետ

-Ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ համավարակի հետևանքով հեռավար կրթության անցնելը Արցախի պետական համալսարանի ուսումնական գործընթացի վրա։
- Հեռավար կրթությունը և տեղեկատվական տեխնոլոգիաների ստեղծված համակարգերը, ըստ էության, նաև հնարավորություն են ընձեռում՝ հասկանալու, թե մենք իրականում ինչ խնդիրներ ունենք։
Ինչպես մնացած հաստատություններում, այնպես էլ ԱրՊՀ-ում, հեռավար կրթությունն ստեղծեց լրացուցիչ խնդիրներ՝ մասամբ կասեցվեց ավանդական եղանակով ուսումնական գործընթացը և անհրաժեշտություն առաջացավ դիմելու այլընտրանքային միջոցների։
Մեր բուհում կրթական համակարգն ընդհանուր առմամբ չի խաթարվել, քանի որ Արցախի պետհամալսարանն ունի և՜ կանոնակարգային, և՜ տեխնիկական որոշակի հիմքեր` անհրաժեշտության դեպքում դիմելու այլընտրանքային միջոցների։ ԱրՊՀ-ն կարողացել է ստեղծված իրավիճակում գործունեությունը շարունակել ՙmeet՚ հարթակի միջոցով:
Այդ հնարավորությունից կարող են օգտվել նաև դպրոցները: Կարծում եմ, անհրաժեշտ է ստեղծել հեռավար ուսուցման համապատասխան համակարգ, միջավայր, որը կօգնի ուսուցչին պատվով հաղթահարել այս ընթացքը։ Այս առումով ԱրՊՀ-ն կարող է լինել նաև լավ խորհրդատու՝ փորձից ելնելով։
- ԱրՊՀ-ն պատրա՞ստ էր դասերը կազմակերպելու հեռավար ձևաչափով։
-Կարելի է ասել, որ ԱրՊՀ-ն պատշաճ մակարդակով պատրաստ է դասերը կազմակերպել հեռավար եղանակով, քանի որ արդեն ունի կանոնակարգված ծրագիր։ Հեռավար ուսուցման կազմակերպման այդ կանոնակարգով ԱրՊՀ-ում ստեղծվել են ստորաբաժանումներ, որոնց գործառույթների մեջ մտնում է հեռավար կրթությունը կազմակերպելն ու վերահսկելը։ Տեխնիկական վերահսկման համար ունենք հատուկ բաժին: Ուսումնական գործընթացի կազմակերպմանն աջակցում են որակի ապահովման կենտրոնը, ինչպես նաև գործում է վերահսկման բաժինը, որն ամենօրյա վերահսկողական աշխատանքներ է կատարում, որպեսզի դասընթացներն ըստ դասացուցակի իրականացվեն։
Համաձայն հեռավար ուսուցման կարգի՝ ԱրՊՀ-ում առցանց դասերը պետք է իրականացվեն google for education կրթական համակարգի ընձեռած ՙmeet՚ գործիքով։
Դիմել այլընտրանքային միջոցների (դա կլինի ՙzoom՚-ը կամ մի որևէ այլ համակարգ)` կախված է որոշակի օբյեկտիվ խնդիրներից, որոնցից Արցախում առաջնային է կապի խնդիրը։

-Ի՞նչ խնդիրներ առաջ բերեց հեռավար կրթությունը։
- Արցախում այսօր հեռավար կրթության հիմնական խնդիրը կարելի համարել ցանցայինը։ Կան բնակավայրեր, որոնք դեռևս լիարժեք ապահովված չեն համապատասխան կապով, իսկ մեր ուսանողների ճնշող մեծամասնությունը շրջկենտրոններից ու գյուղական բնակավայրերից է։ Խնդիրներից խուսափելու համար ուսումնամեթոդական նյութերը նախօրոք տրվում են ուսանողներին, տեղադրվում յուրաքանչյուր դասընթացին հատկացված հարթակում, որտեղից ուսանողը հեշտությամբ կարողանում է օգտվել։ Բավականին արդյունավետ միջոց է նյութը ձայնագրելը և ուսանողին ուղարկելը։
Սուբյեկտիվ դժվարություններից կարելի է առանձնացնել պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի վերապատրաստման հարցը։ Խնդիրներ կան կապված ոչ միայն ՙmeet՚ գործիքի հետ, այլև դասապրոցեսն արդյունավետ կազմակերպելու գործում։ ԱրՊՀ-ն այս խնդիրները կկարողանա լուծել ընդամենը ամիսների ընթացքում, քանի որ ունի համապատասխան ռեսուրսներ: Կրթական համակարգում նման խնդիրները բնորոշ են նաև դպրոցներին:

-Որո՞նք են հեռավար կրթության առանձնահատկությունները. դրական և բացասական կողմերը։
- Ուսանողին հեռավար ձևաչափը հնարավորություն է ընձեռում լրացուցիչ կրթություն ստանալ, ինչն առավելություն է։ Հեռավար կրթությունն արտակարգ իրավիճակում մեզ օգնում է չկտրվել ուսումնական գործընթացից։
Այն նաև շատ հետաքրքիր յուրահատկություն ունի, որը չէր նկատվում լսարանում. կրթական այս մոդելում ինքնուրույնությամբ օժտված ուսանողներն իսկույն աչքի են ընկնում։ Այն ուսանողները, որոնք ինքնակազմակերպվելու, ինքնուրույն սովորելու կարողություն ունեն, ավելի արագ են ինքնադրսևորվում այս հարթակում։ Ավանդական եղանակով ուսուցման դեպքում շեշտը դրվում է հավաքած միավորների վրա, իսկ հեռավարի՝ ինքնակազմակերպվածության բարձր և ցածր մակարդակների։
-Ի՞նչ պետք է արվի հեռավար կրթության որակի ապահովման և բարձրացման համար։
-Հեռավար կրթության որակի բարձրացման համար անհրաժեշտ է ամենօրյա, պարբերական, հետևողական աշխատանք։ Դրանք կարող են լինել վերապատրաստումների ձևաչափով, խորհրդատվություններ և ամբիոնային լայն քննարկումներ կազմակերպելով, պրակտիկ աշխատանքներ` յուրաքանչյուր դասախոսի հետ: Արդյունքում երևան կգան առաջացած խնդիրներն ու նաև յուրահատկությունները։
-Ըստ Ձեզ, մասնավորապես ԱրՊՀ-ն, դասերը հեռավար կազմակերպելով, հաջողություն կարո՞ղ է գրանցել։
-ԱրՊՀ-ն արձանագրել է, որ ի վիճակի է այս հարթակում գոյատևել, զարգանալ ու որոշակի ժամանակ անց նաև որակով ներկայանալ։ Երևույթն արցախցիներիս համար նոր է և կայունությանն արագ հասնելն անհնար է, հետևաբար ժամանակ է պահանջվում, իսկ այդ ժամանակը մեզ պիտի տրվի։

-Հնարավո՞ր է, որ դասերն ավանդական ձևով վերսկսելուց հետո գործի նաև հեռավար ձևաչափը կամ դրանց ընտրությունը լինի կամովի` ուսանողների հայեցողությամբ։
-Մագիստրոսական խմբում սեպտեմբերից գործում է հիբրիդ ուսուցումը` մագիստրանտների կամավոր ընտրության հիման վրա։ Վերահսկողության արդյունքում, մեծամասամբ, դրական արդյունք է արձանագրվել։
Այլ մոտեցում է բակալավրիատում։ Փորձի պակասի պատճառով ցանկալի է, որպեսզի դասերը կազմակերպվեն ավանդական ձևով։ Բացի այդ, խնդիր է նաև այն, որ որոշ առարկանների ուսուցումը, որոշակի հատկություններից ելնելով, լսարան է պահանջում։ Այսինքն՝ ոչ արտակարգ իրավիճակում հեռավար կրթության դիմե՞լ, թե՞ չդիմելը բխում է տվյալ մասնագիտության յուրահատկություններից։
-Հեռավար կրթության արդյունավետության բարձրացման առաջարկներ ունե՞ք։
-Կարող եմ դիտարկում կատարել. հեռավար կրթությունը հրաշալի այլընտրանքային միջոց է։ Իհարկե, ոչ հիմնական, ինչի մասին նաև ողջ աշխարհում են նշում։ Սակայն ոչ ֆորմալ կրթության և երկրորդ մասնագիտություն ստանալու համար այն հիմնական միջոց-հնարավորություն է։ Այս կերպ նաև չեզոքանում են հեռավորություն ու սահմաններ հաղթահարելու հետ կապված խնդիրները. մի պետությունից հնարավորություն է ընձեռվում մյուսում սովորել, գիտելիք ստանալ և փորձ փոխանակել։ Այս առումով՝ հեռավար կրթությունն անփոխարինելի է։