[ARM]     [RUS]     [ENG]

ԳՐԱԳԻՏՈՒՆԻԿՆԵՐ․ ԱԿՈՒՄԲ՝ ՔԵՐԹ ԳՅՈՒՂՈՒՄ

 
Անի Մանգասարյան
 
Արցախի Մարտունու շրջանի Քերթ գյուղում ընթերցասերների համար կբացվի <<Գրագիտունիկներ>> ակումբը: Նախագծի մտահղացումը հադրութցի մանկավարժ, բանաստեղծ Վիտալի Պետրոսյանինն է, ով <<Դասավանդիր Հայաստան>> ծրագրով այժմ աշխատում է Քերթի Կոմիտաս Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցում։ -Լինելով Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ՝ ես միշտ կարևորել եմ աշակերտի անձնական աճի ու գիտելիքների զարգացումը ընթերցանության միջոցով, բայց, ինչպես գիտենք, գյուղական գրադարանները շատ աղքատիկ են: Այն, որ դպրոցում արդեն իսկ ընթերցանության նկատմամբ հետաքրքրություն է առաջացել, փաստ է, բայց մենք չենք բավարարվում միայն դրանով։ Ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի խթանելու խնդրի լուծումը տեսնում ենք ընթերցասերների ակումբ բացելու միջոցով,-<<Ազատ Արցախ>>-ի հետ զրույցում ասաց Վիտալի Պետրոսյանը՝ հավելելով, որ ընթերցասերների ակումբի գրադարանը ժամանակակից գրականությամբ համալրելու կարիք ունի, որի համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ /100 հազար դրամ գումար/։
 
Աջակցության խնդրանքով՝ Վիտալի Պետրոսյանն օրերս ֆեյսբուքյան գրառում էր կատարել:Այն բավականին արձագանք գտավ: - Ընթերցող մարդը միշտ էլ ընթերցել է ու ընթերցում է, անկախ հանգամանքներից: Մենք նման դեպքերում միշտ համացանցային դարաշրջանի ու համացանցի վրա ենք բարդում մեղքը: Ես համաձայն չեմ։ Համացանցը մեղավոր չէ, որ շատերի համար ընթերցելը նորաձև չէ: Բայց ի՞նչ ենք անում մենք՝ ընթերցողներս, գիրքը նորաձև դարձնելու համար: Կարծում եմ, ամենահավանական լուծումն այս նախագիծն է՝ ընթերցանության խմբակի շրջանակներում,- ասաց Վիտալի Պետրոսյանը: Նրա խոսքով ՝ ակումբը դեռ չի գործում,սակայն ընթերցանության խմբակն արդեն իսկ տալիս է իր արդյունքները. բոլորն ընթերցում են, անգամ այն աշակերտները, որոնք հատուկ սեր չունեին ընթերցանության հանդեպ: - Ակումբն ավելի կաշխուժացնի ընթերցանության նկատմամբ ստեղծված մթնոլորտը, որին մենք ուզում ենք մասնակից դարձնել նաև ծնողներին ու համայնքի բնակչությանը,-ասաց Վ.Պետրոսյանը: Նախագիծը, ըստ հեղինակի, կարելի է ասել հիմնված է ընթերցանության խմբակի և <<Դասավանդի՛ր, Հայաստան>> -ի փորձարարությունների ուսումնառության համատեղման վրա։ Ընթերցանության խմբակի շրջանակներում համագործակցում են ՀՀ-ում գործող <<Զարթնիր>> հասարակական կազմակերպության հետ: Երեխաներին տրամադրում են ժամանակակից, հիմնականում արտասահմանյան գրականություն, ոչ միայն ընթերցելու, այլև տարաբնույթ քննարկումներ և խաղեր կազմակերպելու համար: Քերթի Կոմիտաս Հակոբյանի անվան միջն. դպրոցի աշակերտների <<Գրագիտունիկներ>> նախագծին աջակցում է նաև <<Համազգային հայ կրթական և մշակութային միության>> Հայաստանի և Արցախի գրասենյակները, ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը և մի խումբ անհատներ: