Թովմաս ՊՈՂՈՍՅԱՆ. ՙԱՐՑԱԽԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ԱՄԵՆ ՀԱՅԻ ՀԱՄԱՐ ՍՐՏԻ ԶԱՐԿԵՐԱԿ Է՚
Հուլիսի 22-25-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարեգործական համերգներով հանդես եկավ ՀՀ հանրային ռադիոընկերության ՙՍայաթ¬Նովա՚ աշուղական երգի վաստակավոր համույթը՝ գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ։ Համույթն առաջին անգամ չէր Ղարաբաղում, նա հյուրընկալվել, սիրվել է, և արցախցի հանդիսատեսը միշտ սպասում է առնչվելու, հաղորդակցվելու աշուղական բարձր արվեստին։
Այս անգամ հյուրախաղերի շրջանակներն ընդգրկել էին նաև հանրապետության շրջանները։ Համույթի ելույթները սկսվեցին Շուշիից, այնուհետև՝ Ստեփանակերտ, Հադրութ, տարբեր զորամասեր, և ավարտվեցին Շուշիում տեղակայված զորամասում։
Ներկայացնում ենք մեր հարցազրույցը Թովմաս ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ։
-Անցյալ տարի, երբ մեկ համերգով հանդես եկաք մայրաքաղաք Ստեփանակերտում, հարցազրույցի ժամանակ ասացիք, որ կգաք ավելի երկար ժամանակով, և Ձեր խոսքի տերը եղաք...
- Սա իմ ուխտն է՝ գալ Արցախ՝ մեր հզոր երգարվեստով քաջալերելու, խրախուսելու, ոգևորելու, ամրապնդելու հոգեպես հզոր արցախցուն, ոգին բարձրացնելու, որ ամուր մնա իր հողի վրա, իր հողի տերը մնա ու ապրի այդ վսեմ զգացողությամբ։ Ճիշտ է, հրադադար է, բայց մենք գտնվում ենք պատերազմի մեջ, քանզի մեր թշնամին ծայրահեղ անվստահելի և հեղհեղուկ տարր է, և մենք պետք է աչալուրջ լինենք։ Մենք որպես Հայաստանի հանրային ռադիոյի պետական կոլեկտիվ՝ աշխատում ենք հնարավորինն անել, գալ ու հայ զինվորին խրախուսել, ոգեշնչել, որ նա հաստատ լինի իր կոչման և ծառայության մեջ։ Այսինքն՝ նվիրումով ծառայի հայրենիքին, նրա սահմանների ապահովությանը, նրա խաղաղությանն ու անդորրին։ Այս տարի մեր այցելությունը մի այլ խորհուրդ էլ ունի. տարին հոբելյանական է, նշում ենք Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակը, որին նվիրված են մեր ելույթները։ Սայաթ-Նովան հայրենիք է, ինչպես Հայաստանը, Արցախը, սուրբ Էջմիածինը, Արարատ լեռն ու Կոմիտասը։ Սայաթ-Նովայով կարող ենք լիիրավ ներկայանալ քաղաքակրթությանը և ասել՝ տեսեք, ճանաչեք՝ մենք սա ենք։
- Անցած մեկ տարվա կտրվածքով Ձեր գործունեության մասին պատմեք, խնդրեմ։
- Այս տարի ես՝ որպես ՙՍայաթ-Նովա մշակութային միության՚ հիմնադիր-նախագահ, նախատեսել եմ շրջագայել Հայաստանի և Արցախի բնակավայրերով, զորամասերով։ Արդեն Երևանում ունեցել ենք մի քանի մեծ համերգներ, մեծ շուքով նշել ենք Սայաթ-Նովայի հոգևոր ուսուցչի՝ Նաղաշ Հովնաթանի ծննդյան 350-ամյակը, վերականգնել ենք նրա երգերից ութը, իսկ մինչ այդ նրանից մեր ժողովրդին հայտնի էր միայն ՙՎրաստանա գոզալները՚ երգը։
Հրատարակության ենք պատրաստում և մոտ ժամանակներս կտպագրվի Սայաթ-Նովայի երգերի մինչ այսօր մեզ հայտնի լիակատար ժողովածուն՝ նոտագրված, որը վերջին անգամ 1963¬ին է հրատարակվել Շարա Տալյանի և Մուշեղ Աղայանի կողմից, 24 մեղեդիով, իսկ մենք՝ 31 մեղեդիով։ Հրատարակության ենք պատրաստում ՙՍայաթ-Նովան աշուղների խաղերի մեջ՚ անցյալի և մեր ժամանակների աշուղների ձոներգերը։ Աշնանը մեկամսյա մեծ շրջագայություն ունենք Ռուսաստանի Դաշնության կենտրոնական մասում, որտեղ կան հայահոծ համայնքներ։ Հոկտեմբերի վերջերին իրականացնելու ենք միջազգային փառատոն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ՝ Հայաստան-Վրաստան տարածաշրջանում, ինչպես նաև Սայաթ-Նովային նվիրված միջազգային գիտաժողով։ Այս մեծ ծրագրերին զուգընթաց՝ համերգային շրջագայություններ Հայաստանում, Արցախում, Սփյուռքի տարբեր համայնքներում։
- Շոու-բիզնեսի ծաղկման այս ժամանակներում ՙՍայաթ-Նովա՚ աշուղական համույթն ինչպե՞ս է ապահովում իր գործունեությունը։
- Այս տարվա հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր ուշադրությամբ և հանրային ռադիոյի գլխավոր տնօրենի բարի կամքի դրսևորմամբ ՙՍայաթ-Նովա՚ աշուղական երգի վաստակավոր համույթը վերականգնվեց ռադիոյի համակարգում իր նախկին կարգավիճակով, այսինքն, այսօր նորից մենք ունենք պետական հովանավորություն, որը շատ կարևոր եմ համարում ոչ միայն նյութական իմաստով, այլև՝ բարոյական։
Անշուշտ, կատարվածը նպաստելու է համույթի գործունեությանը։ Դժվարին օրեր շատ ապրեցինք, քանի որ համույթը վերականգնվեց 1992թ. փետրվարի վերջին, երբ Արցախում դաժան պատերազմ էր, Հայաստանում քանդվում էին համույթներ, գործարաններ, երկիրը տնտեսապես անկում էր ապրում, և հանկարծ այս ամենի մեջ մի նոր ծիլ է ի հայտ գալիս՝ ՙՍայաթ-Նովա՚ համույթը, որը 20 տարիների գործունեությունը դադարեցնելուց հետո ոտքի է կանգնում, այն էլ՝ այդ ծանր օրերին։ Դժվարություններն, անշուշտ, մնացել են հետևում, և այսօր մենք մեծ պարտավորություն ունենք. հայ աշուղական արվեստը պատշաճ, բարձր մակարդակով ներկայացնել մեր ժողովրդին, քարոզել և ազգային արվեստով ապրեցնել ու դաստիարակել այսօրվա և գալիք սերունդներին։
- Դուք ասացիք՝ ՙբարձր մակարդակով ներկայացնել՚։ Ի՞նչ աշխատանքներ են տարվում աշուղական արվեստն անաղարտ պահելու, մաքուր, նախնական ձևով հնչեցնելու համար։ Չէ՞ որ լսարան գրավելու համար աշուղական երգերը երբեմն, այսպես ասած, մոդեռնացվում են, և որոշ երաժիշտ-մասնագետների կողմից կարծես թե այդ երևույթն արդարացվում է։ Ձեր կարծիքը։
- Ցավոք, վերջին երկու տասնամյակների ընթացքում, երբ մենք դարձանք մեր հայրենիքի, մեր ժողովրդի ճակատագրի տերը, այնուամենայնիվ, շատ ու շատ ասպարեզներ մնացին անուշադրության մատնված, մեր ժողովրդի մի մեծ զանգված ապրեց գեղագիտական ճաշակի չափազանց մեծ անկում։ Եվ, ցավոք, միջակությունները, անարժեքությունները եկան ու գրավեցին մեր ազգային արժեքների տեղը։ Պատկառելի համերգասրահները, որտեղ ելույթ են ունեցել մեր ժողովրդի, ինչպես նաև աշխարհի մեծատաղանդ արվեստագետները, տրամադրվեցին ՙքեֆի՚ երգիչներին, և դահլիճում էլ հավաքվում էր քեֆային մտայնությամբ ապրող մի զանգված, որի համար Սայաթ-Նովայից, Ջիվանուց ավելի կարևոր էին ՙտաշի-տուշիները՚։
Մեծ կորուստ էր, բարոյական մեծ նահանջ, որ ապրել է մեր ժողովրդի ստվար մի զանգված։ Եվ այս պայմաններում առավել քան արժևորվում է պրոֆեսիոնալ արվեստագետների դերը, որոնք մեծամասամբ զրկված էին եթերից. այնտեղից հնչում էր հեղհեղուկ, անարժեք երաժշտություն, թվացյալ մոդեռն ու իբր պահանջարկ ներկայացնող։ Ես մոդեռնացման դեմ չեմ. Սայաթ-Նովան այսօր կարելի է հնչեցնել նաև մեր ժամանակների պահանջներին համահունչ, ինչու չէ, երգերը կարող են հնչել էստրադային որևէ ժանրի մեջ, միայն թե դա պիտի արվի պրոֆեսիոնալ ձևով, ճաշակով, արվեստագետների կողմից։ Հաճախ Սայաթ-Նովա կատարում են մարդիկ, ովքեր շատ հեռու են նրանից, չգիտեն ինչի մասին են երգում, աղավաղում են բուն մեղեդին՝ դրանք ներկայացնելով իբրև նոր մեկնաբանություն։ Պարզապես ծիծաղելի է և ոչ վայել հայ ժողովրդին, որ տվել է Նարեկացի ու Դավիթ Անհաղթ, Շնորհալի և Կոմիտաս, Թումանյան և Իսահակյան։ Այդ երևույթը ներկայացվում է որպես շոու-բիզնես, բայց աշխարհում կա լուրջ, պրոֆեսիոնալ շոու-բիզնես, որից մենք շատ հեռու ենք։
- Վերջին ժամանակներս հասարակության մեջ կարծես հետաքրքրության ալիք է բարձրանում դեպի ժողովրդական և աշուղական արվեստը։
- Ես միշտ ասում եմ՝ ամենամեծ բացթողումն այն է, որ եթերում մեր ազգային արժեքներին քիչ է տեղ տրվում։ Վստահ եղեք, որ ժողովրդի մեջ շատ են այն մարդիկ, որ ապրում են Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Ջիվանու, Շերամի երգերի կարոտով։ Ադամանդին երբեք չի կարող փոխարինել փայլփլուն ապակին։
- Վարպետ, մեր նախորդ հանդիպմանը ասել էիք, որ շրջագայությունների համար նոր ծրագրեր եք պատրաստելու։
- Երգացանկում հիմնական տեղ ունի Սայաթ-Նովան, այլ աշուղներ, բայց քանի որ զորամասերում էինք հանդես գալու, մեծ տեղ ենք տվել ազգային-հայրենասիրական երգերին։ Մեր այս շրջագայությունները որքան էլ նվիրված են Սայաթ-Նովային, այնուամենայնիվ, Սայաթ-Նովայից զատ ընդգրկել ենք ազգային-հայրենասիրական երգեր, որովհետև դրանք են, որ պետք է մարտականորեն քաջալերեն հայ զինվորին։ Այդ երգերն էին, որ արցախյան ազգային-ազատագրական պայքարի ժամանակ ոգեշնչելով հայ զինվորին՝ տարան ճակատ, և որի պսակը եղավ մեր հաղթանակը, հայոց երկրի այս հատվածի ազատագրումը, որը դարերի երազանք էր մեր անցյալ արժանավորների համար։
- Սայաթ-Նովա, Ջիվանի, Հավասի... Չհնացող արվեստ են ստեղծել, գլուխգործոցներ։ Թվում է, թե նոր ժամանակները բարենպաստ չեն նոր աշուղներ ասպարեզ բերելու համար։
- Գիտեք, բարենպաստ ասվածը հարաբերական է, նաև կարծիք կա, որ ապահով մարդն այնքան էլ ստեղծագործական ոգևորություն չի ապրում։ Սիրո մասին գրողը սիրո տառապանք ապրած պիտի լինի։ Այդպես էլ աշուղական արվեստը սիրո արվեստ է, և այսօր էլ, վաղն էլ աշուղներ լինելու են և ստեղծագործելու են։ Պարզապես ասպարեզը պիտի տեր ունենա, նվիրյալ ունենա, համախմբի այդ մարդկանց և կարելին ու հնարավորը անի, որպեսզի խթանի նրանց գործունեությունը, ստեղծագործական ձիրքերը։ Մենք ունենք աշուղների միություն, որի կազմում չորս տասնյակ աշուղներ են, ավագը՝ 80 տարեկան, 20 և ավելի տարիք ունեցող երիտասարդներ ունենք, և, իհարկե, մեծ թիվ են կազմում միջին տարիք ունեցողները։ Հետաքրքիրն այն է, որ անցյալում մենք մատների վրա հաշված կին-աշուղներ ենք ունեցել, իսկ այսօր շատ են, պատճառը համարում եմ կյանքի պայմանների փոփոխությունները։ Անցյալում հայ կինը շատ ավելի ծանրաբեռնված է եղել ընտանիքում, իսկ այսօր նա հասցնում է նաև ապրել ստեղծագործական կյանքով։
- Այս այցելությունից Ձեր տպավորությունը։
- Արցախ աշխարհն ամեն հայի համար սրտի զարկերակ է։ Արցախի խաղաղությունը, այսօրվա ապահով և ծաղկող վիճակը բոլորիս սրտի թրթիռն ու հուզմունքն են։ Ամեն անգամ այցելելիս, երբ տեսնում եմ մի նոր կառույց, որևէ բնագավառ ավելի կարգավորված, մեր քաղաքների ու շեների բարեկարգ, մաքուր վիճակը, անսահման ուրախություն եմ ապրում։ Բայց տխրում եմ, երբ տեսնում եմ, որ չքավորությունը նկատելի է։ Տխրում եմ՝ մտածելով, թե ինչպե՞ս է, որ անցյալում օտարի լծի տակ էինք, բայց մեր կյանքը տնտեսական առումով ավելի ապահով էր, իսկ այսօր, երբ մենք ենք տանտերը, այլ է պատկերը՝ ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ...
- Ձեր բարեմաղթանքները, Վարպետ։
- Աշուղական արվեստը սիրո արվեստ է, աշուղական երգը, նախևառաջ, սիրո երգ է։ Ես մաղթում եմ, որ մեր բերած երգերը մեր ժողովրդի մեջ սերն ավելացնեն։ Իրար սիրելով, հանդուրժելով, իրար նեցուկ և ապավեն լինելով՝ շենացնենք հայոց Արցախական աշխարհը։ Սա ոչ թե երազանք է, այլ տեսիլք, պահպանենք այս տեսիլքը՝ հար ու հարատև։ Մեր անցյալի մեծերը հեռացան աշխարհից՝ այս տեսիլքը տեսնելու երազանքով, ուրեմն՝ որքա՛ն բախտավոր, որքա՛ն երջանիկ սերունդ ենք մենք... Եվ մենք մեծություն ունենք վայելելու այդ տեսիլքը նաև մեր անցյալի մեծերի փոխարեն։ Կարողանա՜նք այս տեսիլքը հոգու կապով փոխանցել նրանց անմահ հոգիներին։
Մաղթանքս է, որ Աստված հարատև խաղաղության և ապահովության մեջ պահի Հայաստան աշխարհը, Արցախ աշխարհը։ Մեր ժողովրդին ամուր պահի մեր սուրբ հողի վրա։ Հայ զինվորի բազուկն աներեր պահի անարգ թշնամու առաջ։ Աչքի լույսի նման երկյուղածությամբ ու ակնածանքով վերաբերվենք հայ երիտասարդին, որն իր նվիրական ծառայությունն է բերում հայոց բանակին։
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ