ԱՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՈՎ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դեկտեմբերի 21-ին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը մամուլի ասուլիս է հրավիրել, որտեղ ամփոփել է համակարգում 2021թ. կատարված աշխատանքները:
Լ. Ղարախանյանը նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված ծանր պայմաններում է համակարգն վերսկսել իր աշխատանքները և, ըստ էության, շարունակում է արտակարգ պայմաններում աշխատել: Պատերազմից անմիջապես հետո առաջնահերթը Արցախի` թշնամու կողմից օկուպացված տարածքներից տեղահանված աշակերտների կարիքների և 1617 ուսուցչի հաշվառումն էր այստեղ և ՀՀ-ում: Օրակարգ է մտցվել վերջիններիս աշխատանքով ապահովելու խնդիրը: Նախարարը հորդորել է ժամավճարով և համատեղության կարգով աշխատող պետական պաշտոնյաներին հրաժարվել իրենց ժամաքանակից՝ հօգուտ տեղահանված ուսուցիչների: Նրանց մի մասն արժանապատվորեն անսացել է նախարարի կոչին: Այս և այլ տարբերակներով հաջողվել է ԱՀ տարբեր դպրոցներում աշխատանքի տեղավորել 82 ուսուցչի և 18 ուսումնաօժանդակ աշխատողի: Նմանապես մյուս ոլորտներում թափուր տեղերը հատկացվել են տեղահանված մասնագետներին:
Հաջողված քայլ էր Շուշիի և Հադրութի հանրակրթական, արվեստի դպրոցների ու մանկապարտեզների, ՙԵզնիկ Մոզյան՚ արհեստագործական ուսումնարանի, հումանիտար քոլեջի, տեխնոլոգիական համալսարանի, Դ. Ղազարյանի անվան երաժշտական մասնագիտացված հանրակրթական դպրոցի վերաբացումը Ստեփանակերտում:
Հաշվառվել և գույքագրվել են կրթագիտական, մշակութային և մարզական կորուստները: 112 դպրոց օկուպացված է: Մեր հայրենիքի մեզ մնացած հատվածում մնացել է 108 դպրոց: Մինչև պատերազմը ունեցած 53 մանկապարտեզից 37-ն է հիմա մեր հսկողության ներքո: Զգալի գույքային կորուստներ ենք ունեցել. ՙԱրմաթ՚, քիմիայի, ֆիզիկայի լաբորատորիաներ, մաթեմատիկայի լրակազմեր, գրքեր: Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի շրջաններում և Ստեփանակերտում վերականգնվել է հրթիռակոծված 20 դպրոց, 8 մանկապարտեզ: Բոլորն ապահովել են անհրաժեշտ գույքով: Մի քանի դպրոցներում դեռ շարունակվում են վերականգնման աշխատանքները:
Այս ամենը 98 տոկոսով արվել է բարեգործական միջոցներով: Նախարարն իր երախտագիտությունը հայտնեց Հայ կրթական հիմնարկությանը, ՀՕՄ-ին, աշխարհի տարբեր անկյուններում Հայ առաքելական եկեղեցու թևերին, առավելապես՝ ԱՄՆ և Գերմանիայի հոգևոր թեմերին, Ամենայն հայոց կաթողիկոսին, ՀԲԸՄ-ին: Աջակցել են ռուսական ՙՍպեշի կ դոբրու՚ ֆոնդը, Ռուսաստանի հայ համայնքները և այլն:
Նախարարությունը ձեռք է բերել հեռավար ուսուցման համար շուրջ 3000 գործիք պատերազմի ընթացքում և հետո, որից 800-ից ավելին տրամադրել է ՙԴասավանդի'ր, Հայաստան՚ հիմնադրամը և որի ներդրած փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության ծրագրով երեխաներն իրենց ուսուցիչ-առաջնորդների հետ համայնքային զարգացման ծրագրեր են կազմել, որոնք 19-ն են ու հերթով ֆինանսավորվում են տարբեր բարերարներից, ու այդ համայնքները զարգանում են:
Լ. Ղարախանյանն առանձնացրեց մի քանի կարևոր իրադարձություններ համակարգում: Դրանցից է ԱրՊՀ-ի ինստիտուցիոնալ հավատարմագրումը, ինչը նշանակում է, որ այն գրանցված է բուհերի էլեկտրոնային գրքամատյանում: Ասել է թե՝ արցախյան բուհը հատել է քաղաքական բոլոր սահմանափակումներն ու արհեստական պատնեշները և դուրս է գալիս միջազգային հարթակ:
Մյուս կարևոր իրադարձությունը ՙԱնտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր՚-ի հիմադրումն է՝ միջազգային չափանիշներով կրթական հաստատության ստեղծումը:
Երրորդը ՙԵրկարօրյա ծրագրի՚ ներդնումն է 14 համայնքում: Երկու տարվա ընթացքում բոլոր դպրոցները պետք է դառնան երկարօրյա, որը էականորեն ազդելու է կրթության բարեփոխումների վրա:
Ոչ ֆորմալ կրթամշակութային ծրագրերի իրականացման համար կարևոր հանգամանք է ՙՊոլ էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնի՚ բացումը:
Տարվա ընթացքում գյուղական դպրոցներում ստեղծվել է 5 ՙԱրմաթ՚ լաբորատորիա:
Գիտության զարգացմանը զարկ տալու համար հիշարժան է ՀՀ ԳԱԱ 7 ինստիտուտների հետ Արցախի գիտական կենտրոնի հետ սկիզբ առած համագործակցությունը:
Լ. Ղարախանյանը տարվա կարևոր միջոցառում է համարում Մայր Աթոռի կազմակերպած ՙՄիջազգային կրոնական ազատություն և խաղաղություն՚ գիտաժողովը, որն Արցախի մշակութային ժառանգությունը փրկելու նախաձեռնություն էր, և մասնակցել են աշխարհի տարբեր անկյուններից քրիստոնեական առաջնորդներ: Հատկանշելի է նաև ԱՀ անկախության 30-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովը:
Լ. Ղարախանյանը հանգամանալից անդրադարձավ ԿԳՄՍՆ բոլոր ոլորտների աշխատանքներին: Պլանով նախատեսված ոչ մի աշխատանք՝ լինի մշակութային, թե մարզական, դուրս չի մնացել:
Մեծ ցանկ են կազմում մշակույթի ոլորտում կատարված աշխատանքները: Իսկ ամենաոգևորողը մարզական նվաճումներն են: Մարզական տարին հարուստ էր ՀՀ, միջազգային, Եվրոպայի, աշխարհի առաջնություններում արցախցի մարզիկների ձեռք բերած նվաճումներով:
1485 մարզիկ 109 անգամ մասնակցել է ՀՀ-ում կազմակերպված առաջնությունների, գավաթի խաղարկությունների, հուշամրցաշարերի, մրցաշարերի:
Նրանցից 192 հոգի գրավել է 1-ին տեղ, 132 -ը` 2-րդ տեղ, 177 մարզիկ` 3-րդ տեղ:
150 մարզիկ 19 անգամ մասնակցել է միջազգային մրցաշարերի: 17-ը գրավել է 1-ին տեղ, 13-ը՝ 2-րդ, 14 հոգի՝ 3-րդ տեղ:
Եվրոպայի առաջնություններին Արցախից 11 անգամ մասնակցել է 37 մարզիկ, որից չեմպիոնական կոչման է արժանացել 4 հոգի, 3-ը՝ գրավել է 2-րդ տեղ, 6-ը` 3-րդ տեղ:
19 մարզիկ 5 անգամ մասնակցել է աշխարհի առաջնությունների: 1 հոգի դարձել է աշխարհի չեմպիոն, 2 հոգի՝ նվաճել արծաթե, 3 հոգի՝ բրոնզե մեդալներ:
Լ. Ղարախանյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին` պատերազմից հետո արագորեն ինքնակազմակերպվելու և նվիրումով աշխատանքի լծվելու համար: