[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻԿՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ

 Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

 Ստեփանակերտի «Եվրոպա Արցախ» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել «Քուարտա» և «Արցախիկներ» խմբի համերգը։ Համերգն իրականացվել է «Արի Արցախ» ծրագրի շրջանակներում։

Մեզ հետ զրույցում նախագծի հեղինակ և խմբերի ղեկավար Տիգրան Սուչյանն ասաց.

- Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ արցախցի փոքրիկները Երևանում էին, հաճախակի էինք նրանց հետ շփվում, այդպես էլ առաջացավ «Արցախիկներ» խմբի ստեղծման գաղափարը։ Դեռ այն ժամանակ երեխաները երազում էին պատերազմից հետո համերգներով հանդես գալ Արցախում։

Փառք Աստծո, մեր համագործակցությունը լավ արդյունք տվեց։ Պատերազմից հետո մենք համերգային ծրագրերով հանդես եկանք Արցախի մի շարք բնակավայրերում. Մարտակերտում, Մարտունիում, առաջնագծամերձ մի շարք գյուղական համայնքներում։ Իսկ մեր, այսպես ասած, գլխավոր հասցեն Աղավնոն է։ 

Երեխաների հետ աշխատելը բավականին հաճելի է, հատկապես այս խմբի երեխաների հետ, նրանցից յուրաքանչյուրն առանձին վերցրած յուրահատուկ է, տաղանդավոր երեխաներ են:

Նախագծի հեղինակ Տիգրան Սուչյանի փոխանցմամբ` այս ճանապարհով նրանք նաև պատրաստում են պրոֆեսիոնալ երաժիշտներ, որոնք հետո  իրենց մասնագիտական կարողությունները կծառայեցնեն ի շահ մեր հայրենիքի։ 

Արցախում համերգային ծրագրերով հանդես գալուց բացի, Տիգրան Սուչյանն ու իր երաժիշտ ընկերները նաեւ վարպետաց դասեր են անցկացրել Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում և Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում։

Երաժիշտ փոքրիկներին մեկ հարկի տակ համախմբելը և այսօրինակ համերգների կազմակերպումն այսօր ավելի, քան երբևէ, պահանջված է, քանզի մեր վիրավոր հայրենիքը վերստին իր ուժը վերագտնելու խնդիր ունի։ 

Արցախիկներին հաճախ տեսնելու ակնկալիքով հեռացավ հանդիսատեսը, բոլորը պարզապես լիացած էին նրանց անզուգական կատարումներով։