[ARM]     [RUS]     [ENG]

2021-Ը ՄԱՐԶԱԿԱՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԻ ԷՐ

Սվետլանա Խաչատրյան

 2021 թվականին արցախցի մարզիկները մեծ հաջողություններ են գրանցել ՀՀ, միջազգային, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում: ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում աննախադեպ է համարել մեր մարզիկների նվաճումները: Փաստերն ավելի քան պերճախոս են: Միջազգային մրցաշարերում արցախցի մարզիկները գրավել են 98 մրցանակային տեղ. 1-ին տեղ՝ 38 հոգի, 2-րդ տեղ՝ 29, 3-րդ տեղ՝ 31: Եվրոպայի առաջնությանը մասնակցած մարզիկները նվաճել են 1-3-րդ` 19 մրցանակային տեղ, որից 5-ը Եվրոպայի չեմպիոնի տիտղոս է: Աշխարհի առաջնությունում ունենք 7 մրցանակային տեղ, այդ թվում՝ աշխարհի քառակի չեմպիոն:

Տարվա լավագույն արդյունքներ գրանցած մարզիկներն են.
Արթուր ԱՌՈՒՇԱՆՅԱՆ, Լեհաստանի Կրակով և Սվինոույսցե քաղաքներում մասնակցել է Կիոկուշին կարատեի աշխարհի 3-րդ և Եվրոպայի 34-րդ առաջնություններին և գրավել համապատասխանաբար 1-ին և 3-րդ մրցանակային տեղերը՝ դառնալով աշխարհի քառակի չեմպիոն:
Դավիթ ՀՈՎՍԵՓՅԱՆ, մայիս ամսում Կիպրոսի Լիմասոլ քաղաքում, մասնակցելով Սամբոյի Եվրոպայի, իսկ հոկտեմբեր ամսում Հունաստանի Սալոնիկ քաղաքում պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնություններին, գրավել է համապատասխանաբար 1-ին և 3-րդ մրցանակային տեղերը: Ընդ որում, շուշեցի մարզիկը Եվրոպայի չեմպիոնական տիտղոսը վաստակել է՝ հաղթելով ադրբեջանցուն:
Մանվել ՊԵՏՐՈՍՅԱՆ, մասնակցել է Երիտասարդների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը և գրանցել մեծ հաղթանակ՝ Արցախի սպորտային պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական մարզաձևից գրավելով 2-րդ պատվավոր տեղը:
Էրիկ ԱՌՍՏԱՄՅԱՆ, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած ավագ տարիքի Պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում գրավել է 3-րդ մրցանակային տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի:
Միխայիլ ՄԽԻԹԱՐՅԱՆ, Սերբիայի Բելգրադ քաղաքում հոկտեմբեր ամսին կայացած Ավանդական կարատեի (ETKF) 35-րդ Եվրոպայի առաջնությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը:
Յուրի ԿԱՐՈԳԼԱՆՅԱՆ, նոյեմբեր ամսում, մասնակցելով ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում Սեղմում հենարանից վարժության Եվրոպայի առաջնությանը, դարձել է չեմպիոն, իսկ դեկտեմբերին Ուժային եռամարտի ՀՀ առաջնության ժամանակ 285,5 կգ արդյունքով կքանիստ վարժությունում գրանցել է ՀՀ ռեկորդ:
Արթուր ՄՈՎՍԻՍՅԱՆ, նոյեմբեր ամսում Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում, մասնակցելով Պատանիների քիքբոքսինգի Եվրոպայի առաջնությանը, գրավել է 3-րդ մրցանակային տեղը:
Ալեքսանդր ՄՈՎՍԵՍՅԱՆ, Ռումինիայի Բուխարեստ քաղաքում մասնակցելով Բազկամարտի աշխարհի 42-րդ առաջնությանը՝ լսողական խնդիրներ ունեցող մարզիկների շարքում գրավել է 3-րդ տեղը:
Արցախի մարզիկները հաջողություններ են ունեցել նաև ՀՀ առաջնություններում խաղային մարզաձևերից. Մ-16 տարեկան աղջիկների բասկետբոլի հավաքական թիմը, մասնակցելով ՀՀ կանոնավոր առաջնությանը, գրավել է 1-ին մրցանակային տեղը: