ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԻ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Լուսինե ՇԱԴՅԱՆ
«Վերածնվածը» Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի գեղարվեստական արտացոլում
Նախորդ ֆիլմերից «Վերածնվածը» նախևառաջ կտարբերվի նրանով, որ ֆիլմում ընդգծված է ինքնության խնդիրը։ «Ազատ Արցախ»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ ինքնության թեման իր մյուս ֆիլմերում նույնպես առկա է, սակայն այս պատմության մեջ այն ուրույն և առանցքային նշանակություն ունի։
-Ֆիլմի առանցքում բազմաթիվ դժվարությունների միջով անցնող մարդն է, ով փնտրում է իր ինքնությունը: Ֆիլմը պատմում է առհասարակ պատերազմի և մարդու մասին, ով միշտ գտնվում է այդ քաոսում՝ մոտ պատերազմին, որը հեղեղի պես կարող է տանել մարդուն,- մանրամասնեց կինոռեժիսորը: Նրա հաղորդմամբ՝ ֆիլմով փորձելու են ցույց տալ, որ պատերազմի հետևանքները կարող են ազդեցություն ունենալ յուրաքանչյուրի ճակատագրի վրա՝ անկախ ազգությունից ու բնակության վայրից։ Ըստ ռեժիսորի՝ կա գեղեցիկ և հմտորեն կառուցված սցենար, որի վրա աշխատել է Նարինե Ոսկանյանը, ում հետ միասին ստեղծվել են նաև նախորդ երեք ֆիլմերը։
-Ի վերջո, ֆիլմը մեր մասին է, մեր պայքարի մասին։ Աշխարհում շատ բարի մարդիկ կան, որոնք փորձում են մաս կազմել մեր ֆիլմերին, պատմել այս պատմությունները մեզ հետ, օգնել ֆիլմերի տարածմանն՝ ի շահ բարի նպատակների, ի շահ մեր հաղթանակի։ Մշակութային առումով շատ տարրեր հայերի վերաբերյալ չեն։ Ի վերջո, մենք փորձում ենք հայկական կինոյի միջոցով պատմել ամբողջ աշխարհին Արցախի մասին։ Պատմելու ենք շատ ցավալի պատերազմի մասին՝ փորձելով զարգացնել նաև հայկական կինոն,- նշեց Ջիվան Ավետիսյանը:
Աջակցության ակնկալում՝ ֆիլմի արտադրական բյուջեն համալրելու համար
Կինոռեժիսորի հաղորդմամբ՝ մինչ այս Ազգային Կինոկենտրոնն աջակցել է «Վերածնվածը» ֆիլմի սցենարի ստեղծմանը: Պատրաստվում են դիմել Կինոկենտրոնին, որի հետ միասին ստեղծել են երեք հայտնի ֆիլմերը՝ «Թևանիկ», «Վերջին բնակիչը» և «Դրախտի դարպասը»․ ակնկալում են աջակցություն նաև ֆիլմի արտադրական բյուջեն համալրելու հարցում։ Մեծ հույս ունեն, որ պետական աջակցություն ևս կունենան, ինչը նաև կնպաստի միջազգային կազմակերպություններին դիմելուն։
- Յուրաքանչյուրը կարող է կապվել մեր թիմի հետ և իր աջակցությունն առաջարկել։ Հավատում եմ, որ մենք կարող ենք ստեղծել «Վերածնվածը» ֆիլմը համայն հայության հետ, և վերածնվել,-ասաց կինոռեժիսորը։
Անդրադառնալով ֆիլմի նախագիծը կյանքի կոչելու համար ավելի վաղ հայտարարված հանգանակությանը՝ Crowdfunding-ին, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ բավականին գումար արդեն հավաքվել է, սակայն վերջնանպատակին հասնելու ֆինանսական միջոցներն առայժմ անբավարար են․ այդ պակասը լրացնելու համար ակնկալվում է ինչպես պետական, այնպես էլ անհատ նվիրատուների աջակցություն:
Ցանկացողները կարող են նվիրաբերություն կատարել նաև օնլայն․https://igg.me/at/xkHKwaCdnjE/x/26665115#/ կայք-էջի միջոցով։
- Բազմաթիվ մարդիկ սիրել են «Վերածնվածը» ֆիլմի գաղափարը և ներդրում են կատարել։ Ուրախալի է, որ նրանք գնահատել են ֆիլմի լինելիության կարևորությունը,-մանրամասնեց Ավետիսյանը։
Հատկանշական է, որ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմերն անցած տարի ցուցադրվեցին արտասահմանյան մի շարք կինոթատրոններում՝ արժանանալով հայ և օտարազգի հանդիսատեսի դրական արձագանքին, և ոչ միայն․
Արցախի մասին ֆիլմը՝ միջազգային կինոփառատոնի հաղթող
«Դրախտի դարպասը» ֆիլմի ամերիկյան ցուցադրություններին զուգահեռ տեղի ունեցավ նաև Ontario International Film Festival–ը, որի արդյունքում «Դրախտի դարպասը» ֆիլմը հաղթող ճանաչվեց միաժամանակ չորս անվանակարգերում՝ «Լավագույն միջազգային ֆիլմ», «Լավագույն սցենար», «Լավագույն ձայն» և «Լավագույն երաժշտություն»։
Հանդիպում ԱՄՆ կոնգրեսականների հետ
-Մարդիկ փորձում էին ընկալել և հասկանալ մի ժողովրդի պայքարի պատմություն, որը շարունակվում է տասնամյակներ,- ասաց Ջիվան Ավետիսյանը՝ նշելով, որ օտարազգի հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներին Արցախի մասին բավարար տեղեկություններ հայտնի չեն։
-Ավելի ցավալի է այն, որ նույնիսկ Սփյուռքի հայերը երբեմն չգիտեն իրապես ինչ է կատարվել և այն ամենն Արցախի մասին, ինչը ցանկանալի է, որպեսզի իմանային։
Ցուցադրություններից հետո Վաշինգտոնում Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ՝ որպես երեք պատերազմների ականատես և վավերագրող, կինոռեժիսորը երկօրյա հանդիպումներ է ունեցել ԱՄՆ կոնգրեսականների հետ:
-Նրանցից շատերն առաջին անգամ էին հանդիպում Արցախից եկած մի մշակութային գործչի հետ, ով երեք պատերազմ է վերապրել։ Չեմ ուզում ասել, որ եզակի ու բացառիկ եմ դրանով, բայց, այնուամենայնիվ, ցավալի է, որ նրանցից շատերն առաջին անգամ էին հանդիպում այդպիսի մեկի հետ։ Մենք փորձում ենք տարածել Արցախի պատմությունը, հիմնախնդիրը, գոյապայքարի էությունը: Շուրջ տասը տարի է, ինչ ստեղծում ենք ֆիլմեր, և սա ևս մեկ շատ կարևոր գործընթաց էր մեր նպատակին հասնելու ճանապարհին,-հավելեց կինոռեժիսորը, ում հավաստմամբ՝ Արցախի մասին պատմող ֆիլմերի հանդիսատեսն օր-օրի ավելանում և աշխարհագրորեն ընդլայնվում է։
Ջիվան Ավետիսյանի դիտարկմամբ՝ հիմքում արցախյան թեմատիկան բովանդակող ֆիլմերի արտասահմանյան ցուցադրությունների ընթացքում հանդիսատեսը դառնում է նաև պատմության կրողը, իսկ նրա զգացմունքներն ու հուզմունքը ևս մեկ անգամ փաստում են ֆիլմի ստեղծագործ անձնակազմի ընտրած ճանապարհի ճիշտ լինելը։