[ARM]     [RUS]     [ENG]

ՙՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴՐԱՆՔՈՎ՚

DSC_3252.jpgՕգոստոսի 8-ին Ստեփանակերտի ՙԱրմենիա՚  հյուրանոցի մամուլի սրահում տեղի  ունեցավ Ֆրանսիայի  մայրաքաղաքում  ապրող մեր  հայրենակից, լրագրող, հրապարակախոս Անժելա  Սահակյանի ՙՃշմարտության  պարտադրանքով՚ գրքի շնորհանդեսը։
Միջոցառումը  բացեց  ԼՂՀ ԳՄ նախագահ,  բանասիրական  գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր  Վարդան  Հակոբյանը՝ ներկայացնելով  գրողին։ 
Ա. Սահակյանը  ծննդով Վանք  գյուղից  է, Ֆրանսիա  է տեղափոխվել  Երևանից, այժմ  աշխատում է  Փարիզի  հայկական  ռադիոյում։  Նա մեծ գործ է կատարում ցեղասպանության  թեման և  Արցախյան  հիմնախնդիրն  արծարծելու, քարոզելու գործում։ 
Լրագրողին ճանաչում է բերել  ՙԻրական  պատկերներ՚ գիրքը, որտեղ  և՜ գեղարվեստական  պատումներ են, և՜  հրապարակախոսական  հոդվածներ,  հարցազրույցներ։ Ռադիոյով և  տարբեր մակարդակի հանդիպումներում մշտապես  անդրադառնում է  Հայաստանին, Արցախին  և շնորհակալ  գործ է կատարում հային ու Հայաստանը օտարներին ճանաչել տալու  գործում։ 
ՙՃշմարտության  պարտադրանքով՚ գիրքը  լրացնում է ցեղասպանության  թեման, որը ներկայացնելու  համար հեղինակը  հետաքրքիր ձև է  ընտրել՝ հավաքելով  հայ  և օտար նշանավոր  գրողների, բանաստեղծների, քաղաքական գործիչների  պահանջատիրության  արդարացի  ձայնը՝ որպես աշխարհին ուղղված   բաց նամակներ։  Գրողը անդրադարձել է նաև  Սումգայիթի  և Բաքվի ջարդերին։ 
ՙԹեման հուշում է նաև  գրքի հեղինակի  բարոյահոգեբանական  կերպարը,- ասաց Վ. Հակոբյանը։- Հայը,  որտեղ էլ ապրի,  ներկայացնում է իր հողը։ Անժելան  բացառություն չէ, նա ներկայացնում է  Արցախը, ղարաբաղյան հիմնախնդիրը, և  ճշմարտության պարտադրանքը  այն  կարգախոսն է, որով աշխատում է  որպես լրագրող և գրող՚։ 
ԼՂՀ ԱԺ պատգամավոր, լրագրող, հրապարակախոս Վարդգես Բաղրյանը  ողջույնի  խոսքում ընդգծեց  Փարիզում  ապրող  հայկական օջախի  կարոտն ու  սերը  հայրենիքի  հանդեպ, բարձր  գնահատեց  Ա. Սահակյանի  ՙՃշմարտության  պարտադրանքով՚  հաղորդաշարը, որը  օտար հողում  հայապահպանության  գործում  մեծ դեր է կատարում՝ բորբոք պահելով  արցախյան  հիմնախնդիրը։ 
Գրքի հեղինակը  խոսեց  հայկական  ռադիոյի՝  հայությանը  համախմբելու, ոգեշնչելու  գործում ունեցած  դերի մասին։ ՙԻմ  խոնարհումը  նրանց,  ովքեր գաղափարով, գրչով, ոգեշնչումով պահեցին մեր  երկիրը,- ասաց  Ա. Սահակյանը։-Մենք  պատվով ազատագրեցինք  մեր երկիրը, մեր երկրի տերն ենք։ Համոզված եմ, որ կհասնենք բաղձալի  հաղթանակին՚։ 
Գրքի հեղինակը շեշտեց  Արցախյան հիմնախնդիրը  քարոզելու գործում  ՙԱզատ Արցախ՚  պաշտոնաթերթի  դերը, որտեղ  երկրամասի  քաղաքական, տնտեսական, մշակութային  կյանքի մասին  նյութեր է գտնում։ 
ՙՀայ լրագրողը պետք է հեռու մնա բամբասանքներից, ճշմարտացի լինի, արժանապատվորեն կրի հայի անունը՚,¬ ասաց նա 
Շնորհանդեսի վերջում  հեղինակն  իր գրքերից  նվիրագրեց մասնակիցներին։ 
ԼՂՀ ԳՄ նախագահը  գրողների միության  անդամության  տոմս հանձնեց Ա. Սահակյանին։ 
Նշենք, որ գիրքը թարգմանվելու է  տարբեր լեզուներով։ 
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ