Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՆ Է

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Մշակույթի վաստակավոր գործիչ, փաստավավերագրության միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Սլավա Սարգսյանը, ով չորս տասնյակից ավելի գրքերի հեղինակ է, տպագրության է պատրաստել գրքերի նոր շարք՝ «Արցախի ամրոցները», «Արցախի վանքերը», «Արցախը ցարական Ռուսաստանի տիրապետության շրջանում (1720-ական թվականներ)»…

Զրույցի ժամանակ պատմաբանը նշեց, որ թվարկած վերջին գրքում, որ լույս է տեսնելու ռուսերեն լեզվով, առաջին անգամ շրջանառության մեջ են դրվում բացառիկ փաստաթղթեր (պատճենները), որոնք ձեռք է բերել մոսկովյան ռազմապատմական արխիվից։ Ուշագրավ են տասնյակից ավելի ձեռագրային արձանագրություններ, ռուսական զորակայանների գծագրեր, հունա-ռուսական եկեղեցու հատակագիծ և այլն։ Ս. Սարգսյանը նշեց, որ գրքով բացահայտելու է ցարական Ռուսաստանի տիրապետության տակ գտնվող երկրամասի հասարակական-քաղաքական-տնտեսական շարժընթացքը։ Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ «Արցախի վանքերը» գրքի տպագրությունն իրականացվելու է Հայաստանում, որ այն թարգմանված է արդեն չորս լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսկ արաբերեն տարբերակը լույս կտեսնի Եգիպտոսում, որի կապակցությամբ պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերված։

Զրույցի ընթացքում պատմաբանն անդրադարձավ նաև վերջին շրջանում Արցախի գրավյալ տարածքներում Ադրբեջանի վարած մշակութային քաղաքականությանը՝ մշակութային վանդալիզմին։ Նա մասնավորապես անդրադարձավ Շուշի և Ակնա բնակավայրերի պատմությանը` նշելով, որ ազերի պատմաբանները ցուցադրել են մի ապարանքի լուսանկար, որն, իբր Փանահ խանը կառուցել է Ակնայում։ Սարգսյանը փաստերով ցույց է տվել, որ շենքը կառուցվել է 1980-ականներին և ոչ մի կապ չունի խանի ժամանակների հետ։ Ապարանքի մոտ կան նաև մի քանի մահմեդական դամբարաններ։ Հարց է առաջանում, եթե ապարանքը պատկանում է Փանահ խանին, ապա ինչու նրան թաղել են Բարդայում։ Ի դեպ, Բարդա-Պարտավը եղել է ոչ միայն հայկական բնակավայր, այլև կաթողիկոսական նստավայր, և որ այստեղ հատվել է դրամ, որի վրա դաջված է եղել Արմենիա բառը։ Հայտնի է, որ հատված հայկական դրամը շրջանառվել է 710 թվականից։

Ազգը, որ այս տարածաշրջանում եկվոր է, պատմություն չի ունեցել, ունի ինքնահաստատվելու խնդիր։ Դրա համար զանգվածային քանդում-ավերում է վերջին՝ խորհրդային և հետխորհրդային շրջանի մշակութային կառույցները, իսկ պատմական-մշակութայինը աղավաղում-անվանում են աղվանական-ալբանական։ Վերջին շրջանում աղվանականին ավելացվել է մեկ այլ տարբերակ ևս՝ ուդիական, որոշ հուշարձաններ էլ համարում են ուղղափառ, այսինքն՝ ոչ հայկական, և քերում-ոչնչացնում են հայկական արձանագրությունները։

Թուրքական մշակութային վանդալիզմի ցայտուն օրինակ է 44-օրյա պատերազմից հետո պայթեցված Կանաչ ժամը (լուսանկարը կա), Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումը։ Ադրբեջանի ծրագիրը այնքան է հեռու գնում, որ համարձակվում են նույնիսկ Ղազանչեցոցը ուղղափառ կոչել՝ հենվելով այն փաստի վրա, որ կառուցվել է Ալեքսանդր ցարի ժամանակում և որի արձանագրությունը պահպանվել է։

Սարգսյանը նշեց, որ ինքը կազմել է Շուշի քաղաքի քարտեզը, որտեղ ներկայացրել է մզկիթներն ու եկեղեցիները` նշելով նաև, որ հունա-ռուսական ուղղափառ եկեղեցին ոչ թե Կանաչ ժամն է, այլ այն գտնվել է ներկայիս շրջվարչակազմի շենքի հարևանությամբ, որտեղ գտնվել են նաև ռուսական սպայական կազմի տապանաքարերը, որոնք ազերիները քանդել-ոչնչացրել են և տեղում կառուցել մշակույթի տուն։ Պատմաբանը լուսանկարներով, քարտեզներով հավաստի և համոզիչ ցույց է տալիս ողջ ճշմարտությունը։

Ազերի վայ-պատմաբանները Շուշիի հիմնադրման պատմությունը կապում են Փանահ խանի հետ, և այս տեսակետը Սարգսյանը փաստերով ժխտում է. Շուշիում է գտնվել Ավան հարյուրապետի ապարանքը, որը կառուցվել է 1710-ականներին, Փանահ խանից դեռևս 30-40 տարի առաջ, այսինքն՝ Շուշին եղել է հայկական բերդ-ամրոց։ «Ադրբեջանի ազերի-թուրք պատմաբանների հերյուրանքները չափ ու սահման չունեն»,-ասաց Սարգսյանը և նշեց, որ ինքը դիտել է մի հաղորդում, որի մեջ ասվում է, թե իբր Քարվաճառում գտել են արվեստանոց, որտեղ հայերը խաչքարեր են սարքել, այսուայնտեղ տեղադրել, իբր իրենց պատմական հողն է։

-Մի խոսքով` նրանց նպատակը գրավյալ տարածքներում հայկական հետքը ոչնչացնելն է։ Սակայն դա նրանց չի հաջողվի, քանի որ հայկական հուշարձանները արձանագրավորված-փաստաթղթավորված են։ Իսկ ինչ վերաբերում է մեր ազգի պատմական ընթացքին, տեղի են ունենում աշխարհաքաղաքական վերափոխումներ, և տեր ենք կանգնելու մեր պատմական հայրենիքին,- եզրահանգեց պատմաբանը։