[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱԹՍ-Ի ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՈՑԸ

 Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Այսօր' փետրվարի 17-ին, ազդարարվեց Ստեփանակերտի հ. 3 միջնակարգ դպրոցում բարձր տեխնոլոգիական` «Արմաթն օդում» կրթական աշխատանոցի բացման մասին: Այն իրականություն է դարձել Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության /ԱՏՁՄ/ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրերի շրջանակում: Աշխատանոցի բացմանը ԱՏՁՄ տնօրեն Հայկ Չոբանյանն ասաց, որ միջոցառումը համարում է իրենց ամենամեծ նպատակների և երազանքների իրականացման ճանապարհի մեկնարկը: Արդեն շուրջ 10 տարի ԱՏՁՄ-ն Հայաստանի և Արցախի դպրոցներում ռոբոտաշինության զարգացման ծրագիր է ներդնում, որի շրջանակներում մի քանի տարի հետո ձևավորվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրը: Այն իր հիմնական պտուղները դեռ կտա, քանի որ աշակերտներն սովորում են այդ ծրագիրը 5-7 տարի և «Արմաթ»-ի սաներն արդեն ավագ դպրոցում նոր ուղղություններում գիտելիք ստանալու կարիք ունեն: Եվ ԱՏՄՁՆ-ն սկսել է ավելի բարդ տեխնոլոգիական գիտություններով վերազինել ավագ դպրոցը։ Դրանցից մեկն անօդաչու թռչող սարքերի` օդային ռոբոտաշինության կամ օդագնացության ոլորտն է: Ստեփանակերտում բացված ԱԹՍ առաջին աշխատանոցը ԱՏՁՄ-ի ընդհանուր հաշվով հինգերորդ լաբորատորիան է: Առաջինը ստեղծվել է «Մոնթե Մելքոնյան» ռազմական վարժարանում: Երկու օր առաջ երեքը բացվել են Սյունիքի Գորիս, Սիսիան, Կապան քաղաքներում: Նշվեց, որ հատկապես օդային ռոբոտաշինությունն այսօր աշխարհի ամենաարագ զարգացող ուղղություններից մեկն է: Դա մի տեխնոլոգիա է, որը կարող է կիրառվել տարբեր ոլորտներում` գյուղատնտեսության, բնապահպանության մեջ, արտակարգ իրավիճակներում և այլուր: «Մենք անձամբ զգացինք օդային տեխնոլոգիաների դեակատարությունը երկրի անվտանգության գործում: Մեր պատասխանը գիտելիքի միջոցով հաղթանակի հասնելն է»,-ասաց Հ. Չոբանյանը: Աշխատանոցին բարի ընթացք մաղթեց ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը` նշելով, որ այն առաջինն է Արցախում և վերջինը չի լինի: ԱՀ կառավարությունը պատրաստ է աջակցել նման նախաձեռնություններին: Իսկ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հայտարարեց, որ առաջիկայում նաև Մարտակերտում կունենանք նման լաբորատորիա և էլի տարբեր վայրերում` ֆրանսիական քույր քաղաքների հետ համագործակցության արդյունքում: ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը ցանկացած բնագավառում նորագույն տեխնոլոգիաների ներդրումն ինքնին գնահատելի երևույթ համարեց, հատկապես` հետպատերազմյան Արցախում։ Նա շնորհակալություն հայտնեց ԱՏՄՁՆ-ին` Արցախի երեխաների համար մրցունակ գիտելիք ստանալու հնարավորություն ստեղծելու համար։ Ծրագրի ղեկավարների խոսքով` ընդունելությունը ԱԹՍ-ի խմբակ սկսվում է 15 տարեկանից։ Երեխաները կընդունվեն ֆիզիկա, մաթեմատիկա առարկաներից որոշակի ստուգման արդյունքում: «Արմաթ» լաբորատորիաների ծրագրերի ղեկավար Սեդրակ Վարդանյանը տեղեկացրեց, որ Արցախում առաջին ԱԹՍ լաբորատորիան ստեղծվել է «Արմաթ»-ների 500 խմբակավարների ներդրման շնորհիվ: Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահի խորհրդականներ Լուսինե Ղարախանյանը, Արմեն Սարգսյանը, ոլորտային մասնագետներ, այլք: Վաղը Նորագյուղում կբացվի հերթական «Արմաթ»-ը: