[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՒՌ-Ը ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է

 DSCN9214.jpgԱրցախում  հանրահայտ հապավում դարձած ՆՈՒՌ-ը`  ՙՆոր ուսումնական ռազմավարություն՚ ծրագիրը, որն անցած ուստարում հանրապետության կրթական համակարգում ներդրվեց  արգենտինահայ բարերար Էդուարդո  Էռնեկյանի հովանավորությամբ,   թարմացված և ընդլայնված  կներկայանա նոր ուսումնական տարում: Այս օրերին ծրագրի արգենտինացի  պատասխանատուների մասնակցությամբ արցախցի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ են ընթանում: Մեր հարցազրույցը ծրագրի մասնագետ Հասմիկ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:   
-Տիկին Մկրտչյան, ովքե՞ր եք եկել և ո՞րն է ձեր հերթական այցի նպատակը: 
- Մենք անցել ենք ՆՈՒՌ ծրագրի երկրորդ փուլին: Ինչպես գիտեք, առաջին փուլով Ստեփանակերտի և Շուշիի դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտները ստացան մեկական համակարգիչ` դասերը դրանց օգնությամբ անցկացնելու նպատակով, վերապատրաստվեցին ուսուցիչները: Ինձ հետ միասին այսօր այստեղ են ՙՖրութֆուլ Արմենիա՚  հիմնադրամի, որի մաս է կազմում ՆՈՒՌ ծրագիրը, պատասխանատու   Կոնստանսա Ռուլեն, մասնագետներից՝  Լուսինե Յանիկյանը:  Այս անգամ մեր  նպատակն է՝  Արցախում պատրաստել մասնագետներ: Այն  բոլոր դպրոցներում, որոնք ունեն ինտերնետային կապ, և ուսուցիչները մասնակցել են ծրագրի դասընթացներին,  ունենք մեր ներկայացուցիչը` մեծ մասամբ ինֆորմատիկայի ուսուցիչներ, որոնք ավելի բարձր  մասնագիտական պատրաստվածություն ունեն և պատասխանատու են դպրոցներում ծրագրի ներդրմանը: 
Դասընթացները սկզբում` օգոստոսի 6-ից, սկսեցինք հենց այդ ուսուցիչ- պատասխանատուների հետ:  Մենք նախ թարմացրինք նրանց իմացածը, նոր, ավելի բարդ աշխատանքներ կատարեցինք այդ նույն ծրագրերով, որ անցյալ տարի էինք սովորեցրել, ու նաև հրահանգներ տվեցինք, թե իրենց պարտականությունները դպրոցում որոնք պետք է լինեն:  Նրանցից էլ պիտի կազմենք  թիմ, որը մեզ կփոխարինի, երբ ՆՈՒՌ ծրագիրն Արցախում ավելի կտարածվի: Իսկ տարածումը կախված է ինտերնետային կապից, որի շնորհիվ նաև շրջանների դպրոցները կընդգրկվեն  ցանցի մեջ: Եվ որպեսզի ամեն անգամ Արգենտինայից  մենք չգանք այստեղ, տեղում  թիմ ենք պատրաստում, որը  շրջաններում կաշխատի ուսուցիչների հետ  և  կապահովի ծրագրի ներդրումը դպրոցներում: 
Երկրորդ շաբաթվանից դասընթացներ ենք  անցկացնում 5-րդ դասարանում դասավանդող  տարբեր առարկաների ուսուցիչների համար:  Նրանք պետք է աշխատեն չորրորդ դասարան ավարտած` համակարգիչ ստացած երեխաների հետ, որոնք, համոզված եմ,  ամռան ընթացքում պարապ չեն մնացել,  քչփորել են համակարգչային ծրագրերը: Երեխաները համակարգչին  երբեմն ավելի շատ են տիրապետում, քան մեծահասակները, և 5-րդ դասարանի ուսուցիչները պետք է ստանան այդ` որակապես նոր  երեխաներին, որոնք գիտեն  համակարգիչներով աշխատել, ունեն   բավականաչափ գիտելիքներ: Կցանկանայինք, որ նրանք շարունակեն օգտագործել համակարգիչը, և նրանց դասավանդող ուսուցիչներն էլ կարողանան օգտվել դրանից: Պարտադիր չէ, որ 5-րդ դասարանի ուսուցիչն անցնի այն բոլոր ծրագրերը,   այն  պատրաստվածությունը, որ ունեցանք անցյալ տարի տարրական դասարանների ուսուցիչների հետ: Բայց շատ կարևոր է, որ ուսուցիչն ինքն էլ իմանա, թե այդ համակարգիչն ինչ հնարավորություններ ունի, ինչ ծրագրեր, դրանցով ինչ աշխատանքներ կարելի է կատարել, կարողանա դասերի ընթացքում երեխաներին որոշ հանձնարարություններ տալ: Չնայած, եթե ուսուցիչն ինքը ցանկություն ունենա, կարող է սովորել,  բոլոր դպրոցներում կան համակարգիչներ, ինֆորմատիկայի ուսուցիչներն էլ հատուկ պատրաստված են ուսուցիչերին օգնելու համար: 
- Նրանց ավելի շատ ի՞նչ հարցեր էին հետաքրքրում: 
- Այս տարի նրանք այդքան շատ հարցեր չունեցան: Մտահոգությունը, որ  մենք տեսանք  անցած տարի, երբ առաջին անգամ մտանք լսարան ու բոլորը կասկածանքով, մի տեսակ վախով էին նայում, մանավանդ՝ տարիքն առած ուսուցիչները, որոնք  մտածում էին, թե  երբեք չպիտի կարողանան  համակարգիչը   յուրացնել, հիմա չկար: Դեռ այն ժամանակ 2-3 օր հետո նրանք զգացին, որ համակարգիչն այդքան էլ բարդ բան չէ:   Եթե ստեղնաշարը գիտես, կարծես ինքն է սովորեցնում  իր հետ ինչպես վարվել: 
- Դուք՝ կազմակերպիչներդ, Արգենտինայում ինչքանո՞վ եք տեղյակ, թե այդ ամենը  մեր դպրոցներում ինչպես է տեղի ունենում: 
- Ինչպես ասացի` դպրոցներում մենք ունենք մեր ներկայացուցիչները, ինչպես նաև  համակարգող`  ՆՈՒՌ ծրագրի ներկայացուցիչը Ստեփանակերտում: Եթե երեխան ինչ-որ խնդիր է ունենում, նա դիմում է իր ուսուցչուհուն։ Երբ վերջինս չի կարողանում լուծել, դիմում է ներկայացուցչին, և եթե այնպիսի խնդիր է, որ ներկայացուցչի ուժերից էլ վեր է, դիմում է համակարգողին`  որն էլ կապվում է  մեզ հետ, ու ինչ որ պետք է՝ արվում է: Դե, պարզ է, մենք չենք կարող  կապի մեջ լինել հարյուրավոր ուսուցիչների հետ, բայց փաստորեն նաև կապի մեջ ենք մշտապես: Բացի կապի մեջ լինելուց, մենք ստեղծել ենք կայքէջ, որտեղ ուսուցիչներին մշտական խորհուրդներ ենք տալիս։ Կայքում կա էջ ուսուցիչների և աշակերտների համար` բաժանված ըստ դասարանների և առարկաների:  Նպատակն  է, որ իրենք սովորեն այդ ռեսուրսից օգտվել, իմանան, որ մենք իրենց չենք սովորեցրել ու լքել: Մենք այնտեղ` Արգենտինայում, իրենց համար  աշխատում ենք:  Հիմա նրանց համար ստեղծում ենք համացանցային գրադարան, որը կաշխատի անգամ եթե դպրոցը ինտերնետային կապ չունենա: Դպրոցը կունենա իր սերվերը, կենտրոնը, և գրադարանը կլինի դպրոցի սերվերի մեջ: րադարանի  նյութերը հիմնված կլինեն իրենց առարկաների և դասագրքերի նյութերի վրա`ըստ ծրագրի: Այսպես, եթե երեխան անցնում է ՙՀովհաննես Թումանյան՚, դասագրքում կա հեղինակի երկու ստեղծագործությունը, ինքը սերվերում կարող է գտնել Թումանյանի կենսագրությունը, մյուս ստեղծագործությունները: Բացի այդ, կայքէջում ունենք մեզ հետ կապվելու կոճակը, որով ուսուցիչները կարող են իրենց սեփական դատողությունները, նկատառումները, առաջարկությունները, ինչու չէ` նաև քննադատությունը գրել, մշակել այս կամ այն դասի վերաբերյալ իրենց մոտեցումը, խորհուրդ տալ և այլն: 
- Երեխաներին անցած ուսումնականի  ապրիլին բաժանեցիք համակարգիչները։ Ի՞նչ կարող եք ասել, առաջընթաց կա՞: Ամռանը հաճախ կարելի է տեսնել երեխաների` համակարգիչը ձեռքներին, խումբ-խումբ կամ մենակ զբոսայգում նստած խաղալիս:
- Ուսուցիչներից բացի, երկու օր էլ նախատեսել ենք աշխատանք երեխաների հետ, նրանց, ովքեր արդեն համակարգիչ ունեն` 2րորդից մինչև 5-րդ դասարաններ փոխադրված: Նախատեսել ենք բաց դաս:  Բոլորը հրավիրված են` ուսուցիչները, երեխաների ծնողները, քույր-եղբայրները, ովքեր կցանկանան:  Թեման ընտրել ենք դպրոցից դուրս `ցույց տալու համար, որ այդ համակարգիչներով կարելի է կազմակերպել միջոցառումներ ամբողջ հասարակության համար: Երեխան կզգա պատասխանատվություն, կզգա, որ ինքն էլ դեր ունի հասարակության մեջ:
 Կստուգվեն երեխաների գիտելիքները ու նաև լավ սովորույթներ կարմատավորվեն նրանց մեջ:
- Ձեր հետագա անելիքները, ակնկալիքները։
- Մենք շատ մեծ հույսեր ունենք, որ Ղարաբաղն ամբողջ տարածքով համացանցի մեջ կընդգրկվի ու բոլոր երեխաները կունենան իրենց համակարգիչը և փոքր տարիքից կսկսեն  աշխատել նրանով: ժամանակը չի սպասում: Եթե մենք ժամանակի հետ համաչափ չքայլենք, այն  մեզ կտրորի ու կանցնի: Աչքներս կբացենք, կտեսնենք, որ շատ ենք հետ մնացել, այլևս շատ դժվար կլինի հասնել: 
Ղարաբաղը փոքր  բնական ռեսուրսներ ունի, նրա ուժը պետք է փնտրել մտավոր զարգացման մեջ: Ղարաբաղը խորհրդային ժամանակաշրջանում, ըստ տվյալների, այն տարածքն է, որտեղից հազար մարդու հաշվով ամենամեծ թվով գիտնականներն են դուրս եկել: Բայց, ցավոք, Ադրբեջանի կազմում լինելով` նրանց ներդրումը Ղարաբաղ չի հասել: Հիմա հույս ունենք, որ կորցրած տարիները պետք է վերականգնենք: Ինձ այնտեղ հարցրին, թե Ղարաբաղում անգրագիտությունը քանի տոկոս է կազմում, որովհետև ինտերնետում Ղարաբաղի մասին քիչ տեղեկություններ կան, դրանք էլ հիմնականում վերաբերում են պատերազմին, տարածքային հարցերին:  Դա մեր թերացումն է: Հիմա այս սերունդը ուրիշ կերպ պետք է աշխատի: Պետք է դուրս գալ աշխարհ` ոչ միայն աշխարհը ճանաչելու, այլև մեզ ներկայացնելու համար: Մենք չսովորեցինք մեզ ներկայացնել: Կարծես թե դրա մեջ բնական համեստություն կա, բայց ինչ-որ տեղ մեզ խանգարում է: 
 
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ