[ARM]     [RUS]     [ENG]

«Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի»

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո կորցրեցինք ազատագրված հայրենիքի մեծ մասը։ Թշնամին այժմ ավելի լկտի է դարձել ու ազդարարում է, որ ոչ միայն Արցախը, այլև ողջ Հայաստանն է ադրբեջանական։ Բռնագրավված տարածքներում գտնվող հայոց պատմամշակութային հուշարձանները համարում է աղվանական, երբեմն ավելի է առաջ գնում, իբր իրենք՝ ադրբեջանցիները, ժամանակին եղել են քրիստոնյա և նման եկեղեցիներ են կերտել։ Սա տեսնելով՝ որևէ միջազգային կառույց չի արձագանքում, չի սաստում կեղծարարության համար՝ ադրբեջանական իշխանությունը նույնիսկ որոշել է ստեղծել միջազգային գիտական հանձնաժողով՝ «փաստելու», իբր, իրենք «ճիշտ են», իսկ մենք` «կեղծարար»։ Այս հանցագործության դեմն առնելու նպատակով տարբեր միջոցառումներ են տեղի ունենում Ստեփանակերտում, Երևանում, այլուր։ Փետրվարի 20-ին, Երևանում՝ «Դիզակ Արտ» կենտրոնում, տեղի ունեցավ օկուպացված տարածքներում մնացած Հայոց պատմամշակութային հուշարձանների մասին պատմող` «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագիրը կրող ցուցահանդես, կազմակերպվել է Արցախի ԿԳՄՍ նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի և Երևանում գործող «Դիզակ Արտ» մշակութային երիտասարդական կենտրոնի հիմնադիրներ՝ Հադրութի շրջվարչակազմի մշակույթի բաժնի վարիչ Երազիկ Ավանեսյանի, «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի Հադրութի շրջանային ծառայության պետ Գայանե Բուդաղյանի և «Դիզակ» թերթի գլխավոր խմբագիր Լիանա Պետրոսյանի կողմից։ Լուսանկարներում ներկայացված են Արցախի Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի, Քարվաճառի շրջաններում գտնվող առավել կարևոր պատմական հուշարձանները՝ վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, ամրոցներ, կամուրջներ, որոնք այժմ թշնամու հսկողության տակ են և վտանգված է նրանց գոյությունը։ Ցուցադրված են նաև լուսանկարներ Քարինտակից, Թալիշից, Շուշիից, որոնք արդեն քանդվել են պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Լուսանկարների հեղինակները՝ երջանկահիշատակ Սամվել Կարապետյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, Լևոն Մկրտչյանը, տողերիս հեղինակը, Սլավա Սարգսյանը, Համլետ Պետրոսյանը, Գագիկ Սարգսյանը, Սասուն Դանիելյանը, Գայանե Բուդաղյանը, այլոք, մոտ 2 տասնամյակ շրջել են և լուսանկարել ու փաստել մեր պապերի թողած ավելի քան երկհազարամյա ժառանգության մասին։ Եվ այսօր մի արհեստական պետություն, որը կազմավորվել է 100 տարի առաջ խորհրդա-թուրքական իշխանությունների կողմից, իրեն հռչակում է այս ամենի տերը։ Ցուցահանդեսի կազմակերպիչներից ԱՀ ԿԳՄՍՆ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը ներկայացրեց լուսանկարները: Հադրութի վարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ, «Դիզակ Արտ» կենտրոնի համահիմնադիր Երազիկ Ավանեսյանը ողջունեց ներկաներին, անդրադարձավ ցուցահանդեսի կարևորությանը։ Նշեց նաև՝ ԱՀ ԿԳՄՍՆ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ մշտապես են համագործակցել նաև պատերազմից առաջ։ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ կարևորելով միջոցառման դերը։ Անդրադարձան մեր ազգային-ազատագրական շարժման 34-ամյա ուղուն՝ տեղեկացնելով, որ ցուցահանդեսին ներկա են նաև այդ շարժման ակտիվիստներ։ Կարևորեց նաև, որ ցուցահանդեսին ներկա է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորին։ Խոսելով արդեն ավերված հուշարձանների և այժմ գերության մեջ մնացած և դրանց անհայտ ճակատագրերի մասին՝ նշեց՝ 21-րդ դարում իրականացվում է նաև մշակութային ցեղասպանություն, որի դեմն առնելու համար բորորս էլ անելիք ունենք։ ՀՀ-ում Արցախի ներկայացուցիչը հույս հայտնեց՝ նման միջոցառումները կլինեն շարունակական, մինչև հասնենք նրան, որ Ադրբեջանը կենթարկվի պատասխանատվության։ Արցախի ԿԳՄՍ նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը տեղեկացրեց, որ ցուցահանդեսի նպատակն է նախ հայ հանրությանը տեղեկացնել մեր հազարամյա ժառանգության մասին։ «Ադրբեջանն ավելի վաղ էր սկսել յուրացնել մեր մշակույթը, և սա էր պատճառը, որ եղավ փետրվարի 20-ը (սկսվեց Արցախյան շարժումը)։ Այս ցուցահանդեսով ևս մեկ անգամ ուզում ենք բարձրաձայնել, որ մեզանից յուրաքանչյուրն ինչ-որ ձևով պայքարի մեր ազգային ժառանգության պահպանման համար», -ասաց Ա. Հայրապետյանը և նշեց՝ ցուցադրվել է բռնագրավված տարածքների մեր պատմական հուշարձանների փոքր մասը, սակայն կարևոր հուշարձաններ են, որոնք եղել են մշակութային, իշխանական կենտրոններ և նշանակալից են մեր պատմության համար։ Արցախյան շարժման առաջամարտիկ Մանվել Սարգսյանը նույնպես շեշտեց՝ 34 տարի առաջ մեր ժողովուրդը ոտքի ելավ նաև այս հուշարձանների փրկության համար։ Անդրադարձավ շարժման ակունքներին, նշելով` գորբաչովյան «Վերակառուցում»-ը տվեց հնարավորություն, որ ոտքի կանգնենք։ Հիշեցրեց` այդ ժամանակ միտինգներում կային շատ պաստառներ, որոնցից մեկն ուներ «Ղարաբաղը Վերակառուցման քննությունն է» տեքստը։ Հնագետ Համլետ Պետրոսյանը նշեց, որ հայտնվել ենք բարդ ու վտանգավոր իրավիճակում։ Մեր հայրենիքի կորուստը հոգեկան մեծ վնաս է հասցրել մեր ժողովրդին, մի կողմից հուսահատություն, անելանելիություն և այլն շատ են ճնշում։ Սակայն պետք չէ տրվենք վշտին, այլ պայքարել է պետք, և ցանկացած նման միջոցառում պայքար է։ Նշեց՝ ինքը թերահավատ է միջազգային կազմակերպությունների ձեռնարկած միջոցառումներին, ուստի բոլորս պետք է պատրաստ լինենք դրա դեմն առնելու և տեր մնալու մեր երկրին։