Դերասանի վարպետության դասընթաց Ստեփանակերտում
Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում կմեկնարկի «Դերասանի վարպետություն» դասընթացը: Ընդունելության մանրամասների վերաբերյալ այսօր՝ ապրիլի 6-ին, բուհում կայացավ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմադրող ռեժիսոր Վահան Խաչատրյանի մամուլի ասուլիսը: Ռեժիսորի խոսքով՝ համաշխարհային գաղափարախոսության մեջ պետությունը կանգնած է 4 սյուների վրա՝ բանակ, կրթություն, առողջություն և մշակույթը, որի կարևորագույն մասը թատրոնն է: «Թատրոնը բազմաժանր ու բազմաֆունկցիոնալ է: Ամենակարևոր գործառույթն այն է, որ դերասանն ամեն օր բարձրանալով բեմ, կարողանա զարմացնել հանդիսատեսին՝ անգամ, եթե նույն ներկայացումը մի քանի անգամ դիտել է: Մարդիկ չեն գալիս՝ պատմություն լսելու, որը կարող են նաև կարդալ: Նրանք ուզում են տեսնել, թե ինչպես են իրենց զարմացնում: Հանդիսատեսը ցանկանում է տեսնել, որ բեմում կանգնածն իրենից տաղանդավոր է»,-մանրամասնեց Վ. Խաչատրյանը՝ շեշտելով, որ բեմը հնարավորություն է՝ սեփական վախերի ու բարդույթների դեմ պայքարելու: Բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի խոսքով՝ պատերազմից հետո շատերը մտածում էին, որ դեռևս թատրոնի ժամանակը չէ։ «Ուրախությամբ կարող ենք փաստել, որ այսօր թատրոնի հանդեպ մեծ է սերը, մանավանդ երիտասարդության շրջանում»,- նշեց Դ. Գաբրիելյանը։ «Դերասանի վարպետություն» դասընթացի ընդունելությունը հայտարարել են «Մեսրոպ Մաշտոց» համալսարանը և Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը: Այն տևելու է 10 ամիս: Ավարտին կտրվի հավաստագիր, որը հնարավորություն կտա աշխատել թատրոնում և հեռուստատեսությունում: Դիմորդը պետք է օժտված լինի վառ ստեղծագործական երևակայությամբ և բեմական արտահայտչաձևերի բազմերանգությամբ: Մեծ նշանակություն կտրվի դիմորդի դերասանական և երաժշտական, ինչպես նաև կազմակերպչական ունակություններին, ինքնուրույն մտածելակերպին: Դասընթացին կարող են մասնակցել միջնակարգ և բարձրագույն կրթություն ունեցող անձինք: Տեղերի սահմանափակ լինելու պատճառով՝ նախապատվությունը կտրվի ամենաբարձր միավոր հավաքած 20 մասնակցի: Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 29-ը ներառյալ:
Աննա Ալեքսանյան