Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ՎԱՎԵՐԱԳԻՐՔ` «ՕՐ ՕՐԻ, ԺԱՄ ԱՌ ԺԱՄ»

Օրերս Արցախի ժուռնալիստների միությունը հրատարակել է 1988-2022թթ. Արցախյան իրադարձությունների ժամանակագրությունն ամփոփող «Օր օրի, Ժամ առ ժամ» վավերագիրքը: Այն կյանքի է կոչվել ամենօրյա գրառումների արդյունքում, որը ԱրԺՄ նախաձեռնությամբ հավաքել և կազմել է բանաստեղծ, լրագրող, ազատամարտիկ Արիս Արսենին (Ա. Գրիգորյան):

Ինչպես առաջաբանը վերնագրել է գրքի խմբագիր` ԱրԺՄ նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու Կիմ Գաբրիելյանը, դա «Դժվար և պատասխանատու առաքելություն է»: Արցախյան շարժման վավերագրման մտահղացումը ծնվել է դեռ 1990թ.` «Արցախ» հանդեսում (հրատարակվել է 1990-1993թթ., խմբագիր` Կ. Գաբրիելյան, բաժնի վարիչ` Ա. Գրիգորյան) աշխատելու ժամանակ, որում բոլոր կարևոր իրադարձությունների ժամանակագրությունը զետեղվում էր: «Այդ տարիներին, բնականաբար, Արցախում և Հայաստանում չկային ինտերնետ ռեսուրսներ, տպագրական մամուլը լույս էր տեսնում տեխնիկական դժվարություններով: Եվ որպեսզի առերևույթ մանրուք թվացող դեպքերն ու իրադարձությունները չկորչեին պատմության մշուշում, խմբագրակազմը որոշեց ստեղծել «Արցախյան իրադարձությունների փոստարկղ» անվանվող մի բաժին, որտեղ պետք է զետեղվեին հավաքված վավերանյութերը»: Խմբագրի կողմից այս հիշեցումը նպատակ ունի գնահատելու գիրքը կազմող Արիս Արսենիի տքնաջան աշխատանքը, որը հանձն էր առել ժամանակի պարբերական մամուլը փորփրելու, հանրապետության ուժային կառույցների ամփոփագրերն ու այլ աղբյուրներ ուսումնասիրելու դժվար գործը:
Գրքի ենթավերնագրերն ինքնին շարժում են ընթերցողի հետաքրքրությունը. այսպես` «Արցախյան շարժումը և 1991-94թթ. արցախահայության համաժողովրդական պատերազմը» (1988. «ՄԻ-ա-ցում. 1989. «Արդար պահանջ, ոչ մի նահանջ», 1990.«Պայքար, պայքար` մինչև վերջ». 1991. «Այստեղ 1915 թվականն է», 1992. «Մենք ենք, մեր սարերը», 1993. «Հայե՜ր, միացեք», 1994. «Սա մեր պատերազմն է»), «Արցախյան 2-րդ (Քառօրյա պատերազմը». 02-10.04.2016), «Արցախյան 3-րդ ( 2020թ. աշնանային պատերազմը)», «Զինված միջադեպեր և ռազմական բախումներ» (2008-2014), (2016-2020), (մինչև 2022թ. մարտ):
Արձանագրված փաստերը պարզ վկայում են, որ հակամարտության երեք տասնամյակների ընթացքում թուրքն իր ձեռագիրը չի փոխել. Ադրբեջանի նպատակը եղել ու մնում է Արցախի վերջնական հայաթափումն ու բռնազավթումը:
Գիրքը աղբյուրագիտական դեր կարող է ծառայել պատմաբանների, հետազոտողների համար: Այն նախատեսված է ինչպես մասնագետների և ուսանողների, այնպես էլ ընթերցողական լայն շրջանակի համար:

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ