[ARM]     [RUS]     [ENG]

«Ճանաչենք անցյալը, գնահատենք ներկան և կերտենք ապագան». ինտելեկտուալ խաղ-մրցույթ Ստեփանակերտում

 

Այսօր՝ մայիսի 5-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում անցկացվեց «Հայրենիք» խորագրով ինտելեկտուալ խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը: Խաղի մեկնարկը տրվել էր ապրիլի 21-ին, մասնակցում էր Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների 11 թիմ, որից եզրափակիչ փուլ է անցել հինգը:

Մասնակիցներին ողջունելով` ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն ասաց. «Նայելով ձեզ` ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ մենք վառ անհատականությունների պակաս երբևիցե չենք ունենալու և դեռ կկռենք նոր հաղթանակներ»:
Խաղ-մրցույթը, որը կրում է «Ճանաչենք անցյալը, գնահատենք ներկան և կերտենք ապագան» կարգախոսը, կազմակերպել է Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի տնօրինությունը: Այն նախաձեռնող` տնօրեն, պատմության մասնագետ Զինա Գասյանն առաջնորդվում է հայ մեծ վիպասան Րաֆֆու այս գաղափարաբանությամբ. «Ով չի ճանաչում իր հայրենիքը, ճշմարտացիորեն չի կարող սիրել այն»: «Հայրենիք» ինտելեկտուալ խաղն էլ հենց այդ նպատակն է հետապնդում: Մրցույթի հարցերն ընտրվել են Վահրամ Բալայանի «Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր» աշխատությունից:
Խաղ-մրցույթն անցկացվեց 4 փուլով, որից վերջինը` թիմերի ավագների միջև:
Ամփոփելով արդյունքները` հանձնախմբի նախագահ` ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց, որ գոհ է երեխաների իմացությունից, նրանք կարողացան ցուցադրել իրենց գիտելիքները: Գլխավոր մրցանակին` գավաթին արժանացավ Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցի «Վարարակն» թիմը: Դիպլոմներով պարգևատրվեցին երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրած «Պատանի արցախցիներ» / հ. 12 դպրոց/ և «Գանձասար» /հ. 5 դպրոց/ թիմերը:
Բոլոր հինգ թիմերի դպրոցների գրադարաններին Զ. Գասյանը նվիրեց 20-րդ դարի Արցախի լավագույն մանկավարժ Խորեն Ղազարյանի «Տումի» գիրքը:

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Լուսանկարները՝ Ռուսլան Սարգսյանի