Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Արիության դաս՝ Արցախի պետական համալսարանում

 

Մայիսի 6-ին Արցախի պետական համալսարան են այցելել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ՊԲ հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Նորայր Մկրտչյանը և Մայիսյան եռատոնի առթիվ ավանդական դարձած Արիության դաս անցկացրել համալսարանականների համար: Պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը ներկաները հարգել են լռության րոպեով: Ռեկտոր Արմեն Սարգսյանն իր խոսքում կարևորել է հայ ժողովրդի համար մայիսյան հաղթանակների խորհուրդն ու արժևորումը: «Երբեք չպետք է վհատվենք և երբեք չպետք է կորցնենք Մայիսյան եռատոնի խորհուրդը: Լիահույս եմ, որ մենք դեռ մեծ շուքով եռատոն նշելու հնարավորություն ենք ունենալու»,-նշել է ռեկտոր Արմեն Սարգսյանը: Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում ներկայացրել է Արցախում, տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրադրությունը, մարտահրավերներն ու սպառնալիքները, դրանց դիմակայելու ուղիներն ու Պաշտպանության բանակի կողմից իրականացվող աշխատանքները: «Գիտակցելով սպառնալիքները՝ մենք պետք է ամուր պահենք մեր սահմանները, բնագծերը, ունենանք ժամանակակից պահանջներին համապատասխանող սպառազինված բանակ, շարունակենք բանակի համալրումը: Այսօր իրականացվում են աշխատանքներ բանակի մարտունակության պահպանման և զարգացման ուղղությամբ: Սա պետք է լինի գերակա խնդիր ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլև՝ համայն հայության համար»,-ընդգծել է նախարարը՝ շեշտելով նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի դերը անվտանգության պահպանման գործում: «Համագործակցելով ՌԴ խաղաղապահ ուժերի հետ՝ մեզ կհաջողվի դիմակայել սպառնալիքները, հաղթահարել դժվարությունները: Հակառակորդի կողմից մեր դեմ իրականացվող սադրիչ գործողությունները չեն կարող խոչընդոտել մեր աշխատանքներին, մենք կշարունակենք ապրել ու արարել մեր հողում ու շենացնել Արցախը»,-եզրափակել է իր խոսքը Կ. Վարդանյանը՝ վստահություն հայտնելով հետագա հաղթանակներ կերտելու գործում և կոչ անելով երբեք չկոտրվել, տրամադրվել լավատեսորեն և դրսևորել ամուր կամք: ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն իր խոսքում, պատմական անդրադարձ կատարելով Ավարայրի ճակատամարտին ու այդ ժամանակաշրջանի պատմաքաղաքական իրողություններին, զուգահեռներ անցկացրեց ժամանակակից իրողությունների հետ՝ շեշտելով բարոյական հաղթանակի գիտակցման դերը հետագա լիարժեք հաղթանակները կերտելու գործում: «Բոլորս գիտենք՝ ինչ իրավիճակում ենք հայտնվել 2020թ. սեպտեմբերի 27-ին բռնկված պատերազմից հետո: Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ՝ աշխարհի հզոր ռազմաքաղաքական ուժերին: Բայց նաև մենք չենք կարող ասել, որ պարտվել ենք, մենք կանք, գոյատևում ենք: Մենք չենք կարող ժխտել Մայիսյան հերոսամարտերը, չնայած ոչ բոլոր հերոսամարտերում ենք հաղթել, բայց արդյունքում ունեցել ենք պետականության վերականգնում՝ Հայաստանի առաջին հանրապետության ծնունդ, Շուշիի ազատագրում»,-ընդգծել է նախարարը՝ հորդորելով երբեք չհուսահատվել դժվար իրավիճակներում, և հույս հայտնել, որ ճիշտ աշխատելու դեպքում կունենանք հզոր երկիր: ՊԲ հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Նորայր Մկրտչյանն իր ելույթում անդրադարձել է մայիսյան հաղթանակների պատմությանը՝ Ավարայրից մինչև Շուշի, ընդգծել հայ ժողովրդի դերը Հայրենական մեծ պատերազմում՝ Մայիսյան եռատոնի խորհուրդը համարելով միասնությունը, որը բոլոր հաղթանակների գրավականն է: «Արդեն երկրորդ տարին է՝ Եռատոնը դիմավորում ենք պատերազմից հետո ձևավորված նոր իրողություններում, բայց դա չի նսեմացնում մայիսյան հաղթանակների արժեքը: Միասնությունն ու ամուր ոգին մեր ժողովրդին դարձնում են անկոտրում: Մայիսյան հաղթանակները միշտ էլ արդյունք էին միասնության»,-նշել է նա՝ ստեղծված նոր պայմաններում արտաքին մարտահրավերներին դիմակայելու գործում ընդգծելով ՌԴ խաղաղապահ զորակազմի դերը, հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունն ընձեռված հնարավորությամբ ամրապնդելը, ինչը թույլ կտա հաղթահարել դժվարությունները և ապրել ու արարել Արցախում: Միջոցառումն ամփոփվել է գրքերի նվիրատվությամբ: