[ARM]     [RUS]     [ENG]

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԱՐԴԱՏՈՆ՝ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

 

-Նարեկացուն նվիրված Վարդատոնի խորհուրդը ժողովրդի դարձն է բարությանն ու Աստծո ստեղծած աշխարհի նկատմամբ սիրուն:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արցախի գրողների միության նախագահ, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի ռեկտոր Վարդան Հակոբյանն՝ անդրադառնալով բուհում ավանդաբար կազմակերպվող  Վարդատոնի խորհրդին, որն այս տարի նշվել է մայիսի 19-ին:

Միջոցառումը մեկնարկեց համալսարանի բակում՝ վարդերի խոնարհումով Մեծ բանաստեղծի հարթաքանդակին։

Շարունակելով խոսքը, Վ. Հակոբյանը կարևորեց Նարեկացու դերը սերունդների դաստիարակության գործում: 

 «Նարեկացու ստեղծագործության անսպառ հարստությունն է, որ դարեր  շարունակ մեր ժողովրդին առաջնորդում է դեպի Աստված, դեպի լույսն ու բարին: Սերունդները  դաստիարակվում են Նարեկացու ստեղծագործությամբ: Նա այնպիսի հզոր անհատականություն է, ով ընդգրկում է հոգևորն ու աշխարհիկը՝ միաձուլելով մարդկայնությանը, սիրուն, մարդասիրությանը: Նրա հետ Աստծո հաղորդակցությունն աստվածացնում և բարձրացնում է մարդուն»,- ասաց Արցախի ԳՄ նախագահը:

 «Նարեկացին աղոթքի առաքյալ  է». Տիեզերական վարդապետին այսպես բնորոշեց  Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր հովանու մայր տաճարի հոգևոր հովիվ  Տեր Ներսես քահանա Ասրյանը:

«Աղոթքի իրական ընկալումն ինքդ քեզ Աստծո աչքերով տեսնելն ու  սեփական մեղանչական վիճակն զգալն է: Այս բարձունքին է  հասել Նարեկացին՝ տեսնելով ինքն իրեն Աստծո աչքերով: Նա սովորեցնում է մեզ ճիշտ աղոթել՝ տանելով մեզ դեպի Աստված, երկինք և հավիտենականություն», -նշեց հոգևորականը:

Գրիգոր Նարեկացի համալսարանի Որակի ապահովման կենտրոնի տնօրեն, բ.գ.թ., դոցենտ Ամալյա Գրիգորյանը խոսքով՝ Վարդատոնը Նարեկացու  ստեղծագործության վերարժևորումն է, նրա հարուստ հոգևոր ժառանգության միջոցով ազգային արժեհամակարգի պահպանումն ու տարածումը:

ԳՀՆ իրավագիտության ամբիոնի դասախոս, բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանը անդրադարձավ «Մատյան ողբերգության» պոեմում առկա մարդասիրության իրավախախտման և պատժի համաչափության սկզբունքների աստվածային մեկնաբանություններին:

Բանախոսը «Նարեկ» աղոթագիրքը բնութագրեց ոչ միայն ապաշխարության և մեղքերի թողության  ճանապարհ, այլ նաև մարդու հիմնարար իրավունքների սկզբունքների ամրագրում, որն ըստ Ս. Համբարձումյանի՝  նմանություններ ունի այսօրվա իրավական մշակույթին, իրավական պատմությունից մեզ հասած դրույթներին:

Նարեկացու ստեղծագործություններին, լեզվի արվեստին են անդրադարձել բ.գ.դ. պրոֆեսոր Սոկրատ Խանյանն ու դասախոսներ:

Վարդատոնի միջոցառմանը «Նարեկացի» մեդալով են պարգևատրվել մի խումբ գրողներ, մտավորականներ ու համալսարանի դասախոսներ:

Նարեկցիները հանդես են եկել ասմունքով, շարականների կատարմամբ ու ազգային պարով:

Լուսինե ՇԱԴՅԱՆ