[ARM]     [RUS]     [ENG]

«ԱՐՑԱԽՆ ԱՊՐՈՒՄ Է» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ

 

 «Արցախն ապրում է» փառատոնի շրջանակներում մայիսի 20-ին Մարտունու Արթուր Աղասյանի անվան մշակույթի պալատի բեմում էին Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանները՝ «Գծավորը» ներկայացմամբ՝ Մարտունու երեխաների համար: Մշակութային փառատոնը կազմակերպվում է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի բարձր հովանու ներքո, Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի նախաձեռնությամբ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Աննա Դադասյանի հովանավորությամբ։ «Մեր նպատակը հետպատերազմյան Արցախում մշակութային կյանքն ակտիվացնելն է և ապացուցելը, որ Արցախն ապրում է, Արցախում մշակույթն ապրում է: Արցախցին պիտի հետ չմնա և այդ մշակույթի մաս կազմի»,- նշեց Genesis Armenia-ի փիառ-պատասխանատու Գառնի Մութաֆյանը։ Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ծննդով արցախցի Նարինե Գրիգորյանի խոսքով՝ իրենք առանձնահատուկ վերաբերմունք ունեն Արցախի հանդեպ. «Հասկանում ենք, որ մեր առաքելությունն է այնպես անել, որպեսզի երեխայի հեքիաթը չկոտրվի: Չի կարելի թողնել, որ ընդհատվի նրա մանկությունը: Արցախցի երեխան պիտի գիտակցի, որ մենակ չէ՝ մենք ենք նրա թիկունքը»։
Նույն օրը քաղաքի կենտրոնական հրապարակում անց է կացվել ազգագրական՝ «Կարնո քոչարի», «Կոմիտասի շորոր», «Փափուռի» պարերի բաց դաս՝ «Հետք» հայ մշակույթի զարգացման և ազգագրական պարի կենտրոնի հիմնադիր-տնօրեն, պարուսույց Միհրան Կոստանյանի կողմից: «Հայ լինելու համար պետք է բացահայտել ազգային ինքնությունը, ճանաչել սեփական մշակույթը, իմանալ՝ որտեղից ենք եկել, ուր ենք հասել և ուր ենք գնալու։ Մշակույթը ճանաչելու համար պետք է տիրապետել նրա կարևորագույն տարրին՝ ազգագրական պարին, որի միջոցով է ժողովրդին փոխանցվում սովորույթների, գաղափարների ճանաչումը»,- մեզ հետ զրույցի ժամանակ ասաց նա։ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանն էլ մասնավորապես նշեց. «Հայաստանն Արցախով է ուժեղ, այս հողի վրա ապրող յուրաքանչյուր հայի ոգու ամրության, արարելու, ապրելու, ստեղծագործելու կամքով ենք ուժեղ»։
Երեկոյան Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը Մարտունու հանդիսատեսին ներկայացրեց «Լոռեցի Սաքոն» բեմադրությունը։

 

 

Լուսինե ԴԱՇՅԱՆ