Միջազգային գիտաժողով՝ Արցախում
Ստեփանակերտում 2022թ. հոկտեմբերի 29-ին նախատեսվում է «Գիտության և կրթության դերը պետության զարգացման գործում» խորագրով միջազգային գիտաժողով, որը կազմակերպում է Մեսրոպ Մաշտոց Համալսարանը։
Բուհի գործունեության 25-ամյակին նվիրված գիտաժողովին կարող են մասնակցել Արցախի, ՀՀ և արտասահմանյան բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների գիտաշխատողներ, ասպիրանտներ, հայցորդներ, դասախոսներ, գիտությունների թեկնածուներ ու դոկտորներ: Ոլորտներն են՝ պատմություն, իրավագիտություն, քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ, արևելագիտություն, տնտեսագիտություն, մանկավարժություն, սոցիոլոգիա, հոգեբանություն, բանասիրություն, լրագրություն և այլն։
ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը մեզ հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր մասնագետ կարող է ներկայացնել հետազոտություն՝ բացահայտելով ոլորտի ազդեցությունը կրթության և գիտության զարգացման գործում:
«Կրթությունն ու գիտությունը պետության զարգացման հիմնական խթանիչ ուժն են: Առանց դրանց հնարավոր չէ կայուն զարգացում ու անվտանգություն ապահովել: Թեման արդիական է, քանզի, հատկապես հետպատերազմյան երկրներում, ճգնաժամային իրավիճակներից դուրս գալը և պատերազմի հետևանքները չեզոքացնելը հնարավոր է միայն կրթության ու գիտության զարգազման միջոցով»,-ասաց Հ. Ավանեսովը:
Գիտաժողովը մասնակիցների համար բավականին լայն հարթակ կլինի փորձի փոխանակման համար:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Այն անցկացվելու է առկա ձևաչափով: Հեռակա մասնակիցների համար նախատեսվում է հեռավար միացում (տեխնիկական խնդիրներից խուսափելու համար կազմակերպիչները խնդրում են ուղարկել նաև զեկույցի տեսաձայնագրությունը):
Աննա Ալեքսանյան