[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՕՐ ԱՌԱՋԻՆ

 

Հունիսի 7-ին Ստեփանակերտի հ. 2 և հ. 6 հիմնական դպրոցներում ստեղծված քննական կենտրոններում մեկնարկեցին միասնական քննությունները «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից: Քննություններին հայտագրվել էին համապատասխանաբար 103 և 8 դիմորդ: Քննական կենտրոններում առավոտյան ժամը 7-ից սկսվեցին ընթացակարգային աշխատանքները: Տեղում էին ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Հասմիկ Մինասյանը, Միքայել Համբարձումյանը, քննություններն անցկացնող՝ ԱՀ ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանը, վերահսկող՝ ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ, ինչպես նաև դպրոցներից և ԳԹԿ-ից ներգրավված կազմակերպիչներն ու ներկայացուցիչները: Քննություններն սկսվելուց առաջ կենտրոններ ներկայացավ նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը և հաջողություններ մաղթեց դիմորդներին:

Յու. Քարամյանից տեղեկացանք, որ կենսաբանության քննությունից բացակայում է երկու դիմորդ: Ինչպես քիչ հետո նա պարզեց, մեկը զորացրված զինվոր էր, որը, հրաժարվել էր ներկայանալ, մյուսը՝ դիրքում գտնվող զինծառայող, որը ինչ-ինչ պատճառներով չէր թողել դիրքը: Նրանք հնարավորություն ունեն քննությունների հիմնական փուլից հետո լրացուցիչ փուլին նորից հայտագրվել:
ԱՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հակոբյանը լրագրողներին տված ճեպազրույցում ասաց, որ վստահ է՝ դիմորդները հաջողությամբ կհանձնեն քննությունները, քանի որ ուսումնական տարում հասցրել են լրացնել բաց թողնված նյութը:
Նշենք, որ կենսաբանություն հանձնող դիմորդների կեսը «Բուժական գործ» մասնագիտությունն են ընտրել, մի մասը՝ ԱրՊՀ քիմկենսաբանությունը, ավելի փոքր մասը՝ «Հոգեբանությունը» և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ագրարային բաժինը: Այս տարի առաջին անգամ են հոգեբանի մասնագիտություն ընտրածները կենսաբանությունից միասնական քննություն հանձնում:
Քննությունն սկսվելուց մեկ ժամ անց արդեն դիմորդներն սկսեցին դուրս գալ քննասենյակից: Նրանք հիմնականում աշխարհագրություն հանձնողներն էին: Անի Ավանեսյանը՝ Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղից, մեզ հետ զրույցում ասաց, որ լավ է գրել, դրական անպայման կստանա և կընդունվի: Որոշել է ուսուցիչ դառնալ:
«Կենսաբանություն» հանձնողներից հ. 11 դպրոցի շրջանավարտ, «Բուժական գործ» մասնագիտությունն ընտրած Իգոր Կարապետյանը, ում Արցախում ճանաչում են թաեքվոնդո մարզաձևում ունեցած հաջողություններով, Արցախի և ՀՀ բազմակի չեմպիոն է, միջազգային մրցաշարերի մրցանակակիր: Ուրախ-ուրախ դուրս եկավ քննասենյակից, ասաց, որ լավ է գրել և բարձր միավոր կվերցնի: Կշարունակի՞, արդյոք, սպորտով զբաղվել հարցին պատասխանեց. «Միշտ երազել եմ դառնալ լավ բժիշկ, շարունակել իմ նախընտրած մարզաձևով պարապել և մասնակցել տարբեր մրցաշարերի: Թաեքվոնդո պարապող մարդիկ լավ հնարավորություն ունեն լինել ֆիզիկական լավ վիճակում, ունենալ առողջ մարմին: Լավ բժիշկը պետք է նաև առողջ մարմին ունենա»:
Յու. Քարամյանից տեղեկացանք, որ քննությունների ավարտից մեկուկես ժամ անց atc.am կայքում կտեղադրվեն ճիշտ պատասխանները և դիմորդները հնարավորություն կունենան համեմատել և իմանալ իրենց աշխատանքի արդյունքները: Իսկ պաշտոնապես գնահատականները կհրապարակվեն 5-րդ օրը:

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Լուսանկարները՝ Ռուսլան Սարգսյանի