[ARM]     [RUS]     [ENG]

Նոր գիրք՝ Հադրութի Դրախտիկ գյուղի մասին

 

Այսօր՝ հունիսի 8-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացավ «Դրախտիկ. Եդեմի փոքրիկ մասունք» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակ, օկուպացված Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղից տեղահանված Մանվել Հովսեփյանը ներկայացրել է հայրենի բնօրրանը տարբեր ժամանակաշրջաններում՝ Արցախյան շարժումն ու առաջին պատերազմը, Ապրիլյան քառօրյան, Արցախյան երրորդ պատերազմը,  ինչպես նաև զետեղվել են հանուն հայրենիքի նահատակված դրախտիկցիների կենսագրությունները: Հեղինակի խոսքով՝ հայրենի գյուղի մասին որոշել էր գրել դեռևս 2017 թվականին, երբ դեռ ապրում էր Դրախտիկում: Արդեն բավականին ուսումնասիրություններ էր կատարել, տեղեկություններ հավաքել, սակայն 44-օրյա պատերազմի հետևանքով չկարողացավ փրկել հավաքած տվյալները: «Պատերազմից հետո մեծ դժվարությամբ նորից ուժ գտա և կիսատ թողած գործս ավարտին հասցրեցի: Նշեմ, որ գրքում զետեղված են նաև այնպիսի փաստեր, որոնք առ այսօր որևէ պատմական գրությունում շեշտված չեն: Յուրաքանչյուր դրախտիկցու փորձելու եմ հասցնել գիրքը, բայց հատկապես ցանկացել եմ մեկական օրինակ նվիրել Արցախյան պատերազմներում նահատակված մեր ընկերների ընտանիքներին»,-ասաց հեղինակը: Շնորհանդեսն ուղեկցվեց Հադրութի արվեստի դպրոցի սաների երաժշտական կատարումներով։

Աննա Ալեքսանյան