Նոբելյան մրցանակի հայ դափնեկիրը մրցանակը հանձնեց Պատմության թանգարանին
Լիբանանահայ նյարդաբան, մոլեկուլային կենսաբան Արտեմ Պատապուտյանը 2021 թվականին բժշկության ոլորտում արժանացել է Նոբելյան մրցանակի։ Հունիսի 14-ին Նոբելյան մրցանակի դափնեկիրը մրցանակի կրկնօրինակը նվիրել է Հայաստանի Պատմության թանգարանին: Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել նրան նվիրված նամականիշի մարման արարողությունը:
Բժշկության 2021թ. Նոբելյան մրցանակը գիտնականին շնորհվել է ջերմաստիճանի և հպման ռեցեպտորների հայտնաբերման համար:
Արտեմ Պատապուտյանը 9-րդ Նոբելյան մրցանակի դափնեկիրն է, որ այցելում է Երևանի պետական բժշկական համալսարան: Մոլեկուլային կենսաբանի համագործակցությունը բժշկականի հետ սկսվել է 2016-ին, երբ գիտնականը ներկայացրեց «Շոշափելիքի ընկալումը. ինչպես ենք զգում ջերմաստիճանն ու ճնշումը» առաջին դասախոսությունը: Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում ծանոթանալով հետազոտական նոր հնարավորություններին` նյարդաբանն ասաց, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր է հասնել նոր հաջողությունների:
Արտեմ Պատապուտյանի խոսքով՝ Հայաստանում գտնվելու պատճառներից մեկը գիտության ոլորտի զարգացումներին ծանոթանալն է: «Ցանկությունս է՝ հիմք դնել նոր համագործակցության: Հայաստանի կառավարությունը վերջին տարիներին ավելացրել է գիտության և հետազոտությունների ֆինանսավորումը: Սա ոլորտի զարգացման առաջին կարևոր քայլերից է»:
Արտեմ Պատապուտյանին շնորհվեց Բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:
Այնուհետև տեղի ունեցավ դասախոսություն՝ բուհի ուսանողների համար՝ «Ինչպես ես քեզ զգում. զգացող մոլեկուլները հպվում են» թեմայով: Մասնագիտական զեկույցից զատ` Նոբելյան մրցանակի դափնեկիրը չի մոռացել խոսել նաև հայկական արմատների մասին: «Ես հայ եմ ու շատ հպարտ եմ դրա համար: Հուսով եմ, որ իմ օրինակը ոգևորիչ կլինի այստեղ հավաքված երիտասարդ գիտնականների համար։ Իրականում ամեն ինչ հնարավոր է, եթե դա պատահեց ինձ հետ, դա կարող է պատահել նաև ձեզ հետ»:
Գիտական հետազոտությունների մեկնարկից մինչև Նոբելյան մրցանակ հայազգի գիտնականի ճանապարհը ձգվեց 20 տարի: Դժվարություններն ամեն քայլափոխի են, բայց դա նաև օգնում է քայլել ճիշտ ճանապարհով՝ Հայաստանի պատմության թանգարանում հյուրերին ասաց Նոբելյան մրցանակի դափնեկիրը՝ խոսելով գիտական հաջողությունների մասին:
Բացահայտումների համար, ըստ գիտնականի, կարևոր է նաև համբերությունը: Գիտության մեջ առավել կարևոր է գրանցված արդյունքների կիրառումը աշխարհի մակարդակով:
«Մեկ հարցի շուրջ կարող են լինել տարբեր մոտեցումներ, բայց կարևորը բոլոր պատկերացումների ճիշտ համադրումն է: Հետազոտությունների մեջ ես չեմ շտապում, այդպես սխալվելու հավանականությունը գրեթե զրո է: Ես պատրաստ եմ իմ տարիների փորձով կիսվել հայ գիտնականների հետ: Վստահ եմ՝ մոտ ապագայում համատեղ ուժերով ականատես կլինենք գիտական նոր բացահայտումների»:
Ստացած Նոբելյան մրցանակի կրկնօրինակը հայ գիտնականը նվիրեց պատմության թանգարանին, այն կներկայացվի բոլոր ցուցադրություններին:
Եվ՝ անակնկալ Նոբելյան մրցանակի արժանացած առաջին հային: Նոր նամականիշ՝ «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Պատապուտյան»:
350 դրամ անվանական արժեքով նամականիշի դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է: Այն տպագրվել է Ֆրանսիայում` 20 000 տպաքանակով: Արտեմ Պատապուտյանն ընտրվել է նաև ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ:
Լաուրա Գրիգորյան