ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱՐՎԵՍՏԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ՝ ԱՎԵԼԻ ՄՈՏ
Մրցույթ
Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում հունիսի 16-ին տեղի ունեցավ Ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթը, որին մասնակցեցին 7 մասնագիտությունների գծով 82 հոգի, որից 55-ը անհատ կատարողներ, ԱՀ երաժշտական ու արվեստի դպրոցների շնորհալի սաներ, ինչպես նաև խմբեր, նվագախմբեր, որոնք հանդես եկան երկուական ստեղծագործությամբ՝ մասնակիցների կամ խմբերի ղեկավարների ընտրությամբ, տևողությունը՝ 7-8 րոպե։
«Անչափ կարևորում եմ այս մրցույթը, որն արդեն կայացել է և արդեն քանի տարի անց է կացվում Արցախում։ Այն մեծ նշանակություն ունի Արցախի երաժշտական ու արվեստի դպրոցների միջև շփման, համագործակցության և հանրապետությունում ազգային նվագարանների ուսուցման գործընթացի զարգացման համար, շնորհաշատ աշակերտների բացահայտման, նրանց ստեղծագործական կարողությունների և հմտությունների հետագա զարգացման, մատաղ սերնդի շրջանում ազգային գաղափարախոսության քարոզչության ազգային ակունքներին ավելի մոտ կանգնելու համար։ Մրցույթը նախաձեռնել է մշակույթի նախարարությունը, երբ առանձին էր, և պետք է գնահատել երևույթը, որը հնարավորություն է տալիս շնորհալի երեխաներին ի հայտ գալ»,- զրույցի ժամանակ ասաց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Լոս Անջելեսի «Մաշտոց» ազգային համալսարանի պրոֆեսոր, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ոսկե մեդալակիր, մրցույթի հանձնախմբի անդամ Մարգարիտ Շահինյանը։
Մրցանակային տեղեր զբաղեցրած սաները և խմբերն արժանացան ԱՀ ԿԳՄՍ նախարարության վկայագրերի և դրամական պարգևների:
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ