ՀԵՌԱՑՈՂ ՄՏԵՐՄԻԿ ՀՈՒՇ...
Վերջերս լույս է տեսել Սոֆյա Սարգսյանի «Հոգու արձագանք» ժողովածուն: Սա հեղինակի 6-րդ գիրքն է և նախորդ ժողովածուների հանգով այն ևս սկսվում է բանաստեղծությամբ, հետո շարունակվում՝ արձակով: Առանձին շարքով գրքում տեղ ունեն պատմվածքներ, ճամփորդական նոթեր:
Ընթերցողի համար նման հետաքրքիր և յուրատեսակ զրուցարանն ավարտվում է հեղինակի՝ «Ստեփանակերտ» թերթի գլխավոր խմբագրի գործունեությանն առնչվող և մի առանձին զվարթություն պարգևող փնջով:
Թերթի առատ փոստից քաղված մտքի «գոհարները», հիրավի, հրաշալի ամբողջացնում են ժողովածուի բազմաշերտ ասելիքը:
Ինձ համար յուրաքանչյուր գրքի ընթերցում առանձնանում է նրա առանցքային կերպարի ընտրությամբ:
«Հոգու արձագանք»-ում իմ ընտրյալ հերոսը Արքոն է:
Անցած օրերի հուշի մի պատառիկն է պատմվածքի նյութը, իսկ կերպարը՝ իր պարզությամբ հյութեղ ու լուսավոր: Հատկանշական է, որ իրենց մանկության նման գունեղ կերպարներին անդրադարձել են աշխարհահռչակ գրողներ, ռեժիսորներ, նկարիչներ:
Նման կերպարներից է Սոֆյա Սարգսյանի կերտած Արքոն: Հեղինակի ծննդավայր Եղեգնաձորում էր ապրում Արքոն: Ո՞վ է այդ կինը, ում անվան մեջ թե մի տառ փոխեիր, թագակիր մեկի հետ կարող էր իրեն շաղկապեր, սակայն պարզ աշխատանք ու զբաղմունք ուներ:
Քաղաքի բակերից մեկի մաքրուհին էր Արքոն և իր գործը կատարում էր յուրատեսակ ջանասիրությամբ ու արվեստով:
«Բազմահարկ շենքերով շրջապատված բակի «աքաղաղն» էր Արքոն: Հսկայական ցախավելով «զինված», առավոտ-մութուլուսին հայտնվում էր բակի կենտրոնում...Հաշված րոպեների ընթացքում մաքրում էր արևածաղկի կճեպներով, կոնֆետի թղթերով, ծխախոտի մնացորդներով ու կենցաղային զանազան թափոններով աղտոտված տարածքը: Այսպիսով ազդարարվում էր ամենօրյա այգաբացը»:
Ընթերցողիս համար Արքոյի կերպարը միայն իր կենսագրությամբ չէ, որ ամբողջանում է, քանզի շատ աղերսներ ունի ոչ միայն արվեստի տարբեր ճյուղերից հառնող նմանատիպ հերոսների, այլև մեր իսկ հուշերում պինդ նստած իրական մարդկանց կերպարների հետ: Մենք ամեն օր էլ նրան իր յուրահատուկ սանրվածքով ենք տեսնում.
«Մազերը մշտապես կտրում էր ականջների ուղղությամբ, կիսակլոր սանր էլ՝ անպայմանորեն խոթում ճակատի վրայից անփութորեն ետ սանրված մազերի մեջ՝ երեք քառորդ դար անընդմեջ պահպանելով միևնույն՝ իր համար միակ ու մոդայիկ սանրվածքը»:
Իսկ բակն ավլողները, չգիտես ինչու, առաջինն են տեղեկանում թարմ լուրերին: Դա էլ երևի իրենց զբաղմունքի գաղտնիքն է, գուցե մարդկանց դեն նետած իրերը մի անիմանալի հնարքով նաև նրանց մտքերն ու հույզերն են իրենց հետ տանում...
Հաճախ թվում է, թե մեր շրջապատում շատերը չէ, որ կարող են խառնվել մեր առօրյային ու չեն կարող ազդել մեր աշխարհընկալմանը: Սակայն, որոշակի կենսափորձը էականորեն փոխում է մեր հայացքի նժարը՝ շրջապատի ամեն ինչի և ամենքի հանդեպ:
Այդպես է և Արքոյի պարագայում: Հենց մեր աչքի առջև են զարգանում «Արքո, ինչո՞ւ մեռար» պատմվածքի իրադարձությունները: Տեսնում ենք Արքոյի անհանգիստ էությունը՝ ոչ միայն քաղաքի նորություններին առաջինը տեղեկանալու հմտությամբ, այլև իր ազնիվ վաստակով շրջապատի մարդկանց հավասար ապրուստ ունենալու, նրանցից հետ չմնալու մշտապես աննահանջ ձգտումով: Ապրում էր իր իսկ խոսքով «խոնավ ու նեղ» տան մեջ, սակայն անհանգիստ բնավորությունն իր կյանքը փոխելու ելք էր փնտրում: Եվ ահա բակի մաքրուհու չնչին վաստակն ավելացնելու համար ինքն այլ հնար ուներ.
«Գարնան բանջարների առաջին նուբարը դաշտերից Արքոն էր բերում: Մանկան պես հրճվում էր վաստակած փոքրիկ գումարի վրա և, տարիքն ու հոգնությունը մոռացած, նորից ետ վազում դաշտ...»:
Ծանոթ պատկեր է, չէ՞, ասես, հենց մեր հարևանությամբ է ապրել Արքոն և մենք էլ հաճախ ենք օգտվել նրա քաղած բանջարից:
Ուստի պատահական չէ, որ մեզ համար ինչ-որ տեղ սովորական ռիթմից դուրս ապրողները հանկարծ հառնում են այլ լույսի ներքո և ստիպում առավել սթափ գնահատել սեփական կենսագրությունը: Նրանք թեև աննկատ են լցնում ժամանակը, սակայն բացակայությունը, պարզվում է, շատ է նկատելի... ՙՕրերից մի օր էլ Արքոյի ձայնը կտրվեց թաղամասի բնակիչների ականջներից: Լռեց ամենօրյա ցայգալույսի ՙծուղրուղուն՚: Բակն աստիճանաբար սկսեց նմանվել լքված տաղավարի: Մարդիկ սկսեցին ուշանալ աշխատանքից...Կարծես թե մի կարևոր, շատ կարևոր բան պակասեց քաղաքից: Ոչ ոք այլևս սրան ու նրան ականջալուր չէր անում քաղաքի նորությունները, առաջինը չէր նստում բացվող շուկայի դռանն ու փողոցները չէր «զարդարում» իր նարնջագույն ծաղկանոց-խալաթի մեջ ամփոփված ներկայությամբ: Կար ու այլևս չկա: Մնաց միայն հիշողությունը...
...Երբ բնակիչները երկար քնից արթնանում են աշխատանքից ուշացած, ալարկոտ հորանջելով մի կերպ աչքերը բացում են և դժգոհ նայելով ժամացույցին՝ ափսոսանքով արտաբերում են.
-Հե՜յ գիտի Արքո, ինչո՞ւ մեռար, այն ժամանակներում աշխատանքից երբեք չէինք ուշանում:
Հենց պատմվածքի բերած այս փիլիսոփայությամբ է բակ ավլող Արքոն խառնվել մինչ իրեն ստեղծված նմանատիպ կերպարներին: Կապ չունի, թե ո՞ր իրականության ծնունդ են նրանք, քանզի նրանք ո՛չ ծերանում են, ո՛չ էլ ասպարեզից հեռանում, պարզապես, ժամանակի հետ անվանափոխվում են՝ ժամանակակից մնալու համար...
Իսկ սա յուրատեսակ հավասարակշռությունն է մեր օրերի, մեզ իրենց աքցանով կալմեջ արած մտքերի՝ այն հիշեցմամբ, թե ինչ իմանաս կյանքն ինչպիսի խութեր ունի քեզ համար պահած...
Հեռացող մտերմիկ հուշը հաճախ է ցավեցնում մեր հոգին, և դրան խառնված իրական կերպարները փորձում ենք անխաթար պահել հենց հուշի նվիրական հետագիծը երևացնելու համար: Մեր հոգու նման արձագանքը ամենից առաջ հենց մեզ է հարկավոր...
Նվարդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ