ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱՌԱՋԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Արդեն հայտնի են առաջին միասնական քննությունների՝ «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների արդյունքները: Ինչպես հայտնի է, դրանք հրապարակվում են քննությունների անցկացումից հետո հինգերորդ օրը: Արդյունքների շուրջ զրուցեցինք ԱՀ ԳԹԿ տնօրեն Յուրի ՔԱՐԱՄՅԱՆԻ հետ:
«Կենսաբանություն» առարկայի քննությանը մասնակցել է հայտագրված 103 դիմորդից 101-ը: Գրանցվել են հետևյալ արդյունքները.
44 հոգի, որը կազմում է մասնակիցների 43%-ը, ստացել է 0-7,25 միավոր (դրական են հաշվվում 7,5 և բարձր միավորները): 27 դիմորդ ստացել է 7,5-13,75 միավոր, 19-ը՝ 14-17,75, 11 հոգի՝ 18-20 միավոր: Ամենաբարձր միավորը եղել է 19,5, որը ստացել է մեկ հոգի: 19,25 միավոր ստացել է 2 հոգի:
Յուրի Քարամյանի վերլուծությամբ՝ նախորդ տարվա համեմատությամբ այս տարի այդ առարկաների քննությունների արդյունքները ցածր են: Այսպես, անցած տարի ամենաբարձր՝ 20 միավոր, երկու հոգի ստացող եղել է: 0-ից մինչև 7,25 միավոր, այսինքն՝ ՙանբավարար՚, ստացողները կազմել են 32 տոկոս, իսկ այս տարի 44 տոկոս է: 18-20 միավորները կազմել են 26 տոկոս, հիմա՝ 11 տոկոս:
Ինչո՞վ են բացատրվում այս արդյունքները: Փաստորեն քովիդից և 44-օրյա պատերազմից հետո առաջին տարում դիմորդների արդյունքներն ավելի բարձր են եղել, քան հիմա: Արդյոք, թեստե՞րն են այս տարի ավելի դժվար եղել: ԳԹԿ տնօրենն ասաց, որ թեստերի բարդության կամ որևէ անճշտության վերաբերյալ դիմորդների կամ ուսուցիչների կողմից արձագանք չի եղել: Բայց նա ունի իր բացատրությունը անցյալ տարվա համեմատությամբ այս տարվա ցուցանիշների նվազման վերաբերյալ: ՙՀիմնական դպրոցի 2-3 տարվա բացթողումը հիմա ենք զգում: Պատերազմի, քովիդի պատճառած վնասները դպրոցը ոչ այնքան նույն, այլ հաջորդ տարիներին է ավելի շատ զգում: Իմ պատկերացմամբ՝ եկող տարի էլ է զգացնել տալու: Դպրոցն այդպիսին է. հիմքը պետք է ստեղծվի, որ հետագայում լավ արդյունքներ տա,-պարզաբանեց Յու. Քարամյանը: - Պատերազմից անմիջապես հետո արդյունքներն ավելի բարձր են եղել, քանի որ հիմնական բազան արդեն ունենալով են աշակերտները եկել ավագ դպրոց և այստեղ 1-2 տարին այնքան չի ազդել նրանց գիտելիքների որակի վրա, մանավանդ որ, գրեթե բոլորը կրկնուսուցման մեջ են ընդգրկված՚:
0-7,25 միավորների /անբավարար/ մեծ քանակի համար մեկ այլ բացատրություն էլ կա: ՙԿենսաբանություն՚ առարկայից այս տարի միասնական քննություն են հանձնել նաև ՙՀոգեբանություն՚ մասնագիտություն ընտրած դիմորդները: ՙԿենսաբանությունը միշտ էլ եղել է մրցութային քննություն, բայց հնարավոր է եղել վերցնել ատեստատի գնահատականը վճարովի ուսուցման համակարգի համար: Բայց այս տարի նաև վճարովի տեղի համար ընդունվողը պարտադիր պետք է միասնական քննություն հանձնի: 37 դիմորդների մեծ մասն անպատրաստ է եղել: Պատկերացրեք 1, 2, 2.5 միավորներ ստացողներ էլ կան՚,- ցավով նշեց ԳԹԿ տնօրենը: Եվ դրանում նա երկու պատճառ է տեսնում: Ընդհանրապես բուհ ընդունվելու մտադրությամբ աշակերտները երկու տարի առաջ պետք է իմանան, թե ինչ քննություններ են հանձնելու: ՙՀոգեբանություն՚ ընտրածներն ասում են, որ մեկ ամիս առաջ են իմացել, որ պետք է ՙԿենսաբանություն՚-ից միասնական քննություն հանձնեն, չնայած այդպես չէ. չորս ամիս առաջ արդեն հրապարակվել էր այդ մասին, տեղեկացրեց ԳԹԿ տնօրենը: ՙՄեր կրթության մի թերությունն էլ այն է, որ աշակերտները ավագ դպրոցում սովորում են ոչ թե գիտելիք ստանալու, այլ քննության համար,-շարունակում է իր պարզաբանումը Յու. Քարամյանը: -Եթե նրանք սովորեին գիտելիք ստանալու համար, տարբերություն չէր լինի, թե որ առարկայից են քննություն հանձնում: Բայց մեր աշակերտները 10-րդ դասարանից սկսում են նախապատրաստվել բուհի քննություններին շտեմարաններով և այլ ձեռնարկներով: Միջնակարգ դպրոցն ավարտողը պետք է կարողանա ամեն առարկայից գոնե նվազագույն դրական շեմը հաղթահարել: Ի՞նչ է նշանակում 1 կամ 2 միավոր ստանալ, և այդպիսինները շատ են եղել՚:
ՙԿենսաբանություն՚ հանձնողների գրեթե կեսը Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի ՙԲուժական գործ՚ մասնագիտության համար հայտագրվածներներն են: 2020թ. 5 անվճար տեղի համար 7 հոգի ստացել էր 20 միավոր: Ե՜վ քովիդ կար, և՜ պատերազմ էր, ու աշակերտները մի քանի ամիս դպրոց չեն գնացել, բայց քանի որ լավ բազա ունեին/, փայլուն ցուցանիշներ են գրանցել: ՙՄենք մեծ խնդրի առաջ էինք կանգնած մրցույթի ժամանակ և արդեն լրացուցիչ չափորոշիչների միջոցով ենք մրցույթը կազմակերպել: Իսկ այս տարի ընդհանրապես 20 միավոր չկար՚:
ՙԱշխարհագրություն՚ առարկայի միասնական քննությանը մասնակցել են հայտագրված բոլոր 8 դիմորդները: Յու. Քարամյանը նրանց ցուցանիշները գնահատեց միջին: Նախորդ տարի մեկ հոգի էր ՙԱշխարհագրություն՚ հանձնել, որը ստացել էր 18, 5 միավոր: Այս տարի երեք հոգի ստացել են 0-7,25 միավորներ, երեք հոգի՝ 7,5-13, 75, երկու հոգի՝ 14- 17,75 միավորներ: 18-20 միավոր ստացող չի եղել: Այստեղ ամենաբարձրը 17 միավոր է, որը ստացել է մեկ հոգի: ՙԱյստեղ էլ խնդիր ունենք: Ընդհանրապես ՙԱշխարհագրություն՚ առարկան հանձնում են միայն ՙԱշխարհագրություն՚ մասնագիտություն ընդունվողները: Բնագիտական առարկաներից ամենաբարձիթողի վիճակում ՙԱշխարհագրություն՚-նն է, որին ընդհանրապես աշակերտները չեն պատրաստվում: Եթե միայն մեկ մասնագիտության համար է այն, աշակերտները ուշադրություն չեն դարձնում, բայց չէ՞ որ ՙԱշխարհագրություն՚-ը կարևորագույն առարկաներից մեկն է: Այդ է պատճառը, որ այս տարի արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն՚.- ասաց Յու. Քարամյանը:
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ