[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐ՝ ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ԵՎ ՃԱՐՏԱՐՈՒՄ

 «Ֆրանկոֆոն մշակույթների բազմազանությունը» ծրագրի շրջանակում Արցախում են գտնվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի, Գյումրու հ. 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրենները, սաներն ու ուսանողները: Հունիսի 20-ին Մարտունու Նելսոն Ստեփանյանի անվան միջնակարգ հոսքային դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Վ. Խաչատրյանի անվան արհեստագործական ուսումնարանի, Ա. Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ուսուցիչների և սովորողների հետ: Ներկա էին շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, տեղակալ Վադիմ Դանիելյանը, ՄԵ հարցերի բաժնի վարիչ Անի Խաչատրյանը: Շնորհակալություն հայտնելով հյուրերին, Է. Ավանեսյանը կարևորեց նման միջոցառումները՝ փորձի փոխանակման ու շփման տեսանկյունից: «Հույս ունեմ, որ մոտ ապագայում արդյունքները մեզ համար տեսանելի կլինեն: Ցանկանում եմ, որ նման այցելությունները շարունակական բնույթ կրեն: Իսկ մեր կողմից կարվի այն ամենը, ինչ անհրաժեշտ կլինի այդ կապն ամրապնդելու և դասընթացների ընթացքում առաջացած խնդիրներին լուծում տալու համար»,-ասաց շրջվարչակազմի ղեկավարը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա մարտ ամսից մեկնարկել է ծրագիր՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և ֆրանսահայ հանրաճանաչ գեղանկարիչ Ժան Կարզույի 115-ամյակին: Նա կարևորեց հետպատերազմյան ժամանակահատվածում նորից Արցախ այցելելն ու կրթամշակութային ծրագրերը շարունակելը: «Մենք կարևորում ենք, որ հայաստանաբնակ դեռահասները ճանաչեն Արցախն իր խնդիրներով: Տարիներ շարունակ ամառային դպրոցի ծրագրեր ենք իրականացրել՝ Վանաձորում կազմակերպելով ճամբարներ, և ամեն տարի Արցախից տասնյակ դեռահասներ մասնակցել են դրանց»,-ասաց ՄՊՍԿ տնօրենը: Գյումրու հ. 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը մասնավորապես նշեց. «Արցախի հողը մեզ համար սրբություն է, մեր բարեկամությունը մենք ավելի ենք ամրապնդելու: Հայաստանն ու Արցախը մեկ մարմին են, մեկ հայրենիք»: Այնուհետև Մարտունու հ.1 դպրոցում և արհեստագործական ուսումնարանում անցկացվեցին վարպետաց դասեր` գեղանկարչություն, պարարվեստ, կվիլինգ, կավագործություն, վիտրաժ, խոհարարություն, ուլունքագործություն, վարսավիրություն, դհոլ, դուդուկ, երգ, համակարգչային աշխատանքներ և բատիկա մասնագիտություններից: Հանդիպման վերջում կնքվեցին հուշագրեր՝ հետագայում համատեղ կրթամշակութային տարբեր միջոցառումներ իրականացնելու համար: Վարպետաց դասեր են անցկացվել նաև Ճարտարի հ.1 դպրոցում:

Նարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ