«Ապրելու ձայնի» մանկության երանգները. ցուցահանդես Ստեփանակերտում

 

Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնի Ֆահե Ֆաթալի անվան սրահում տեղի է ունեցել Համազգային հայ կրթական և մշակութային միության նկարչության խմբակների սաների «Մանկության երանգներ» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը կազմակերպվել է «Ապրելու Ձայնը» գրական-մշակութային օրերի շրջանակներում։ Բացման խոսքում Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը նշել է, որ խմբակները ձեւավորվել են դեռևս 44-օրյա պատերազմի օրերին։ Ցուցահանդեսն ամփոփումն է 2 տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքը։ Նկարչության դասընթացավար Գեղանուշ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին նման հնարավորություն ընձեռելու համար՝ կարևորելով ցուցահանդեսը, քանի որ խմբակի սաներից շատերն առաջին անգամ են իրենց գործերը ներկայացնում հանրությանը։ Միջոցառմանը Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանի կողմից շնորհակալագրերի արժանացան նկարչության և հմուտ ձեռքերի խմբակների ուսուցիչներ` Գեղանուշ Սարգսյանը, Կարինե Սարգսյանը, Սոսե Քոչարյանը և Նաիրա Սարգսյանը։ Ցուցահանդեսն ուղեկցվել է Համազգայինի պարախմբի սաների գեղեցիկ կատարումներով։ «Ապրելու Ձայնը» խորագիրը կրող գրական-մշակութային օրերի միջոցառումները կշարունակվեն նաեւ այսօր՝ հունիսի 30-ին, իսկ վաղը՝ հուլիսի 1-ին, մայրաքաղաք Ստեփանակերտում կկայանա գրական-մշակութային օրերի փակման արարողությունը և սիրված երգչուհի Շուշան Պետրոսյանի մենահամերգը։

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ