[ARM]     [RUS]     [ENG]

«Իրական դպրոց»-ն արդեն նաև Արցախում

 

Առաջիկա ուսումնական տարվան ընդառաջ՝ Արցախում «Իրական դպրոց» կրթական ծրագրի ներդրման կապակցությամբ այսօր՝ հուլիսի 28-ին, Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի է ունեցել Բաց դաս-հանդիպում: Միջոցառմանը, որին ներկա էին Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, կրթության ոլորտի պատասխանատուներ, «Իրական դպրոց» ծրագրով հետաքրքրված ծնողներ ու աշակերտներ, ներկայացվել են կրթական այս ծրագրի առանձնահատկություններն ու գաղափարը: Պետական նախարար Արտակ Բեգլարյանը անհրաժեշտություն է համարել «Իրական դպրոց»-ի ներդրումն Արցախում՝ նշելով, որ կրթական ծրագրի հիմնադիր տնօրեն Վահագն Պողոսյանի հետ հարցը տարիներ առաջ է քննարկվել:

Արտակ Բեգլարյանը համոզմունք հայտնեց, որ արդյունքները տեսանելի կլինեն շուտով, ինչը կրթական համակարգում համարձակ բարեփոխումներ իրականացնելու և նորարար մոտեցումների հիմք կհանդիսանա: «Իրական դպրոց»-ի հիմնադիր տնօրեն, «Առաջատար տեխնոլոգիաների, ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության կրթական բաժնի ղեկավար Վահագն Պողոսյանի խոսքով՝ ծրագիրը գործում է դեռևս 2016 թվականից։ Այս տարի «Իրական դպրոց»-ներ են բացվել Իջևանում և արդեն նաև Ստեփանակերտում: «Քանի որ հասարակության մի զգալի մասը բուհ չի ընդունվում, մեր խնդիրն է աջակցել, որպեսզի նրանք տեղ գտնեն և հմտանան մեկ այլ ոլորտում։ Մեր քառամյա ուսումնական ծրագիրը հնարավորություն է տալիս և օգնում է նաև աշխատանք ունենալ»,-մանրամասնել է Վ.Պողոսյանը: Արցախում «Իրական դպրոց»-ի ներդրման վերաբերյալ՝ ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանի, «Առաջատար տեխնոլոգիաների, ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանի և «Իրական դպրոց»-ի տնօրեն Վահագն Պողոսյանի միջև ստորագրվել է եռակողմ հուշագիր: Կրթական ծրագիրը գործելու է  Շուշիի տեխնոլոգիական համալսարանում: Ինչպես ներկայացրել է ՇՏՀ-ի պրոռեկտոր, տ.գ.թ. Ռոզա Ավագյանը, ըստ այդմ կներդրվի «Համակարգերի տեսություն» մասնագիտությունը: Հուշագրի համաձայն՝ Իրական կրթամշակութային դպրոցը կիսամյակային պարբերականությամբ իրականացնելու է աշխատակիցների վերապատրաստումներ, հետևելու է կրթական ծրագրի իրականացման բովանդակային բաղադրիչների պահպանմանը, ապահովելու է նախագծային աշխատանքներում ուսանողների ներգրավվածությունը: «Իրական դպրոց» կարող են ընդունվել հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանն ավարտած աշակերտները: Ուսումնառության ընթացքում ուսանողները կսովորեն «Համակարգերի տեսություն» մասնագիտությամբ՝ ստանալով համակարգաբանի որակավորում՝ տնտեսական, քաղիրավական և կրթամշակութային ոլորտներում:

Նանիկ Աղասյան