«ԻՄ ՍԵՐԸ ԹԱՏՐՈՆՆ ԷՐ»
Արեգա Պետրոսյան։ Ծննդյան թվականը`1948։ Ծննդավայրը՝ Ասկերանի շրջանի Այգեստան գյուղ։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Աշխատանքային գործունեությունն սկսել է մարզային երգի-պարի պետական համույթում՝ որպես պարուհի։ 1971-ից աշխատում է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ 2004-ին նրան շնորհվեց հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում։ 2008-ին Երևանում, Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 80-ամյակին նվիրված թատերական փառատոնում «Արտոնված եղեռն» բեմադրությունում խաղացած դերի համար արժանացավ Հայաստանի թատերական գործիչների միության ՙԱրտիստ՚ մրցանակի, 2012-ին պարգևատրվեց ՀԹԳՄ Ոսկե մեդալով։ Նաև նրա նվիրվածության շնորհիվ թատրոնի դռները չփակվեցին…
-Մասնագիտական կրթություն չես ստացել, բայց թատրոն եկար… քո երազանքի հետևից։ Ընտանիքը, որտեղ ծնվել ու մեծացել ես, հեռու էր թատերական-մշակութային միջավայրից…
-Բազմանդամ ընտանիք՝ ութ երեխա՝ չորս եղբայր, չորս քույր։ Եղբայրներս տարիքով էին՝ ծնված 1936 և 1939թթ., հայրս վերադարձավ Մեծ հայրենականից, ես ծնվեցի, ու հետո՝ քույրերս. մի ամբողջ մանկապարտեզ, ինձնից փոքրերի համար դայակ ու դաստիարակչուհի էի։ Մայրս հաշվապահ էր աշխատում, բայց կինո ու թատրոն շատ էր սիրում, միշտ բազմազբաղ, միշտ կենցաղային հոգսերի մեջ, ինձ վերցնում և ակումբ էր գնում՝ կինո, թատրոն դիտելու։ Մայրական կողմս մարզիկներ էին և պրոֆեսիոնալ սպորտում հաջողություններ ունեին գրանցած: Մայրս թեթև աթլետիկայով էր զբաղվում, մինչև երեխաների քանակը երեքից անցնելը։
Մեր տանը մի լուսանկար կար կախված, որի հանդեպ փոքրերս տեսնում էինք ավագների ակնածանքը. մորս հայրն էր, դաշնակ Ալեքսանը, «Գեորգիևյան խաչ»-ի ասպետ, հայ-թաթարական կռիվների ժամանակ աչքի ընկած, 1920-ի ջարդի ժամանակ թուրքի սրից ընկած։ Հայ-թուրքական ազգամիջյան կռիվների մասին մորս զրույցները և մորմոքը տպավորվել էին ու առայսօր թարմ են։ Մայրս աշխատասեր, հյուրասեր, բարեկամասեր կին էր, հայրս՝ հողի մարդ, այգեգործ ու որսորդ, մեծ այգի ունեինք, հրաշք, ամեն միրգ էլ կար, այգեգործության հետ էլ ձուկ, նապաստակ էր որսում, մայրս կար էր անում, հայրս լոբին էր ջրում, գետի ձուկ էինք խորովում։ Մանկությունս ու պատանեկությունս սիրո ու համերաշխության մթնոլորտում է անցել։ Բազմանդամ ընտանիքում երջանկություն էր տիրում։ Ընտանեկան միջավայրը, իհարկե, հեռու էր թատերական-մշակութայինից, բայց ինձ վրա մեծ տպավորություն էր թողել անվանի դերասանուհի Մարգո Բալասանյանը, մոտիկ ազգական ու համագյուղացի, ով հյուրախաղերի ժամանակ միշտ մեր տուն էր գալիս։ Դպրոցական միջոցառումների ակտիվ մասնակից էի, թաղի երեխաների համար «թատրոնի» կազմակերպիչը՝ «Շունն ու կատուն», «Չարի վերջը»… Միջնակարգն ավարտելուց հետո մորս խնդրեցի տանել թատրոն՝ աշխատանքի։ Ընդունվել չհաջողվեց, բայց շենքի երկրորդ հարկում տեղավորված երգի-պարի համույթում ուրախությամբ ընդունեցին։ Այդ տարիներին ինձ մանկավարժությունն էլ էր ձգում, սիրում էի երեխաների հետ զբաղվելը։ Ընդունվեցի Բաքվի հայկական մանկավարժական ինստիտուտը, 1971 թվականն էր, բայց, երբ աշխատանքի մտա թատրոն, ոչ թե ուսման, այլ երազանքի հետևից գնացի։ Բարձրագոչ չհնչի՝ իմ սերը թատրոնն էր։
-Հենց էն գլխից քեզ գլխավոր դերեր վստահեցին. Զինան (Մակայոնոկ՝ «Տրիբունալ»), Կատենկան (Վ. Եժով ՝ «Երբ երգում են սոխակները»), Պերդիտա (Շեքսպիր՝ «Ձմեռային հեքիաթ»), Պոլյան (Գորկի՝ «Քաղքենիներ»), Արփենիկը (Գր. Յաղջյան՝ «Մի կաթիլ արև»), Լյուդմիլա (Գորկի՝ «Վասսա Ժելեզնովա»), Սոնա (Շիրվանզադե՝ «Չար ոգի»)…
-Իմ բախտը բերել է. յուրաքանչյուր դերասանի համար երջանկություն է շփվել, աշխատել այնպիսի բեմադրիչների հետ, ինչպիսիք էին Տաճատ Վարդազարյանը, Հովհաննես Կարապետյանը, Արտաշես Հովսեփյանը, Ռեմ Սարգսյանը, Իվան Հովհաննիսյանը, Անդրանիկ Գանջյանը։ Ավագ խաղընկերներիս հետ շփումը ոչ թե դպրոց, այլ համալսարան էր ինձ համար. Թամարա Մելքումյան, Միքայել Կորգանյան, Բենիկ Օվչյան, Մարգո Բալասանյան, Նվարդ Ասատրյան, Մամիկոն Միքայելյան… Առաջին ներկայանալի դերերս էին՝ Կարինեն՝ Ա. Պապայանի «Արտասահմանյան փեսացու» կատակերգությունում և Պարուհին՝ «Տիկին Մինիստրուհի» ներկայացման մեջ։ Սովորել ու դաստիարակվել եմ հայ բեմարվեստի մեծերի շրջապատում, նրանք բարձր կուլտուրայի տեր մարդիկ էին` պրոֆեսիոնալ՝ նվիրված բեմին ու թատրոնին։ Հիշում եմ, տիկին Թամարան Շպպանիկ էր խաղում, կուլիսներում ոտքերի ցավից տնքում էր, թևանցուկ տանում էի մինչև մուտքը, վախով հետևում՝ հանկարծ չընկնի, բայց հենց բեմ էր մտնում, էն ինչ խաղ էր, ոնց էր պտտվում, պարում, իսկ կուլիսներում՝ նորից ցավը։ Դա հրաշք էր, դա անմոռանալի տեսարան էր։ Բենիկ Օվչյանի հետ բազմաթիվ անգամներ խաղընկեր եմ եղել։ «Դավիթ Կոպպերֆիլդում» Դավթի դերն էին վստահել, գնացի, գրադարանից գիրքը վերցրի ու մի գիշերվա մեջ կարդացի։ Կարդում ու հուզվում էի, կարդում ու յուրացնում էի կերպարը։ Ներկայացման մեջ 15 տարեկան պատանի էի խաղում։ Դժվար է պատկերացնել դերասանին առանց գրականության ընթերցանության։ Ի դեպ, նույն ներկայացման մեջ ջութակ նվագելու տեսարանի համար երաժշտականի դասատուից մեկ ամիս դասեր առա։ Մամուլում գովեստի խոսք գրվեց։ Մոսկվայից ռուս ռեժիսոր հրավիրվեց, այս ներկայացման և Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթի» շուրջ քննարկում կազմակերպեցինք։ Թատերական կյանքն այս շրջանում հետաքրքիր էր։ Հյուրախաղեր՝ Հայաստանում, Սունդուկյանի և Ստանիսլավսկու թատրոնների բեմերում, Շահումյանի շրջանում, Ադրբեջանի հայաշատ վայրերում, տասնօրյա գործուղումներ մարզի գյուղական շրջաններ, ներկայացումներ դաշտային օթևաններում, հյուրընկալություններ, տոնական տրամադրություն և այլն։
-Արեգա, դերերի շարքում կա՞ մեկը, որ կառանձնացնեիր, և դերը, որ երազում էիր, բայց չխաղացիր։
-Պոլյան «Քաղքենիներ»-ից, Դավիթը «Կոպպերֆիլդից», ընդհանրապես, իմ խաղացած դերերն ինձ հոգեհարազատ են, սրտամոտ, հիմնականում ինձ վստահել են դրական դերեր՝ հոգեբանական նուրբ խաղի հնարավորություն տալով։ Օրինակ՝ Սոնան «Չար ոգի»-ում, Նուարդը՝ «Արա Գեղեցիկ»-ում, Գայանեն՝ «Դավաճանությունում», Մանուշակը՝ «Պըլըպուղ»-ում։ Լուիզան՝ «Սեր և խարդավանքից» չհասցրի խաղալ։ Կրկնակ դերերում ձգտել եմ ինքնակերպ լինել։
-1988-ի Ղարաբաղյան շարժում, հետո պատերազմ, բնակչությունը նկուղներում ու ռմբապաստարաններում էր, իսկ Ստեփանակերտի թատրոնի բեմում՝ կատակերգություն…
-Այդ տարիներին թատրոնը գործում էր, դրա մասին շատ է գրվել, խոսվել. «Չար ոգի», «Վաճառքի ենթակա չէ», «Արա Գեղեցիկ», «Թռչող ափսեից իջած մարդը», «Ռուզան»… 1993-ին եղավ մի շրջան, երբ թատրոնում մնացել էինք 7-8 հոգի։ Նման դժվարին պահերին Քաջիկը միշտ ժամանակին համահունչ մի գործ էր գտնում ու բեմադրում։ Ընտրվեց «Աղջիկը փեսացու է փնտրում» կատակերգությունը։ Քաղաքը ռմբակոծվում էր, ավեր, մահեր։ Հունվար-փետրվար ամիսներն էին, կասկածում էինք՝ կգա՞ն, արդյոք, թատրոն։ Շենքը՝ ցուրտ, սնունդը՝ պակաս, Վալյան վառարանի վրա փոքրիկ բլիթներ էր թխում, մեզ տալիս։ Հիվանդանում ու լավանում էինք։ Վերջապես ներկայացումը պատրաստ էր, մնում էր, որ հանդիսատեսը գա։ Ու եկան… նկուղներից, տներից. եկան… զինվորներ, հարազատներ կորցրած մարդիկ… Ներկայացումը խաղացվեց 12 օր անընդմեջ՝ լեփ-լեցուն դահլիճներով։ Դահլիճում ծիծաղ, բեմում՝ զսպված ծիծաղ,-ասում եմ՝ «Քեռի, քեզ համար մի գունեղ հարսնացու եմ ճարել»։ Քեռիս, որ Միքայել Հարությունյանն էր, հանպատրաստից ու մեկուսի, թե` «կանայք պադվալներում՝ գունեղ հարսնացու որտեղի՞ց»։ Նույն ներկայացման մեջ մի տեսարան էլ կար՝ երգը հնչում է, մեկ էլ տեսանք՝ դահլիճում պարում են, զարմանքս մեծ էր, մայրս՝ Արաքսյան, վեր էր կացել, Քերոլայն Քոքսին հրավիրել ու երկուսով պարում էին հայկական պար։
Դաժան տարիներ էին, բայց ոգի կար, միասնություն կար, սեր ու համերաշխություն կար, ու այդպես հաղթանակը կերտվեց։
-Քո այսօրը, Արեգա։
-44-օրյա պատերազմի պարտության արձագանքները դեռ մեր հոգում են… Ամենահաճելի զբաղմունքներս՝ թոռնիկս՝ Վահագնը և ընթերցանությունը՝ Թումանյան, Իսահակյան, Չարենց, արվեստի մասին գրքեր, և հուշեր, հուշեր…
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ