ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԿԱՐԵՎՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Գիշու մանկապարտեզը գործում է 2016 թվականի սեպտեմբերի 1-ից (հոկտեմբերի 1-ից սկսեցին պարապմունքները)՝ գյուղի դպրոցի հին շենքում: Տնօրեն Արմինե Առստամյանը ներկայացնում է, որ նախակրթարանում գործում է երեք խումբ՝ կրտսեր, միջին և ավագ՝ 60 երեխայի ընդգրկմամբ: Կրտսեր խումբը ձևավորվել է ընթացիկ տարում:
Չնայած տեղակայված են հին շենքում՝ այստեղ ստեղծված են բոլոր պայմանները փոքրիկների դաստիարակությունը, ժամանցը, կրթությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Տնօրենը նշում է, որ ապահովված են անհրաժեշտ գույքով և պարագաներով: Նոր խմբի հավաքագրմամբ պայմանավորված՝ որոշակի լրացումների անհրաժեշտություն կա, բայց համոզված է, որ շուտով խնդիրը կլուծվի: Ունեն որոշ մարզագույքի, երաժշտական սարքավորումների կարիք:
Շենքի ջեռուցումն իրականացվում է կենտրոնացված ձևով: Աշխատում են հմուտ և հոգատար անձնակազմով:
Գյուղում 2004 թվականից է նախապատրաստական խումբ բացվել՝ համայնքապետարանի առաջին հարկում: Իսկ մինչ այդ ունեին հարմարավետ մանկապարտեզ, որտեղ տարիներ շարունակ հաճախում էին գյուղի երեխաները: Արցախյան առաջին պատերազմից հետո սողանքի և այլ պատճառներով մանկապարտեզի շենքը վթարային էր դարձել ու նպատակին հնարավոր չէր ծառայեցնել: Մանկապարտեզի վերաբացումը շատ պահանջված ու սպասված էր: Այսօր արդեն ողջ անձնակազմով ամեն ինչ անում են փոքրիկների կրթությունը, դաստիարակությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու և առօրյան բազմագույն դարձնելու համար՝ ասում է մանկապարտեզի տնօրենը:
Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ