[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ... ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ԳԱԼՈՒ Է

 

Աննա ԱՅՎԱԶՅԱՆ: 40 տարի զբաղվել է մանկավարժությամբ  և հասարակական ակտիվ գործունեությամբ:

-Ջա­վախ­քը մեզ հա­մար Տե­րյա­նի հայ­րե­նիքն է, Ջի­վա­նու հայ­րե­նիքն է, քեզ հա­մար…
-Ծն­վել եմ Ջա­վախ­քի Նոր­շեն-Ծղալթ­բի­լա գյու­ղում։ Այդ կող­մե­րի հայ­կա­կան գյու­ղե­րը Արևմտյան Հա­յաս­տա­նից 1828-30-ին, կապ­ված ռուս-թուր­քա­կան պա­տե­րազ­մի հետ, ե­կած­ներ են։ Էրզ­րու­մից գաղ­թել է 14 ըն­տա­նիք՝ 5 գեր­դաս­տա­նով, տա­րի­նե­րի ըն­թաց­քում դար­ձել է հս­կա­յա­կան գյուղ՝ 1500 տն­տե­սու­թյամբ, 2 հայ­կա­կան դպ­րո­ցով։ Ա­ռա­ջին գոր­ծը ե­ղել է ե­կե­ղե­ցի կա­ռու­ցե­լը։ Կա­թո­լիկ կրո­նի հետևորդ­ներ են, ո­րին ես եր­բեք հա­տուկ նշա­նա­կու­թյուն չեմ տվել. որ­տեղ ե­կե­ղե­ցի՝ մտել եմ, որ­տեղ խաչ­քար՝ ա­ղո­թել եմ։ Գյուղն ան­տա­ռի մեջ է, մեր նախ­նի­ներն ի­րենց գյու­ղում տաք ջուր ու­նե­նա­լով` ման գա­լով ե­կել հա­սել են մի վայր, որ­տեղ գետ­նի տա­կից հան­քա­յին տաք ջուր է բխում, ու բնա­վոր­վել եմ։ Եղևնի­նե­րի ան­տառ­ներ են, հս­կա­յա­կան, բարձր, եր­կին­քը չի երևում, դպ­րո­ցից գա­լիս, գր­քերս վերց­նում փախ­չում էի այն­տեղ, ճյու­ղը բարձ­րաց­նում, մեջքս՝ եղևնու բնին ու կար­դում, կար­դում։ Ամ­ռա­նը բարձ­րա­նում էինք յայ­լա­նե­րը, օ­գոս­տո­սին՝ խա­ղո­ղօրհ­նեք էր, որ կա­թո­լիկ­նե­րը շու­քով տո­նում էին։ Յայ­լա­նե­րում ե­կե­ղե­ցի էին սար­քել, որ գոր­ծում էր…
-Սո­վե­տի՞ ժա­մա­նակ…
-Ա­յո։ Ին­չո՞ւ եք զար­մա­նում։ Բրեժնևի ժա­մա­նակ­ներն էին, գյու­ղը պա­հան­ջեց, որ պա­հեստ սար­քած ե­կե­ղե­ցին բաց­վի։ Ցո­րե­նը պի­տի հնձ­վեր՝ դաշտ դուրս չէին գա­լիս։ Այն­պես, որ Թիֆ­լի­սից հանձ­նա­ժո­ղով ե­կավ, ընդ­հա­նուր հայ­տա­րա­րի ե­կան, որ ե­կե­ղե­ցին պի­տի բաց­վի, բայց պա­տի վրա գր­վեց՝ Վրաս­տա­նի պատ­մա­կան հու­շար­ձան, գրու­թյու­նն ա­ռայ­սօր մնում է։ 1978 թիվն էր, հե­տո գյու­ղը հոգևո­րա­կան պա­հան­ջեց, Վա­տի­կա­նից վար­դա­պետ ու­ղար­կե­ցին, ուկ­րաի­նա­ցի էր, պա­տա­րա­գը, ա­ղոթք­նե­րը գրա­բար էր կար­դում, բայց ա­տում էր հա­յե­րին։ Բո­ղո­քե­ցին, հա­նել տվե­ցին։ Իմ հոգևոր և մտա­վոր զար­գաց­ման հիմ­քը դր­վել է մեր տա­նը. ձմ­ռան եր­կար գի­շեր­նե­րին հա­վաք­վում էին, ես՝ հե­տաք­րք­րա­սեր, լսում էի զրույց­ներ, պատ­մու­թյուն­ներ։ Անգ­րա­գետ, բայց գի­տակ մար­դիկ էին, տեր­թո­դի­կյան տի­պի դպ­րոց­ներն ա­վար­տած, դրանք սո­վե­տի ժա­մա­նակ կոչ­վե­ցին գիմ­նա­զիա, որ գոր­ծում էին հայ­կա­կան գյու­ղե­րում։ Հորս դաս են տվել Ղա­զա­րոս Ա­ղա­յա­նը, Հով­հան­նես Թու­մա­նյա­նը… Գյու­ղում գրա­բար ա­ղո­թում էին, Աստ­վա­ծաշն­չից հատ­ված­ներ պատ­մում գրա­բար, եր­գում Էրզ­րու­մից բե­րած ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան եր­գեր։ Չկար մե­կը, որ չի­մա­նար «Խել­քի ա­շե­ցե­քը», «Քան­քա­րա­վոր ըն­կե­րը», «Որս­կան ախ­պե­րը», «Դլե յա­մա­նը»։ Հայրս հրա­շա­լի Կո­մի­տաս էր եր­գում։ Ջա­վախ­քում բա­նաս­տեղ­ծու­թյուն, երգ-ե­րաժշ­տու­թյուն սի­րող ժո­ղո­վուրդ էր ապ­րում…
-Հի­շում եմ, Շու­շիում աս­մուն­քի ա­մե­նա­մյա փա­ռա­տո­նե­րի ժա­մա­նակ, Ջա­վախ­քից ե­կած ե­րե­խա­նե­րը հիմ­նա­կա­նում Տե­րյան էին ար­տա­սա­նում…
-Այ­սօր էլ նույնն է։ Աղ­ջիկս՝ Ար­մի­նեն, եր­կու դպ­րոց­նե­րի երգ-ե­րաժշ­տու­թյան դա­սա­տուն է և մշա­կույ­թի տան պա­րու­սույ­ցը։ Վար­դա­վա­ռին գյու­ղո­վի շուրջ­պար են բռ­նում, «Քո­չա­րի» պա­րում։ Հի­շում եմ, էն տա­րի­նե­րին դպ­րո­ցում «Անլ­ռե­լի զան­գա­կա­տու­նը» հատ­վա­ծա­բար ու ամ­բող­ջը ար­տա­սա­նում էինք դա­սա­րա­նով։ Այ­սօր էլ ազ­գա­յին դաս­տիա­րա­կու­թյու­նը ու­սուց­ման հիմ­քում է։ Դր­սից, ռու­սաս­տան­նե­րից ամ­ռա­նը ե­րե­խա­նե­րին ու­ղար­կում են Ջա­վախք, պար­տադ­րում հա­յե­րեն գրել-կար­դալ, եր­գել սո­վո­րեն։ Ա­մեն ազ­գի դժ­բախ­տու­թյան պատ­ճա­ռը հենց իր մեջ պի­տի փնտ­րել։
-Քեզ հա­վա­սա­րա­պես եր­կու ա­նու­նով են դի­մում…
-Հայրս պատ­մու­թյան մաս­նա­գետ էր։ Ա­մեն օր «Ա­ռա­վոտ լու­սո» ա­ղոթքն էր հն­չում մեր տա­նը ու հե­տո դպ­րո­ցում ա­թեիզմ էր քա­րո­զում, տուն գա­լուց սե­նյա­կի դու­ռը պինդ փա­կում, գոր­ծած մեղ­քե­րի հա­մար թո­ղու­թյուն էր խնդ­րում։ Մայրս ինձ սո­վո­րեց­րեց Տե­րու­նա­կան ա­ղոթ­քը, երբ եր­կու տա­րե­կան էի։ Կա­թո­լիկ կրո­նը խիստ կա­նոն­ներ ու­ներ, և հա­մայն­քը պահ­պա­նում էր ա­վան­դույթ­նե­րը։ Մենք մե­ծա­ցել, դաս­տիա­րակ­վել ենք հոգևոր մթ­նո­լոր­տում։ Ե­րե­խա­նե­րը, 40 օ­րը չլ­րա­ցած, պար­տա­դիր պի­տի կնք­վեին. կա­թո­լիկ տեր­տեր­նե­րը սո­վե­տի օ­րոք գոր­ծում էին տա­նը, խիստ գաղտ­նի։ Երբ հորս աչ­քա­լու­սանք տա­րան, դա­սի թե­ման ֆրան­սիա­կան հե­ղա­փո­խու­թյունն էր և շր­ջա­նից ե­կած տե­սու­չը Ժան­նա ա­նու­նն ա­ռա­ջար­կեց։ 5 տա­րե­կա­նից եմ դպ­րոց գնա­ցել, 12 տա­րե­կան սո­վո­րում էի 8-րդ դա­սա­րա­նում, երբ Սիլ­վա Կա­պու­տի­կյա­նը ե­կավ գյուղ, ե­րե­կո­յան մեր տա­նը ար­տա­սա­նում և եր­գում եմ Սա­յաթ-Նո­վա։ Բա­նաս­տեղ­ծու­հին ա­սում է՝ Գրի­գոր, ծնն­դա­կա­նը փո­խում ես, թող­նում Ան­նան, Սա­յա­թի Ան­նան, ու խոր­հուրդ է տա­լիս, որ ե­րե­խա­յի կր­թու­թյու­նը շա­րու­նակ­վի Երևա­նում։ 1967-ից Երևա­նի Բա­կուն­ցի ան­վան ման­կա­վար­ժա­կան ու­սում­նա­րա­նի նա­խադպ­րո­ցա­կան բաժ­նի սան եմ։ Ինձ գրա­կա­նու­թյուն է դա­սա­վան­դել Բա­կուն­ցի աղ­ջի­կը, լեզ­վի դա­սա­տուն՝ Լևոն Ղա­զա­րյա­նը ինձ տա­նում էր հան­դի­պում­նե­րի, գրա­կան ուր­բաթ­նե­րի, որ­տեղ ծա­նո­թա­նում էի Սե­րո Խան­զա­դյա­նի, Սևա­կի, Շի­րա­զի և այլ մե­ծե­րի հետ։ Գրող­նե­րը քն­նար­կում էին ի­րենց նոր գրած գոր­ծե­րը, այ­սօր­վա նման հի­շում եմ, երբ Սևա­կը կար­դաց «Սու­լա­մի­թա» պոե­մը, Սե­րոն ա­սաց. «Այ տղա, կնո­ջը այդ­քան չեն սի­րի…»։ Հան­դի­պում­նե­րին ղա­րա­բաղ­ցի ու­սա­նող­ներ էլ էին գա­լիս, մի ան­գամ Շի­րազն ա­սավ. «Ծո, էշ մի ե­ղեք, է­շա­վոր ե­ղեք…»։

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ` ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՎԱՅՐ
18-ս լրա­ցավ Ստե­փա­նա­կեր­տում, ա­մուս­նու­թյուն, ըն­տա­նիք, 3 ե­րե­խա։ 22 տա­րե­կա­նում նշա­նակ­վե­ցի 5-րդ ման­կա­պար­տե­զի վա­րիչ։ Խմ­բե­րը հիմ­նա­կա­նում ռու­սա­կան էին, դաս­տիա­րակ­նե­րը՝ ռու­սա­կան կր­թու­թյամբ, հայ­կա­կան խմ­բե­րը մի տե­սակ ար­հա­մարհ­ված։ Ա­ռա­ջին գործս ե­ղավ ռու­սա­կան խմ­բե­րը կր­ճա­տե­լը։ Բաք­վից ան­մի­ջա­պես ե­կան ստուգ­ման։ Խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­ներն էին։ Ժա­մա­նակ անց ինձ հրա­վի­րե­ցին դա­տա­խա­զու­թյուն։ Քն­նի­չը ե­րի­տա­սարդ Աղ­վան Հով­սե­փյանն էր։ Իբր ինս­տի­տու­տում սո­վո­րե­լու ժա­մա­նակ փող եմ հա­վա­քել, տվել Գրի­գոր Դա­նիե­լյա­նին, որ հո­գե­բա­նու­թյան գնա­հա­տա­կան­նե­րը նշա­նա­կի։ Դա­նիե­լյա­նին ազ­գայ­նա­կա­նի պի­տակ էին կպց­րել, գործ էին սար­քում։ Հրա­ժար­վե­ցի թղ­թեր ստո­րագ­րե­լուց, ինձ տա­րան ՊԱԿ-ի ներք­նա­հար­կը, որ­տեղ մեկ օր մնա­ցի։ Ա­ռա­վո­տյան Դուբ­րո­վի­նը կան­չեց, հե­տաքր­քր­վեց, ան­պատ­վեց դա­տա­խա­զու­թյան քն­նի­չին. «ա­ռա­ջին և վեր­ջին ան­գա­մը լի­նի, որ ա­ռանց ինձ տե­ղե­կաց­նե­լու մարդ ու­ղար­կես, այն էլ կին, այն էլ փոքր ե­րե­խա­տեր, դու ինչ է, հայ չե՞ս…»:
Երկ­րորդ դր­վա­գը՝ ՊԱԿ-ում։ Ման­կա­պար­տե­զի տա­նիքն էի փո­խում, շի­նա­նյու­թի հա­մար գնա­ցի ժողկ­րթ­բա­ժին, ու­ղար­կե­ցին մարզ­գործ­կո­մի նա­խա­գահ Աս­լա­նո­վի տե­ղա­կալ Հու­սեյ­նո­վի մոտ, աշ­խա­տա­սե­նյա­կում պա­տա­հա­կան ծա­նո­թա­ցա ադր­բե­ջան­ցի մի գիտ­նա­կա­նի՝ պրո­ֆե­սոր Ֆա­րի­դա Մա­մե­դո­վա­յի հետ. պատ­մա­բա­նը մի շա­բաթ էր, ինչ աշ­խա­տում էր Ղա­րա­բա­ղում, հե­տա­զո­տում Գան­ձա­սա­րի վան­քը, ար­դյուն­քում գրել է աշ­խա­տու­թյուն, ա­պա­ցու­ցել, որ ե­կե­ղե­ցին, իբր, աղ­վա­նա­կան-ադր­բե­ջա­նա­կան է։ Սկ­սում եմ վի­ճել Մա­մե­դո­վա­յի հետ։ Նա ու­սում­նա­սի­րու­թյու­նը հրեց մի կողմ, թե տա­րեք-կար­դա­ցեք, կի­մա­նաք` ինչ­պես եք խա­բել մեզ։ Ման­կա­պար­տե­զի իմ սե­նյա­կում կար­դում-կար­դում, գժ­վում եմ, եզ­րա­փա­կիչ մա­սում էլ գր­ված էր, որ ու­սում­նա­սի­րու­թյու­նը ներ­կա­յաց­նում է ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ին, որ Գան­ձա­սարն ըն­դու­նեն որ­պես ադր­բե­ջա­նա­կան պատ­մա­կան հու­շար­ձան։ Ու­սու­ցիչ­նե­րի ո­րա­կա­վոր­ման ինս­տի­տու­տում մե­քե­նագ­րել եմ տա­լիս, ա­ռա­վո­տյան՝ ու­ղիղ Երևան։ Ա­կա­դե­մի­կոս Վիկ­տոր Համ­բար­ձու­մյա­նին ծա­նոթ էի ու­սա­նո­ղական տա­րի­նե­րից, եղ­բորս հարևա­նու­թյամբ էր ապ­րում։ Տա­լիս եմ կար­դա­լու, ըն­դու­նա­րա­նում քար­տու­ղա­րու­հու մոտ նս­տած լս­վում է ձայ­նը՝ Մա­նու­շակ, վա­լի­դոլ։ «Էդ ինչ ես տա­րել, որ վա­տա­ցավ,- Մա­նու­շա­կը ներս վա­զեց։ Նույն օ­րը Համ­բար­ձու­մյա­նը թռ­չում է Մոսկ­վա, կան­խում ա­զե­րի գիտ­նա­կա­նին։ Հաս­նում եմ Ստե­փա­նա­կերտ ու ՊԱԿ-ում ա­ռա­ջին դեմ­քի` Բոյ­կո­յի աշ­խա­տա­սե­նյա­կում եմ։ Մի թերթ դրեց իմ ա­ռաջ ու հար­ցը՝ մնա­ցա­ծը ու՞ր է։ Միա­միտս հրա­ժար­վում եմ ճա­նա­չել` ա­ռանց հաս­կա­նա­լու, որ բո­լոր գրա­մե­քե­նա­նե­րի տա­ռա­տե­սակ­նե­րը ՊԱԿ-ում են գտն­վում։ Կու­սակ­ցու­թյու­նից հե­ռաց­նե­լու եմ, հե­տո էլ կտես­նենք, ի­րա­վունք ու­նե՞ս Ղա­րա­բա­ղում ապ­րել…»։ Կան­չում են քաղ­կոմ, Զա­վեն Մով­սի­սյա­նը, թե. «Ու­զում ես Սի­բի­րո՞ւմ կյանքդ ա­վար­տես, ին­չո՞ւ չես քեզ խե­լոք պա­հում։ Մտա­ծիր՝ ինչ ա­նենք, Բաք­վից էլ են զան­գե­լու»։ «Տվել է կար­դա­լու, հե­տաքր­քիր է ե­ղել, մե­քե­նագ­րել եմ տվել, որ …ու­նե­նամ»։ «Ճիշտ ես ա­սում, որ ինքն է տվել, ին­չո՞ւ է բո­ղո­քում»,-կուս­մարզ­կո­մի քար­տու­ղա­րը գտավ «ար­դա­րա­ցու­մը»։ 1986-87 թվա­կան­ներն էին, ազ­գա­յին ընդ­հա­տա­կյա խմո­րում­ներն ար­դեն սկս­վել էին։

* * *
Ար­ցա­խյան շար­ժում, ա­պա սա­ֆո­նո­վյան շր­ջան։ Ման­կա­պար­տե­զի իմ սե­նյա­կը աշ­խա­տան­քից հե­տո ընդ­հա­տա­կյա հան­դի­պում­նե­րի վայր էր, ո­րը չէր կա­րող անն­կատ մնալ ՊԱԿ-ի աշ­խա­տա­կից­նե­րի տե­սա­դաշ­տից։ Ա­ռա­ջին զեն­քե­րը (փամ­փուշտ­ներ, նռ­նակ­ներ) բա­րե­գոր­ծա­կան «Ա­մա­րաս»-ի ա­լյու­րի պար­կե­րի մեջ էին մեզ հաս­նում։ Ֆի­դա­յա­կան ջո­կատ­նե­րը մեր տնով գա­լիս-գնում էին։ Մեր տա­նը ե­ղել են նաև Ինե­սա Բուր­կո­վան, Դու­դի­նը, Ե­լե­նա Բո­նե­րը, Ա­ղան­բե­կյա­նը, Վազ­գեն Սարգ­սյա­նը, այլ գե­նե­րալ­ներ…
Կի­րա­կի էր, տու­նը շր­ջա­պա­տում են, ո­չինչ չգտ­նե­լով հե­ռա­նում են` սպառ­նա­լով, որ է­լի կգան։ Մեկ շա­բաթ անց ման­կա­պար­տե­զի մո­տիկ տնե­րից զան­գում են ինձ։ Ա­հա­վոր վի­ճա­կի մեջ ըն­կա. լվաց­քա­տա­նը, չգոր­ծող բու­խա­րու մեջ զեն­քեր էինք թաքց­րել, իսկ իմ աշ­խա­տա­սե­նյա­կում` պա­հա­րա­նում և բազ­կա­թո­ռի մեջ թաքց­րած զին­վո­րա­կան հան­դեր­ձանքն ու տու­փե­րով փամ­փուշ­տը չէի հասց­րել ի­ջեց­նել գետ­նա­հարկ։ Երբ մտա սե­նյակս, տակ­նուվ­րա էր ար­ված, թղ­թե­րը գետ­նին փռ­ված, պա­հա­րա­նին, ո­րի փեղ­կին Մա­րիամ Աստ­վա­ծած­նի նկարն էր, ձեռք չտ­ված։ Հրաշ­քի էր նման. սր­բա­պատ­կերն էր փր­կել։
Այն ժա­մա­նակ­նե­րից ար­ժա­նի է հի­շա­տակ­ման մի դր­վագ. Ջա­վախ­քը օգ­նում էր Ար­ցա­խին…Մեր գյու­ղը Թուր­քիա­յից բա­ժան­վում է մի գե­տա­կով, իսկ Ա­խալց­խա­յում խոր­հր­դա­յին սահ­մա­նա­յին զո­րա­մա­սեր էին տե­ղա­կայ­ված, ո­րի հրա­մա­նա­տա­րը հայ էր, Շա­հու­մյա­նի Ա­զատ գյու­ղից։ Ա­խալց­խա­յի դպ­րո­ցի տնօ­րենն ա­սաց, որ զո­րա­մա­սը ստանձ­նած է դպ­րո­ցի շե­ֆու­թյու­նը, որ հրա­մա­նա­տա­րը չոր, ան­հա­ղորդ մարդ է։ Գն­դա­պետ Սեր­գեյ Հա­րու­թյու­նյա­նի աշ­խա­տա­սե­նյա­կում ենք, Լյու­բան ծա­նո­թաց­նում է՝ ձեր հայ­րե­նա­կի­ցը Ղա­րա­բա­ղից։ «Բո­լորս խոր­հր­դա­յին քա­ղա­քա­ցի­ներ ենք և հայ­րե­նա­կից­ներ»,- ա­սաց։ Ղա­րա­բա­ղյան բար­բա­ռով, որ սկ­սե­ցի պատ­մել Շարժ­ման մա­սին, այս­պես ու այս­պես, որ իր գյու­ղը չկա, որ բա իր սիր­տը չի՞ ցա­վում…նա խեղ­ճա­նում է, գլու­խը կա­խում, հրա­վի­րում հա­ջորդ օ­րը. հա­վա­տա­րիմ մարդ­կանց մի­ջո­ցով զեն­քը հաս­նում է Ար­ցախ։ Նույ­նիսկ տանկ է ու­ղար­կել։ Այ­սօր ես սա սո­վո­րա­կան պատ­մում եմ, բայց այդ ամ­բող­ջը հրաշ­քի էր նման։ 1990-91թթ. Խոր­հր­դա­յին Միու­թյու­նը փլուզ­վում է, բան­տից խու­սա­փե­լու հա­մար Վազ­գեն Սարգ­սյա­նը նրան փախց­նում է Էջ­միած­նի զո­րա­մաս։
ՀԱՂԹԱՆԱԿԻ ՊՏՈՒՂՆԵՐԸ
ԵՎ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԱՌԸ ՀԱՄԸ
Այ­սօր, թվում է, պատ­մած­ներս հրաշ­քի են նման։
Պատ­մու­թյան եր­կար շղ­թա­յում ա­ռա­ջին ան­գամ հաղ­թա­նակ տա­րանք, որ պի­տի շա­րու­նա­կա­կան լի­ներ, բայց…
Ոչ միայն ինք­նա­գոհ ու ան­հե­ռա­տես ե­ղանք, այլև հաղ­թա­նա­կի «պտուղ­նե­րը»… կե­րանք, կե­րանք…Նյու­թը իշ­խեց մեր հո­գուն։ Մտա­ծում էինք՝ աշ­խար­հի որ ան­կյու­նը գնանք, որ լավ ապ­րենք։ Սու­տը, խա­բեու­թյու­նը, կեղ­ծի­քը, թմ­բի­րը իշ­խող դար­ձավ։ 1992-ին ժան­գո­տած որ­սոր­դա­կան հրա­ցա­նով կռ­վում էինք, ու թշ­նա­մին փախ­չում էր։ Պարտ­վա­ծը զին­վեց ու… բայ­րաք­թար­նե­րը գլխ­նե­րիս թա­փեց։
Հա­յը էու­թյամբ մար­տիկ է, կռ­վող՝ հի­շենք Հայ­կի ու Բե­լի մե­նա­մար­տը…Ու­ժեղ ենք, երբ մար­տի դաշ­տում ենք, թույլ՝ խա­ղաղ պայ­ման­նե­րում։ Մեր ազ­գա­յին է­պո­սը տվել է հա­յի բնու­թա­գի­րը, Դա­վի­թը՝ միա­միտ, մա­քուր, ան­կեղծ, Մս­րա Մե­լի­քը՝ նենգ, շո­ղո­քորթ, հի­շենք՝ ինչ­պես քա­շեց նս­տե­լու-զրու­ցե­լու, գցեց հո­րը… Դա­վի­թը, լսե­լով Ձե­նով Օ­հա­նի կան­չը, որ Ցե­ղի ձայնն է, խփում-կոտ­րում է ջա­ղաց­քա­րը…Շա­պու­հը խա­բե­լով բան­տար­կում է Ար­շակ թա­գա­վո­րին, մոր­թա­զերծ ա­նում Վա­սակ սպա­րա­պե­տին…Թա­թուլ իշ­խա­նը չպարտ­վե՞ց…Հա­յի հա­ցով մե­ծա­ցած օս­մա­նը չս­պա­նե՞ց տի­րո­ջը՝ այ­գում աշ­խա­տե­լիս («Ձո­րի Մի­րոն»)… Տեր Ա­վե­տի­սը չհա­վա­տա՞ց ու դար­պաս­նե­րը բա­ցեց, հետևան­քը տես­նե­լով ինքն ի­րեն պայ­թեց­րեց («Մխի­թար Սպա­րա­պետ»)։
…Չս­տեղ­ծե­ցինք մեր ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը, փո­խա­րե­նը ու­նենք 100-ից ա­վել կու­սակ­ցու­թյուն­ներ, ան­միա­բան, պա­ռակտ­ված, ան­սեր, ի­րար ա­տող հա­սա­րա­կու­թյուն։
Այս­պես քայ­լում ենք պատ­մու­թյան քա­ռու­ղի­նե­րով, և ե­թե ուշ­քի չգանք, ե­թե մեր մեջ չարթ­նաց­նենք Հայ­կի ո­գին, բազ­կի ու­ժը, լայ­նա­լիճ ա­ղե­ղի թա­փը, ե­թե մեր մեջ չարթ­նաց­նենք 1992-ի ո­գին, ոչ թե 88-89-90-ի միա­միտ հա­վա­տը, թե սո­վե­տերկ­րում ջարդ չի լի­նե­լու, ե­թե պար­տու­թյան պատ­ճառ­նե­րը մեր մեջ չփնտ­րենք և ուշ­քի չգանք, ա­պա…
Աստ­վա­ծաշն­չում աս­ված է՝ պատ­րաստ լի­նենք… Փր­կու­թյա­նը… Եղ­ջե­րա­փո­ղը հն­չե­լու է։

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ