Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՌՈՒԶԱՆԸ՚ ԿՐԿԻՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԲԵՄՈՒՄ Խորհրդածություններ և դասեր ՙՌուզան՚ բեմադրությամ առիթո

DSC02882.jpgՄուրացանի ՙՌուզան՚ հերոսական դրաման իր նշանակալի կշռույթն ունի հայ թատրոնի պատմության մեջ: Այն մեր համերկրացի հեղինակի ռոմանտիկ շրջանի լավագույն գործերից է և, ինչպես յուրաքանչյուր դասական գործ, ժամանակի մեջ չի կորցնում իր ասելիքի ուժը։ Պարզապես թատերերկին պետք է մոտենալ նոր` 21-րդ դարի հանդիսատեսի դիտանկյունից, ինչն էլ հաջողությամբ կատարել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Վահե Շահվերդյանը։

Մուրացանի ՙՌուզան կամ հայրենասեր օրիորդ՚ դրաման Արցախում առաջին անգամ բեմադրվել է 1891թ. հուլիսի 7-ին, որով և բացվել է Շուշիի Խանդամիրյան թատրոնը (Ռուզան` Նինա Յարամիշյան)։
Ստեփանակերտի թատրոնը բեմադրությանն առաջին անգամ ձեռնամուխ է եղել 1962թ. օգոստոսի 17-ին, որով և նշանավորել է իր ստեղծման 30-ամյակը։ Այս բեմադրությունը` անկրկնելի Մարգո Բալասանյան-Ռուզանով, մեկ տասնամյակից ավելի մնացել է խաղացանկում, որով թատերախումբը եղել է Արցախի համարյա բոլոր բնակավայրերում, հայրենասիրության շունչն ու ոգին տարել հայ շինականին և դարձել անցյալ դարի 60-ականներին Ղարաբաղում ազգային ինքնագիտակցության և հպարտության զարթոնքի կոչնակներից մեկը։
Հայ բեմում ՙՌուզան՚ դրամայի բեմադրության նոր ալիքը պայմանավորված է Արցախյան ազգային-ազատագրական պայքարով։ 1992թ. Վանաձորի թատրոնը (գեղ. ղեկ.` Վ. Շահվերդյան)  առաջինն արձագանքեց հայրենասիրական ոգու այն պոռթկումին, որ այդ օրերին տիրում էր յուրաքանչյուր հայի հոգում։ Թատրոնն այդ բեմադրությամբ հյուրախաղերով եղավ նաև Ստեփանակերտում` 1993թ. գարնանը, և Գոյամարտի ամենադաժան օրերին կանգնեց արցախցու կողքին` իր ոգեղեն արվեստով, անզուգական Նաիրա Քալաշյան և հուզառատ Գրետա Մեջլումյան` Ռուզաններով ազնվացնելով պատերազմական ողբերգական ու հերոսական մթնոլորտը (ՙԱրցախ՚, 3 ապրիլի, 1993թ.)։
Ավելին, առաջին ներկայացումից հետո ամբողջ դերասանախումբը շարժվեց դեպի կենտրոնական զինվորական հոսպիտալ, և յուրաքանչյուրն իր կարողությունների չափով արյուն հանձնեց վիրավոր ազատամարտիկների համար։
Վ. Շահվերդյանը երկրորդ անգամ այդ թատերերկին անդրադարձավ 1998թ., այս անգամ արդեն Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում (Ռուզան` Գ. Մեջլումյան)։
Եվ ահա, 2012 թիվ։ Վահե Շահվերդյանը Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հրավերով երրորդ անգամ ձեռնամուխ է լինում Մուրացանի հերոսապատումի բեմադրությանը` նշանավորելով թատրոնի կազմավորման 80-ամյակը և թատերախմբի հրաժեշտն իր 60-ամյա փառահեղ շինությանը (ճարտարապետ` Թամարա Գրիգորյան), որը հիմնանորոգման և վերակառուցման երկարատև շրջափուլ պետք է անցնի։
Յուրաքանչյուր հանդիպում Վ. Շահվերդյանի հետ թատերախմբի համար վերածվում է տոնի։ Բացառություն չէր նաև այս վերջին հանդիպումը։ Ավագ սերունդը նորից զգաց նրա ստեղծագործ մտքի անսահման թռիչքը, երիտասարդներն ըմբոշխնեցին մեր ժամանակի հատընտիր արվեստագետներից մեկի հետ շփվելու երջանկությունը։ Ասենք նաև, որ առաջին փորձերը ռեժիսորին ոչ միայն չոգևորեցին, այլև նրա համար պարզ դարձավ, որ բեմադրական աշխատանքին զուգահեռ իր վրա պետք է վերցնի մանկավարժ-դերուսույցի պարտականությունը, քանզի ավագ սերդնի դերասանների մեջ դեռևս շարունակում է ապրել 20-րդ դարի թատերական գեղագիտությունը, իսկ երիտասարդները տակավին զուրկ են վարպետությունից։
Բարեբախտաբար, հերթական փորձերը բացահայտեցին, որ թատերախումբը ընկալունակ է, և հույս կա, որ վարպետ ձեռքի տակ կարող է վերափոխվել։ Եվ սկսվեց արարումի աննախադեպ ոգորումը. ամբողջ կոլեկտիվը բռունցքվեց և ապրեց ստեղծագործական վերելք։
Փլուզվեց այն կարծիքը, թե Ստեփանակերտի թատրոնի ավագ սերունդը հին ՙշկոլայի՚ դերասաններ են, և որ երիտասարդ դերասանների համագործակցությունը նրանց հետ անհետաքրքիր է (սա մեր երիտասարդ ռեժիսորների կարծիքն է)։ Շահվերդյանը մեկ անգամ ևս հաստատեց, որ դերասանը վարպետ բեմադրիչի ձեռքին ընդամենը գործիք է` ինչպես լարես, այնպես էլ կնվագի։
Վերը ասվածից հետևում է.
Դաս առաջին. դերասանի զարգացման, կայացման գլխավոր պայմանը վարպետ արվեստագետի ձեռքի տակ աշխատելն է։

* * * 
Մուրացանի ՙՌուզան՚ դրամայի հիմքում 13-րդ դարի` Արցախում տեղի ունեցած դեպքերն են. թաթար-մոնղոլական զորքերը, ավերելով Արցախի բնակավայրերը, պաշարել են Հասան Ջալալ Տոլայի ամրոցը` Խոխանաբերդը: Այն գրավելու համար թշնամին որոշում է բնակչության կոտորած       կազմակերպելով ստիպել Ջալալ իշխանին` կամովին հանձնել բերդը և իր աղջկան` Ռուզանին։
Ջալալ իշխանը նվերներ է ուղարկում թշնամուն, խոստանում է հարկ վճարել խանին, սակայն նա անհողդողդ է` պահանջում է Ռուզանին։ Թեև իշխանի ուժերը թշնամու համեմատությամբ փոքր են, բայց նա, այնուամենայնիվ, որոշում է պայքարել բռնակալի դեմ մինչև վերջ։ Ռուզանը տեսնելով, որ իր պատճառով մեծ կոտորած պետք է լինի, գաղտնի փախչում և հանձնվում է թշնամուն։ Իսկ երբ նրա պահանջով ազատ են արձակում հազարավոր ձերբակալվածների, ինքն իրեն թունավորում է։ Ասել է` զոհում է իր անձն ու երջանկությունը հանուն հայրենիքի։
Վ. Շահվերդյանը, նախ և առաջ, ազատեց պիեսը մերօրյա ընկալման համար խորթ ու ավելորդ տարրերից, կատարեց կոմպոզիցիոն տեղափոխություններ, որի արդյունքում ռոմանտիկական պաթետիկ դրաման վերածվեց ռեալիստական ու համոզիչ մի գործի, ինչը նրան հնարավորություն ընձեռեց բեմադրել այն իրեն հատուկ ռեալիստական մեկնությամբ` շաղախված շահվերդյանական ռեժիսուրայում արդեն օրինաչափություն դարձած, խորհրդապաշտական թատրոնի գեղագիտությանը հատուկ տարրերով ու թատերային ձևերով։
Բեմադրիչի գերխնդիրը Ռուզանն էր, որի դերակատարը համեմատության եզրեր չունի հայ բեմում այդ կերպարի նախորդ և ոչ մի դերակատարի հետ. պուճուրիկ, փխրուն ու նուրբ, սկսնակ դերասանուհի Մարիա Խաչատրյան։ Ռեժիսորի առաջին գործը եղավ այն, որ կերպարը վերաձևեց գլխավոր դերակատարի ֆակտուրայի և կատարողական ունակությունների վրա, որից այն ոչ միայն շահեց, այլև դարձավ արդիական ու կենդանի։
Այսօրվա Ռուզանը սովորական մի աղջնակ է` իր ռոմանտիկ սիրով առ Ներսեհը և լուսավոր երազանքներով, սակայն, ով երկրի համար ճակատագրական ժամին իր փխրուն ուսերին է վերցնում պահի ծանրությունը և հերոսանում է` հայրենիքի  զոհասեղանին  դնելով իր անձնական երջանկությունն ու կյանքը։ Բայց Ռուզանի որոշումը հանկարծատես որոշում չէ, նա հոգեպես նախապատրաստված է դրան, որովհետև դաստիարակվել է հայրենապաշտության ոգով։ Եվ Ջալալ իշխանին, որ փորձում է ետ պահել նրան իր որոշումից, պատասխանում է. ՙԲայց, հայր իմ։ Քանի դեռ փոքր էի, ուսուցանում էիր ինձ` սիրել հայրենիքը` իմ անձից ավելի և նրա բարօրության համար զոհել ամենը, ինչ որ ունիմ թանկագին։ Արդ, հասել է ժամը քո պատվերը կատարելու. մի՞թե դու այժմ հակառակը պիտի խրատես…՚։
DSC02963.jpgՄարդկության կենսափորձը հաստատում է, որ ոչ մեկը հերոս չի ծնվում։ Անհատը հերոսանում է, երբ մարդկային հոգեկերտվածքը բախվելով ծայրահեղ, ճակատագրական ու բախտորոշ իրավիճակի, որոշում է կայացնում. կամ՝ տաքուկ անկյուն է փնտրում, կամ, Աստված մի արասցե, դավաճանության ճանապարհն է բռնում, կամ էլ` հաղթելով ինքն իրեն ու մահվանը, հերոսանում է։ Այս դասը մենք անգիր սերտեցինք Արցախյան գոյամարտում, երբ հազարավոր շատ սովորական, անհոգ, ուրախ տղաներ ու աղջիկներ հերոսացան, քանզի իրենց էությամբ նրանք պատրաստ էին և հայրենիքի համար ճակատագրական պահին չընկրկեցին ու տաքուկ անկյուն չփնտրեցին, երբ կռիվը հայրենի սահմաններում էր։ Այստեղից.
Դաս երկրորդ. քանի դեռ Արցախն ապրում է պատերազմի մշտարթուն տագնապի պայմաններում, այսօր, քան երբևէ, պետք է հոգ տանել երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակության ու հոգևոր պատրաստության մասին, որ ամուր լինի հայ երիտասարդի հոգևոր զրահը, որ երկրի համար ճակատագրական պահին նա կարողանա ճիշտ ընտրություն կատարել ու որոշում կայացնել։
Ջալալի իշխանական թևում անհատներ են, որոնց կերպարները թեև դիպաշարում զարգացում չեն ապրում, բայց իրենց վերաբերմունքով դեպի ստեղծված ճակատագրական կացությունը հերոսապատումին ներբերում են մարդկային այն ազնիվ տեսակը, ում շնորհիվ կանգուն է մնացել հող հայրենին։ Հաճելի է տեսնել դերասանական այն անսամբլը, որ ստեղծվել է այդ հերոսներին մարմնավորող արտիստների շնորհիվ։
Իր տարերքի մեջ է խիզախ, վճռական, հայրենասեր ու քաջ, բայց և նուրբ ու զգացմունքային Ներսեհի դերակատար` քայլ առ քայլ, դերից դեր ինքնահաստատվող երիտասարդ դերասան Գենադի Առուշանյանը։ Նրա կերպավորած Ներսեհը պատրաստ է անգամ փոքրաթիվ զորախմբով դուրս գալ բազմահազարանոց թշնամու դեմ և մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանել երկրի և սիրած աղջկա պատիվը։
Գեղեցիկ, մտածված խաղով իրար լրացնում են ժողովրդական արտիստ Ք. Հարությունյանը (Ջալալ), Մ. Ալոյանը (Զաքարե), վաստակավոր արտիստներ Ա. Պետրոսյանը և Ա. Գաբրիելյանը (Մամքան), Ա. Տեփնանցը (Սմբատ)։ 
Թշնամու բանակում երկու հիմնական գործող անձ ենք տեսնում` Բուրա Նուին և Ջոլա։
Ըստ Մուրացանի` Բուրան ՙլավ թաթար՚ է սկզբից ևեթ։ Շահվերդյանի մտահղացմամբ Բուրան Չարմաղան զորապետի երես առած լկտի որդին է, ով Ռուզանին պահանջում է որպես հերթական կիրք և խաղալիք։ Սակայն հանդիպելով Ռուզանին և նրանից լսելով ու նրա աչքերով տեսնելով ու գնահատելով ստեղծված իրավիճակը, հասկանում է, որ գործ ունի ոչ սովորական աղջկա հետ։ Նա Ռուզանի մեջ տեսնում է ոչ միայն ցանկալի կնոջ, այլև ուժեղ անհատի, ով նրան զինաթափում է իր վեհ արարքով։ Բուրան պատրաստ է ամեն ինչի, միայն արժանանա նման աղջկա սիրուն:
Բուրան բեմական մարմնացում է ստացել թատրոնին նվիրված, գերհուզական ու շնորհալի  երիտասարդ դերասան Դավիթ Ղահրամանյանի կատարմամբ, ով ռեժիսորի հետ մեկտեղ ճգնեց, աշխատեց ու նոր որակ ապահովեց, ինքն իրեն, հետաքրքիր և հիշվող կերպար ստեղծեց։
Այլ խնդիր բերեց Ջոլան` արյունռուշտ մի թաթար, որ պատրաստ է սրի քաշել, բնաջնջել բոլորին, և ում խորթ է գթություն ասվածը, ու նա չի հասկանում ՙմարդկայնացած՚ Բուրային։
Դերասան Արմեն Հովսեփյանից, ում մարդկային էությանը իսպառ խորթ է դաժանությունը, շատ ջանք ու ճիգ պահանջվեց մարմնավորելու նենգ ու քինոտ Ջոլային…
Արտաքին թշնամուց պակաս վտանգավոր չեն ներքին դիմադարձ ուժերը` Պապաք-Համտուն-Թենի եռյակը։ Նրանցից յուրաքանչյուրն իր հիմնավոր պատճառն ունի. Պապաքին (վաստ. արտ.  Սամվել Եվրիյան) զրկել են ժառանգաբար իրեն պատկանող հողերից։ Թենին (վաստ. արտ.   Սվետլանա Թովմասյան) ատում է Ներսեհին, ում մոր` իր հասցեին արված չարախոսության պատճառով ինքը դժբախտացել է։ Համտունի (Էդվարդ Դավթյան) մեջ խոսում է տոհմական պատիվը. նա գտնում է, որ Ռուզանը իրեն պետք է պատկանի, քանի որ Սյունյաց և Բագրատունյաց տները բարձակիցներ են։
Համտունը հակասական կերպար է, նա դավաճան է` դեպքերի բերումով. Պապաքի դրդմամբ ակամայից դառնում է մերժված սիրո գերին և, վրեժխնդրությունից մթագնած, դիմում է ստորության, բայց և ներքին պայքար է ապրում։ Նա, ով իր քաջությամբ չի զիջում Ներսեհին, հայտնվել է թշնամու բանակում, որտեղ նրան քամահրանքով են վերաբերվում, նվաստացնում։ Բուրան իրեն թույլ է տալիս նույնիսկ ցատկել նրա մեջքին և հեծնել, քայլել նրա վրայով, ինչը մեկ անգամ ևս հաստատում է, որ թշնամին թեև օգտվում է դավաճանի ծառայություններից, բայց երբեք չի հարգում նրան։
Ահա այսպիսի բարդ և հակասական դեր է բաժին ընկել սկսնակ դերասան Է. Դավթյանին։ Ստացված կերպարն, անշուշտ, ավելին է պահանջում, սակայն եղածը լավագույն տարբերակն է  սկսնակ դերասանի պարագայում, որը դուրս չի մնում ընդհանուր դերասանական անսամբլից։
Թովմասյան-Թենին նվիրված ու սիրող դայակ է։ Բայց նա նույնպես հայտնվում է Պապաքի սարդոստայնի մեջ և վրեժխնդրության մոլուցքի մեջ իր իսկ ձեռամբ Ռուզանին կործանում է` մատուռից դեպի թշնամու բանակը տանող պատուհանի տեղը նշելով և թույլ տալով, որ իր հետ վերցնի թույն պարունակող մատանին։
Լավ հասկանալով կատարվածի հրեշավորությունը` Թենին չի դիմանում. նրա` ծամածռված դեմքով և կիսակենդան մարմինը դուրս է տանում Պապաքը։ Այս ամենը բեմում կատարվում է համոզիչ, թատերային գեղեցիկ ձևերի մեջ, անջնջելի տպավորություն գործող բեմավիճակներում։
Պապաքի ձեռքով ու խարդավանքով կործանվում են երկու բարեպաշտ հոգիներ, իսկ պապաքները կենսունակ են մնում բոլոր ժամանակներում։
Դաս երրորդ. երբ վտանգի մեջ է հայրենիքը, անձնական վիրավորանքն ու նախապատվությունները պետք է ստորադասվեն ժողովրդի ու երկրի շահերին։ 
Շահվերդյանի ռեժիսուրայի գերող առանձնահատկություններից մեկն էլ նրա ՙթուլությունն՚ է  խորհրդապաշտության նկատմամբ։ Այս անգամ այն երևակվեց հայ կանանց խմբի միջոցով, որը հին հունական թատրոնի ՙխորոսի՚ նորօրյա արտահայտություններից է և փաստորեն ժողովրդի խտացած կերպարն է, հավաքական ոգին` դեպքերի ու դեմքերի նկատմամբ ունեցած իր հուզական վերաբերմունքով։
Խումբը պլաստիկայի և խոսքի միջոցով իր անմիջական մասնակցությունն է բերում իրադարձություններին, ռիթմ ու հույզ է հաղորդում բեմավիճակներին: Մերթ սիրահար հոգիների թարգմանն են նշանադրության տեսարանում, մերթ էլ գարնան գալն են ավետում ծաղիկներով պարի դեպքում, որտեղ ռեժիսորն օգտագործելով ՙրՑՏտ-ՍՈՊՐ՚-ի միջոցը` այն մոտեցնում է հեթանոսական ծիսական պատկերի: Ապա երաժշտությանն ու դրությանը համահունչ, ուժեղացնում են լարվածությունն ու տագնապած սպասում դեպքերի ընթացքին, իսկ երբ արհամարհանքով իրենց սպիտակ հարսնաքողերն են շպրտում դավաճան Համտունի ոտքերի տակ, և վերջինս կուչ եկած հավաքում է այն, թվում է, տղամարդուն ոչնչացնելու առավել տարբերակ չկա։ Նրանց կրած հագուստը կյանքի հիմնական գույներն ունի` սպիտակ, սև, կարմիր, և իրավիճակին հանգույն, փոփոխվում է այդ գույների խաղը (պարուսույց՝ Լ. Սարգսյան)։  
Բեմադրության նկարչական ձևավորման հեղինակը ՀՀ վաստակավոր նկարիչ Եվգենի Սաֆրոնովն է։ Դեկորացիան, ինչպես նաև զգեստները (նկարիչ` Վահագն Թևոսյան) Ստեփանակերտի թատրոնը նվեր է ստացել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից։ Երաժշտական ձևավորումը Սուրեն Շահվերդյանինն է։ Երեքն էլ արված են ճաշակով, ներդաշնակվում են հերոսապատումի ոգուն, ռեժիսորի ոճին և ձուլվում են բեմադրության ընդհանուր կերպարին։
Դիտելով Մուրացանի ՙՌուզանը՚ Շահվերդյանի մեկնաբանությամբ՝ վստահաբար կարող ենք ասել, որ այն կայացել է, իսկ ոչ քիչ թերություններն ու անհարթությունները, որ կան բեմադրության մեջ, միայն մեր թատերախմբի փոքր-ինչ տկարության և թատրոնի տեխնիկական անկարողության հետևանք են։
 

 

Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Թատերագետ