Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅՈՎ ԱՊՐԵՆՔ, ՈՐ ԱՊԱԳԱ ԿԵՐՏԵՆՔ

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 Վերջերս Արցախի Կամերային պետական նվագախումբը` Գևորգ Մուրադյանի ղեկավարությամբ, հյուրախաղերով գտնվում էր Ֆրանսիայում և Բելգիայում:

Ինչպե՞ս ծնվեց գաղափարը և ինչպե՞ս անցան համերգները: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար Գ. Մուրադյանն է կիսվում տպավորություններով:
-Դեռ մինչև պատերազմն այդ գործը նախաձեռնել էր նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Ֆրանսիական կողմը հրավիրել է, մեր հովանավորները տեղյակ էին, և սկսեցինք պատրաստվել: Բայց հետո համաճարակը, ապա պատերազմը, երկրի հետպատերազմյան իրավիճակը խանգարեցին ու հետաձգվեց: Ճիշտն ասած, արդեն չէի սպասում, որ կստացվի: Բայց զանգեցին Հայ Բարեգործական Ընդհանուր միությունից, ԱՀ արտգործնախարարությունից, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ասացին` միտք կա կյանքի կոչել այդ գաղափարը: Ու սկսեցինք պատրաստվել:
-Ո՞վ ֆինանսավորեց:
-Անշուշտ, ՀԲԸՄ-ն, Ֆրանսիան: Աջակցեց նաև պետությունը: Հյուրախաղերի ընթացքում մեզ հետ էին նախարարներ Հայկ Խանումյանը և Անահիտ Հակոբյանը: Համարում եմ, որ սա մեծ ակցիա էր:
-Երևանից մեկնեցինք ուղիղ Լիոն: Այնուհետև մեզ տարան Կլերմոն: Այնտեղ փառատոն էր անցկացվում: Մենք պիտի Օվերնոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ ծանոթանայինք և շփվեինք: Միանգամից միտք ծագեց` նվագախմբից ընտրել քառյակ, որն էլ նվագեց Կոմիտաս` Ասլամազյանի մշակումներից: Քառյակը նվագակցեց Լիլիթ Պետրոսյանին, ով հիանալի կատարեց մեր միջնադարյան չքնաղ շարականները: Եկեղեցին, որտեղ ելույթ էինք ունենում, հրաշալի ակուստիկա ուներ: Ինչքան մաքուր, գեղեցիկ էր հնչում երգչուհու ձայնը:
-Պարոն Մուրադյան, ո՞րն է նվագախմբի հաջողության գրավականը:
-Պրոֆեսիոնալ մոտեցումն է կարևոր ամեն ինչում` գործիքի լարումից մինչև երաժշտի վարպետության մակարդակը: Երբ պիտի ելույթ ունենայինք Լիոնում, մեկ ժամ առաջ՝ մինչև համերգը, լարողը եկավ, իր գործն արեց ու գնաց: Իսկ այստեղ խնդրում եմ, որ յուրաքանչյուր մեր համերգից առաջ դաշնամուրը լարեն: Բազմաժամյա պարապմունքներն են կարևոր, մանրակրկիտ աշխատանքը յուրաքանչյուր ձայնի, երաժշտական մտքի վրա` հասցնելով այն կատարելության: Կարևոր է թիմային աշխատանքը. նվագախմբի յուրաքանչյուր երաժիշտ պետք է ոչ թե իրեն ցուցադրի, այլ գործընկերոջ հետ միասին մի ամբողջություն ստեղծելու գործում իր ուրույն ներդրումն ունենա: Ես 18 տարի այստեղ եմ և նույնքան տարիներ պայքարում եմ, որ պրոֆեսիոնալ մոտեցումը գերիշխի ամեն ինչում: Արժանապատվություն պետք է ունենանք ցանկացած հարցում, վերաբերի դա անձին, թե պետությանը: Արժանապատվություն, պրոֆեսիոնալ մոտեցում, նվիրյալ աշխատանք: Դա է մեր ցանկացած համերգի հաջողության հիմքը: Ամեն մարդ լավագույնս պետք է կատարի իր գործը:
-Ինչպե՞ս անցավ առաջին համերգը:
- Սեպտեմբերի 2-ին Լիոնում տեղի ունեցավ մեր առաջին մեծ ու բացօթյա համերգը` նվիրված Արցախի Հանրապետության օրվան: Այն անցավ կառավարական բարձր մակարդակով: Ներկա էր նահանգի նախագահն իր ղեկավարած կառավարության ներկայացուցիչների հետ: Նա ծավալուն ելույթ ունեցավ` նվիրված հայ ժողովրդին, Արցախին: Շատ ջերմ ընդունելության արժանացանք: Պիտի անես, որ հասնես նման հաջողության, չանես` չի լինի: Ի դեպ, մենք նվագախմբի անդամների համար շապիկներ ենք պատվիրել, որոնց վրա գրված է` «Չանես` չի լինի». մեր կարգախոսն է: Հույսդ, առաջին հերթին, պետք է դնես ինքդ քեզ վրա, ոչ թե դիմացինի: Այնտեղ ամենուրեք այդպես է: Ուրախ եմ, որ նվագախմբի երաժիշտներն իրենց աչքերով դա տեսան: Այնտեղ պաշտոնը չէ, որ հաշվի է առնվում, այլ մարդու վաստակը:
-Խոսենք ծրագրի մասին: Ի՞նչ էիք նվագում օտարերկրացի հանդիսատեսի համար:
-Բոլոր համերգներին նույն ծրագիրն էինք նվագում: Բոլորն էլ իրենց գոհունակությունն էին հայտնում ծրագրում ընդգրկված ստեղծագործությունների ընտրանու վերաբերյալ: Ռազմավարությունն այսպիսինն էր. Եվրոպայում ինչո՞վ կարող ենք զարմացնել, անշուշտ` հայկական երաժշտությամբ: Ողջ ծրագիրը կազմված էր հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից, բացառությամբ Սեն-Սանսի և Սիբելիուսի հայտնի գործերի: Հնչեցին միջնադարյան մեր շարականները, Կոմիտասի երգերը, Բաբաջանյանի, Հեքիմյանի, Սիմոն Սարգսյանի և այլ հայ հեղինակների ստեղծագործությունները: Ավարտեցինք Կոմիտասի «Վաղարշապատի պարով»: Տեսնել էր պետք` ինչ իրարանցում էր տիրում դահլիճում: Նաև ես ելույթ ունեցա՝ ասելով, որ նման երաժշտություն ստեղծող ազգը պետք է ապրի ու հարատևի: Բա ո՞նց, պետք է ապրենք ներկայով, որ ապագա կերտենք: