Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԱՅԱՍԵՐ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԳԻՐՔԸ

 

Արցախի Գրողների միության անդամ, բանաստեղծ, Արցախյան երրորդ պատերազմում նահատակված Հայասեր Հովսեփյանի «Լռության փոխարեն» գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր՝ սեպտեմբերի 21-ին` Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի դահլիճում:

-Գրքում մեկտեղված են Հայասերի տարբեր տարիների ստեղծագործությունները: Նրա պոեզիայում խոսում է երկրի քաղաքացին ու գաղափարական բանաստեղծը՝ բավականին համարձակ ու ազնիվ իր մտքերով,- անդրադառնալով գրքին՝ ասաց ԱԳՄ նախագահի տեղակալ, գրականագետ Ամալյա Գրիգորյանը: Նրա բնութագրմամբ՝ առաջնագծի պոետ է Հայասերը:

-Նա գրականություն է բերել խրամատային կյանքը, սխրագործել է ոչ միայն ռազմի դաշտում, այլև գրականության մեջ, որտեղ մարմնացրել է պատերազմը: Նա իր հայրենասիրությունը բառով չբնորոշեց, այլ՝ անձնազոհությամբ,-ասաց Ամայլա Գրիգորյանը՝ նշելով, որ Հայասերի յուրաքանչյուր բանաստեղծություն խաղաղության ուղերձ է ընթերցողին ու համայն աշխարհին:

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի համոզմամբ՝ Հայասերի ստեղծագործությունները մարգարեություններ են:

-Այսօր, կարդալով նրա բանաստեղծությունները, տեսնում եմ, որ մարգարեություններ են,- ասաց Հ. Խանումյանը:

Հայասերի մասին հիշողություն  ու հետաքրքիր դրվագներով են պատմել մանկության ընկերները: Նրանց բնորոշմամբ՝ կենսասեր, համեստ, նվիրված ու վստահություն ներշնչող էր Հայասերը, վայելում էր շրջապատի սերն ու հարգանքը:

Ըստ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու՝ Իրա Հարությունյանի՝ աշխատասեր էր Հայասերը, շատ էր սիրում ընթերցել ու գեղեցիկ ձեռագիր ուներ:

-9-րդ դասարանում էր սովորում Հայասերը, երբ ներս մտա դասարան և աշակերտներից մեկն ասաց, որ դասարանում բանաստեղծ կա. այդ պահին Հայասերը շփոթված ու շիկնած պայուսակից հանեց մի թղթի կտոր ու մեկնեց ինձ: Կարդացի ու խրախուսեցի, որ շարունակի գրել,- հիշում է ուսուցչուհին:

-Նա հայի ամենաբարձր արժեհամակարգը կրող անհատականություն էր՝ համեստ, ազնիվ, տաղանդավոր,-անմահացած իր ուսանողին բնութագրելով ասաց ԱրՊՀ-ի դասախոս, դոցենտ Սիլվա Խաչատրյանը:

Ծովատեղի միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Աբրահամյանի նկարագրմամբ՝ պարզ էր Հայասերը, կենսախինդ, կատակասեր, մարդասեր և միանգամից սիրվեց աշակերտական, ուսուցչական կոլեկտիվի կողմից: Նրա խոսքով` Ծովատեղում այսօր էլ ուսումնական առօրյան սկսվում և ավարտվում է Հայասերի զրույցներով ու կատակներով:                             

Միջոցառման ընթացքում Հայասերի ստեղծագործություններից ասմունքեցին Ծովատեղի դպրոցի աշակերտները: ԱՀ ԳՄ-ը Հայասեր Հովսեփյանին հետմահու պարգևատրել է «Նարեկացի» մեդալով, որն Ա. Գրիգորյանը հանձնեց հերոսի մորը:

Լուսինե ՇԱԴՅԱՆ