[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՐՁՈՒՆՔԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԴԱՍ

 

Դեռևս Խորհրդային տարիներին Արցախում սպորտային տուրիզմը բավականին սիրված մարզաձև էր, և տեղի թիմը միշտ հանդես էր գալիս Միութենական մրցաշարերում՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր։ Շատ երիտասարդներ այս մարզաձևից ստացած ունակությունների և հմտությունների շնորհիվ կարողացան ավելի գրագետ ու կազմակերպված դրսևորվել պատերազմական իրավիճակներում։ Սպորտային տուրիզմի ավանդույթների, կարևորության և ներկայիս պայմաններում այն զարգացնելու փորձերի մասին է մեր զրույցը Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի սպորտային տուրիզմի մարզիչ Մարիետա ԹՈՒՄԱՍՅԱՆԻ հետ։

-Ներկայացրեք խնդրեմ սպորտային տուրիզմով Մարզադպրոցում պարապող պատանիների ընդգրկվածության մակարդակը։ Մինչ 2020թ. սեպտեմբերի 27-ն այս մարզաձևը բավականին թափ էր ստացել և ամեն տարի պարտադիր կազմակերպվում էին ուսումնամարզական հավաքներ, մրցումներ, տարբեր միջոցառումներ։ Ինչպե՞ս եք այժմ կազմակերպում ձեր պարապմունքները, արշավները։

-Ներկայումս Մարզադպրոցում գործում է սպորտային տուրիզմի 2 խումբ՝ 2 մարզչի գլխավորությամ: Մարզիչներից մեկն էլ Մարզադպրոցի տնօրեն Էմիլս Հովհաննիյանն է։ Տարիքային առումով ընդգրկված են 8-12 և 12-18 տարեկան ավելի քան 30 պատանի։ Մինչև 2020թ. սեպտեմբեր Է. Հովհաննիսյանի ջանքերով, ինչպես նաև տուրիզմի վետերանների ընդգրկմամբ ամեն տարի Մայիսյան եռատոնի կապակցությամբ կազմակերպվում էր սպորտային տուրիզմի հավաք, որին մասնակցում էին ոչ միայն Արցախի, այլև ՀՀ տարբեր մարզերի թիմերը։ Այժմ պարապմունքներին զուգահեռ կազմակերպում ենք միայն երկօրյա գիշերակացով արշավներ, երթարշավներ տարբեր ուղղություններով։ Շարունակվում է ամեն տարի ամառային շրջանում Պատարա գյուղի տարածքում Սպորտային տուրիզմի ֆեդերացիայի կողմից կազմակերպվող «Կատմանդու» ճամբարին մեր պարտադիր մասնակցության ավանդույթը։ Համագործակցում ենք նաև Forrest HUB-ի հիմնադիր Ազատ Ադամյանի հետ, ով մեզ հնարավորություն է ընձեռում Կարկառ գետի ափին երբեմնի տուրիստական բազայում անցկացնել մեր պարապմունքները։ Մարզադպրոցի ժամանակացույցով նախատեսված է պարապմունքներն անցկացնել շաբաթական չորս անգամ և բացի դրանից, շաբաթվա վերջում պարբերաբար կազմակերպում ենք արշավներ, որոնց ընթացքում պատանիներն իրենց գիտելիքներն ու հմտությունները կիրառում են բնության մեջ։ Արշավները կազմակերպում ենք անվտանգ վայրերում և անպայման Ստեփանակերտի քաղաքապետարանի, ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ներկայացուցիչների ուղեկցությամբ ու համապատասխան կառույցների համաձայնությամբ։ Յուրաքանչյուր արշավից առաջ տուրիզմի վետերանների հետ խորհրդակցում և քննարկում ենք տվյալ ուղղության անվտանգության հատ կապված հարցերը, տուրիստական անհրաժեշտ գույքով և գիշերակացով մնալու հետ կապված այլ խնդիրներ։

-Իսկ արշավների առումով կոնկրետ ժամանակացույց և ուսուցման ծրագիր ունե՞ք։

-Քանի որ երեխաներն ազատ են լինում շաբաթ և կիրակի օրերին, մենք էլ այդ ժամանակաընթացքում ենք կազմակերպում արշավները, իհարկե, հաշվի առնելով եղանակային պայմանները։ Բնականաբար, ավելի շատ արշավներ կազմակերպում ենք տաք եղանակներին, բայց ձմեռային շրջանում նույնպես փորձում ենք բնության գրկում կազմակերպել մեր պարապմունքները ու հիմնականում՝ Պատարա գյուղի մոտակա տուրիզմի ճամբարի տարածքում։ Ինչ վերաբերում է ուսուցման ծրագրին, ապա հինականում սովորեցնում ենք սպորտային տուրիզմի տեխնիկան, վերելքների, խոչնդոտների և բարձունքների հաղթահարման հմտությունները, ինչպես նաև քարտեզագրություն, տեղանքի կողմնորոշում, բնության մեջ կեցության հարցերի լուծում, վրանների, ուսապարկի, քնապարկի ճիշտ տեղադրում և օգտագործում։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ կոնկրետ գյուղի տարածքում կազմակերպվող արշավների ընթացքում Ստեփանակերտի պատանիներն ու աղջիկները ծանոթանում ու շփվում են տվյալ համայնքի իրենց տարեկիցների հետ, ինչի արդյունքում նրանք ընկերանում են և համատեղ այցեր կազմակերպում տարածքի տեսարժան վայրեր` ավելի հետաքրքիր դարձնելով իրենց առօրյան:

- Սպորտային տուրիզմի զարգացման կարևոր գործոններից է հանդիսանում տուրիստական ճամբարի կազմակերպումը։ Արցախում ամառային շրջանում ամեն տարի ԱՀ սպորտային տուրիզմի ֆեդերացիայի կողմից անցկացվող տուրիստական ճամբարին մասնակցում են բազմաթիվ պատանիներ ու աղջիկներ և դուք ևս ձեր ներդրումն ունեք կազմակերպչական հարցերում։ Ի՞նչ են ստանում երեխաները ճամբարից, ինչպե՞ս է անցնում նրանց առօրյան։

-Ամեն տարվա հուլիսի սկզբից մինչև օգոստոսի վերջ ԱՀ սպորտային տուրիզմի ֆեդերացիան Պատարա գյուղի մերձակայքում կազմակերպում է վրանային տուրիստական «Կատմանդու» ճամբարը։ Մարզադպրոցի տնօրենությունը հայտ է ներկայացնում ֆեդերացիային՝ սպորտային տուրիզմի սաներին ճամբարում ընդգրկելու համար։ Քանի որ ներկայումս սպորտային տուրիզմի մարզաձևով պարապողների համար քիչ հնարավորություններ կան իրենց գիտելիքներն ու հմտությունները տարբեր մրցումներում դրսևորելու, ուստի միակ կարևոր միջոցառումը այդ ճամբարին մասնակցելն է։ Ճամբարի մեկ հերթափոխը տևում է 10 օր, իսկ ընդհանուր բոլոր հերթափոխերին ընդգրկված են Մարզադպրոցի մարզիչները, որպեսզի տեսական և գործնական գիտելիքներ փոխանցեն ճամբարականներին։ Ես էլ` որպես կամավոր արդեն 11 տարի ընդգրկվում եմ տուրիզմի ամառային ճամբարին։ Մնացած բոլոր կազմակերպչական ու ժամանցային հարցերը հոգում են ՙԿատմանդու՚ ճամբարի պատասխանատուները։ Ճամբարականները մասնակցում են նաև արշավների, որոնք կազմակերպվում են դեպի Պատարայի մոտակա տեսարժան վայրեր, միաժամանակ շրջակա գործող և խոնարհված եկեղեցների տարածքներում՝ իրականացնելով մաքրման աշխատանքներ։ Նման ծրագրերի միջոցով փորձում ենք պատանիների ուշադրությունը սևեռել մեր հայրենիքի տեսարժան վայրերի, պատմամշակութային կոթողների, եկեղեցիների, մեր պատմության, հավատքի վրա։ Ճամբարում մեզ հյուրընկալում են հասարակական, քաղաքական, պետական տարբեր գործիչներ, տուրիզմի վետերաններ և ջերմ մթնոլորտում պատանիների ու աղջիկների հետ կազմակերպում հանդիպումներ, քննարկումներ։ Մենք համագործակցում ենք նաև ՀՀ ժայռամագլցմամբ զբաղվող մասնագետների հետ, կազմակերպում համատեղ այցեր, արշավներ։ ՌԴ- ում Սպորտային տուրիզմի դպրոցի հիմնադիր, ծննդով արցախցի Արմեն Հարությունյանն իր հերթին ևս աջակցում է մեզ տարբեր ուսումնամարզական նյութերով։ Իսկ ԱՀ սպորտային տուրիզմի ֆեդերացիայի աջակցությունը թե գույքի, և թե մյուս հարցերով բավականաչափ մեծ է։

-Մարզաձևով պարապել ցանկացողների թիվը երևի շատ կլինի, ինչպե՞ս եք լուծում այդ խնդիրը առկա պայմաններում։

-Իրոք, շատ երեխաներ են ցանկություն հայտնում միանալ մեր պարապմունքներին, սակայն տարածքի առումով խնդիրներ ունենք։ Սպորտային տուրիզմով զբաղվում են նաև սահմանափակ կարողություններով երեխաներ, ովքեր չեն կարողանում պարապել այլ մարզաձևերով։ Սոցիալական ներառման շնորհիվ նրանք իրենց զգում են հասարակության լիարժեք անդամներ։ Բացի սպորտային տուրիզմով զբաղվողներից, մենք ժամանակ առ ժամանակ մեր արշավներին մասնակից ենք դարձնում նաև Մարզադպրոցի մյուս մարզիկներին, որ բոլորն էլ սիրեն շրջակա միջավայրը և պահպանեն։ Առաջիկայում, օգտվելով եղանակային բարենպաստ պայմաններից, կծրագրենք հերթական տուրիստական արշավը։

-Ամենակարևոր դասն այս մարզաձևում։

-Սպորտային տուրիզմով պարապողների համար ամենակարևոր դասերից է բարձունքի հաղթահարումը։ Մենք ջանում ենք բացատրել նաև բարձունքի ռազմավարական դերն ու կարևորությունը հայրենիքի պաշտպանության ժամանակ և երեխաները սովորելով հաղթահարել բարձունքները` ավելի են կապվում տեղանքին, սիրում և զմայլվում մեր երկրի ամեն մի հատվածով։ Ցավոք, վերջին պատերազմից հետո մնացել է միայն Կաչաղակաբերդը և ամեն տարի նույն երեխաներին նույն ուղղությամբ բարձրացնելը, մեղմ ասած, ճիշտ չէ։ Իհարկե, ծրագրել էինք ՀՀ Ղափանի Խուստուփ լեռը բարձրանալ, սակայն, տարածաշրջանային ներկայիս սրված իրավիճակով պայմանավորված, հետաձգվել է։ Ամեն դեպքում շարունակում ենք կարևորել բարձունքների հաղթահարման դասը և նշյալ բարձունքը հաղթահարած պատանիներն արդեն փոքրերի հետ կրկին բարձրանալով սովորեցնում են տեղանքում կողմնորոշվելու և արշավելու հետ կապված նրբությունները։ Մենք ունենք ուսումնամարզական 2 խումբ, որի անդամները սպորտային տուրիզմով պարապում են հինգ տարի։ Նրանք իրենց գիտելիքներով և փորձառությամբ օգնում են նոր սերնդին։ Տուրիզմի շնորհիվ ստեփանակերտաբնակ շատ երեխաներ առաջին անգամ եղան մի շարք շրջաններում՝ ճանաչելով հայրենիքն ամենատարբեր գույներով։ Եվ պատահական չէ, որ պատերազմական իրավիճակներում տուրիզմով զբաղվողներն ավելի հեշտ են կողմնորոշվում ու հաղթահարում դժվարությունները։ 2020թ. պատերազմի ընթացքում մեր սաներն իրենց ունակությունների շնորհիվ կարողացել են տեղանքում ճիշտ կողմնորոշվել և փրկել իրենց զինակիցներին։

 Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ