[ARM]     [RUS]     [ENG]

Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Մ. Մաշտոց համալսարանի դասախոսների և ուսանողների հետ

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, հանրային գործիչ  Ռուբեն Վարդանյանը   հանդիպել է Ստեփանակերտի  Մեսրոպ Մաշտոց համալսարանի դասախոսների և ուսանողների հետ։ Մասնակիցները նախ ծաղիկներ են խոնարհել զոհված ուսանողների հուշատախտակի առջև՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին։

Սպասված համարելով հանդիպումը, ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը ողջունեց Ռ. Վարդանյանին ու իր տիկնոջը՝  Դիլիջանի միջազգային  քոլեջի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդին:

Ռեկտորի հավաստմամբ՝ բուհն  արձագանքում է ժամանակի բոլոր մարտահրավերներին և պատրաստ է դիտարկել ցանկացած նոր գաղափար։

Այնուհետև նա ներկայացրեց բուհում ուսուցանվող մասնագիտություններն ու իրականացվող ծրագրերը։

Ռուբեն Վարդանյանը պատրաստակամություն  հայտնեց համագործակցելու  Արցախի բոլոր կրթական հաստատությունների հետ։ Նրա համոզմամբ՝ անվտանգության հետ մեկտեղ կրթական ճիշտ համակարգի և միջավայրի ստեղծումը հաջողության կարևորագույն տարրերից են  և Արցախի ապագայի բաղադրիչ։

 «Մեր առաջնահերթ խնդիրներից է՝ գիտակցել այն մոդելը, որով Արցախն  ապրելու և արարելու է ապագայում, ինչպես նաև հստակեցնելը, թե ինչ մասնագիտություններ են մեզ պետք:

Անհրաժեշտ է ոչ թե կենտրոնանալ բարձրագույն կրթություն ու դիպլոմ ստանալու վրա, այլ՝  գնալ այն ուղղություններով, որոնք անհրաժեշտ են պետական և մասնավոր հատվածներում»,-ընդգծեց  Ռ. Վարդանյանը:

Ի պատասխան լրագրողների հարցին՝ Ռ. Վարդանյանը նշեց, որ անելու է հնարավորինը, որպեսզի համատեղ ուժերով ապահովվի  Արցախի անվտանգությունը՝ իրականացնելով զարգացման տարբեր ծրագրեր։ Գործարարի խոսքով՝ ինքը զինվոր է, որ եկել է Արցախը պաշտպանելու գործով ու  ծրագրեր իրականացնելով՝  միաժամանակ  աշխատելով  ազնիվ ու թափանցիկ։

 Աննա Ալեքսանյան