Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

«Երբ տապանում չէ Նոյը»

Արցախի գրական ընտանիքին այսօր կրկին համախմբեց «Երբ տապանում չէ Նոյը» գիրքը:  Հեղինակը  երիտասարդ բանաստեղծ Սերգեյ Սաֆարյանն է, ով ընթերցողին ներկայանում է  Նեմրութ ստորագրությամբ:  Գրքի խմբագիրը բանաստեղծ Նորեկ  Գասպարյանն է:

«Հեքիաթ չկա: Զգացմունքային, խաբկանքից հեռու մարդիկ են այս տապանի բնակիչները:

Հազար ու մի ցավի մեջ. հաճախ՝ մենակ, լքված, բայց ՄԵԾ  ՋՐԵՐԻՑ չվախեցող:

Լա՜վ է...Չգիտեմ ինչը կամ ինչու...

Տապանի՞ մեջ, թե՞ տապանից դուրս...»,-գրքի առաջաբանում ասում է Ն.Գասպարյանը:

Հարցին՝ ինչու՞ «Երբ տապանում չէ Նոյը», Նեմրութն այսպես մեկնաբանեց.

-Ես կարծում եմ, որ, իսկապես, Նոյը տապանում չէ, բայց այնպես չէ, որ նա այլևս տապան չի վերադառնալու: Դրա համար՝  «Երբ տապանում չէ Նոյը»:

-Սերգեյ Սաֆարյանն  արդի հայ գրականության ինքնատիպ դեմքերից է, նրա անհանգիստ և բեղուն գրիչն արդեն երեք գիրք է երկնել «Ինքնության դաշտ», «Ծանրացող ձյուն», «Երբ տապանում չէ Նոյը»: Սա  փաստում է, որ գրական դաշտ է մտել իր երկրի դիմագիծն ամբողջացնող, ժամանակակից մարդու հոգսերով ու մտահոգություններով ապրող անհատականություն։ Բազմազան է պոետի թեմատիկան, գլխավոր լեյտմոտիվը սակայն հայրենիքն է, նաև բզկտված այսօրն ու անորոշ ապագան,-շնորհանդեսի բացման խոսքում ասաց  բանաստեղծուհի, բ.գ.թ. Տաթև Սողոմոնյանը:

-Հետաքրքիր ոճ ունի Սերգեյը,-ընդգծեց  բ.գ.դ., պրոֆեսոր, բանաստեղծ  Սոկրատ Խանյանն՝ առանձնացնելով այս բանաստեղծությունը.

 

Եթե պատերազմը

զոհեր

չունենար.

երևի

նրան սիրեին

ավելի շատ,

քան

խաղաղությանը...

-Այսօր հպարտությամբ ու համարձակությամբ կարող ենք ասել, որ գրական ասպարեզ է եկել մի երիտասարդ,  որի խոսքը պոետական է, որի խոսքը  ազգային ճակատագրի ծիածան է, որն իր արմատներով կապված է ժողովրդի ճակատագրի հետ և այդ ճակատագիրը վերընձյուղվում է Արցախ աշխարհից,-իր խոսքում շեշտեց Ս. Խանյանը:

  -«Երբ տապանում չէ Նոյը»  գրքում տեսնում ենք Արցախի վերջին պատերազմից հետո ստեղծված ծանր կացության գեղարվեստական քրոնիկոնը յուրովի՝ Սաֆարյանական ոճով,-ասաց բ.գ.թ., դոցենտ  Զարինե Սառաջյանը՝ թերթելով հայրենի տան  պատկերի մասին բանաստեղծական էջերը.

ՏՈՒՆ,

էրգրի մեջ

էրգիր իմ,

ձեռքս չթողնես,

չլքես հանկարծ

հավատն իմ վերջին,

ուր որ  է

կարթնանա

Մհերը,

և դռները,

դռներն իրար հերթ չտալով,

վերածվեն

պատուհանների:

 

«Երբ տապանում չէ Նոյը» գրքի շնորհանդեսին տեսակապով միացել ու խոսք են ասել  նաև  արձակագիր  Հերմինե Ավագյանը, «Վարանդա» երգչախմբի հիմնադիր  Զաքար Քեշիշյանը  և «Հորիզոն» թերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը:

 

Գինեձոնից հետո  Նեմրութի հետ կարճ հարց ու պատասխան ունեցանք:

-Ես:

-Գոյության կռվում պայքարող մեկն եմ։ Ինձ համար խիստ հակասական կերպար։ Երբեմն ինձնից դուրս ու իմ մեջ։ Չգիտեմ...

-Գրում եմ:

-... որովհետև պիտի գրեմ։ Հատկապես հիմա, հատկապես առաջ և հատկապես հետո։ Ես երկու մարդու սեփականատեր եմ. մեկը ես եմ, մյուսը իմ գրող տեսակը... երկուսի հետ էլ շատ վաղուց մտերմացել եմ։ Դժվար է, բայց հաջողվում է։

-Գրքի ծնունդը:

- Ինձ համար երկիրն ավելի սիրելու բանաձև է։ Սահման, որտեղից կարելի է սկսել ամեն ինչ, նույնիսկ վերջը։

-Բանաստեղծությունը:

-Սկիզբ է։ Փրկություն։ Ապրելու տարածք, կենսակերպ։ Լինել, չլինելու կռվում` լինելու հրամայական։

-Արձակը սպասում է:

-Պիտի որ սպասի։ Ես վաղուց նրա հետ մտերմանալու փորձեր եմ անում։ Փորձում եմ չափազանց զգույշ հարաբերվել նրա հետ, ով գիտի որքան հեռու է նա, կամ հակառակը։ Բայց, գիտեմ, սպասում է։ Երևի առանց բազմակետերի։

-Բառը կարող է:

 -Հաստատ կարող է։ Ավելին, նա է կարողը։

-Գրական աշխարհում:

-Ես ինձ գրականությունից դուրս մարդ եմ համարում, որովհետև միշտ այնտեղ եմ։ Չափազանց պրագմատիկ եմ այդ աշխարհում, ավելի ռեալ, քան կարելի է։

-Թուղթ ու գրի՞չ,  թե՞ համակարգիչ:

-Թե-ից հետո միշտ ջրհեղեղ է լինում, դրա համար գրիչը և թուղթը։ Բայց չափի մեջ, կամ չափից շատ։ Միջակությունը բացառում ենք բոլոր առումներով։

ԱՆԻ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ