Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՊԱՏՎՈ ՊԱՏՎԱՆԴԱՆԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Արցախում, ինչպես և աշխարհի բազմաթիվ երկրներում, հոկտեմբերի 5-ին նշում են Ուսուցչի օրը։ Կրտսեր և ավագ սերունդների ներկայացուցիչները հիշում են, որ Խորհրդային Միության ժամանակաշրջանում՝ սկսած 1965թ.-ից, մասնագիտական այս տոնը նշվում էր հոկտեմբերի առաջին կիրակի օրը։ Եվ միայն համեմատաբար վերջերս՝ 1994թ.-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն հոկտեմբերի 5-ը հաստատեց որպես Ուսուցչի միջազգային օր։ Այդ ժամանակից ի վեր աշխարհի մոտ 100 երկիր, այդ թվում և Հայաստանն ու Արցախը, Ուսուցչի օրը սկսեցին նշել հոկտեմբերի 5-ին։

Մեզնից յուրաքանչյուրն, իհարկե, դպրոցական տարիների իր հուշերն ունի՝ սիրված և չսիրված (պարզապես խիստ) ուսուցիչներ, առարկաներ։ Հիշում ենք նաև մեր դասընկերներին, դպրոցական տարիների ծիծաղաշարժ ու հետաքրքիր դիպվածները։ Շատ բան, իհարկե, մոռացվել է, բայց վստահաբար կարելի է ասել, որ առաջին ուսուցչուհու անունը հիշում է աշակերտների մեծ մասը։

Այո, ուսուցչի աշխատանքը երախտիքի ու գնահատման է արժանի։ Անկեղծորեն շնորհավորում ենք բոլոր ուսուցիչներին նրանց մասնագիտական տոնի առթիվ և մաղթում անխոնջ ջերմեռանդություն, նորարարություն աշխատանքում, հետաքրքրասեր աշակերտներ։

Դժբախտաբար ԽՍՀՄ փլուզման հետ ուսուցչի վարկանիշն սկսեց նվազել։ Ցածր աշխատավարձի պատճառով երիտասարդությունը չէր ձգտում մանկավարժական կրթություն ստանալ։ Առավել շահավետ էին առևտուրը, ավտոսպասարկման ծառայությունները, ցանկացած բիզնես։ Մանկավարժական բուհեր դիմում էին միայն նրանք, ովքեր ուրիշ տեղ արդեն չէին կարող ընդունվել, իսկ բարձրագույն կրթություն ստանալն անհրաժեշտ էին համարում։ Եվ երկրորդ՝ բուհն ավարտելուց հետո շրջանավարտները բոլոր հնարավոր և անհնար միջոցներով ձգտում էին խուսափել դպրոցում աշխատելուց։ Դպրոցից գրեթե անհետացան տղամարդ-մանկավարժները, ինչը մասնագիտության համար կործանարար եղավ, քանի որ, մասնավորապես, աշակերտների համար չափազանց կարևոր էր տղամարդ-ուսուցչի ներկայությունը։ Դպրոցներում մնացին միայն նրանք, ովքեր չկարողացան իրենց գտնել որևէ այլ ասպարեզում։ Մանկավարժի հանդեպ վստահությունը պակասեց։

Վերհիշենք խորհրդային դպրոցները՝ իրենց վարչական կազմով։ Նրանք «հսկաներ» էին, որ ունակ էին ընդամենը մի նայվածքով կանխել կոնֆլիկտային իրավիճակները։ Խորհրդային մանկավարժը հասարակության մյուս անդամների համար անառարկելի հեղինակություն էր։ Պատահական չէ, որ խորհրդային կրթությունը համարվում է աշխարհում լավագույններից մեկը։ Ամեն տարի խորհրդային դպրոցներն ավարտում էին հազարավոր երեխաներ գիտելիքների բավականին բարձր մակարդակով։ ԽՍՀՄ-ում դպրոցական կրթության նման բարձր մակարդակը խարսխվում էր մանկավարժի մասնագիտության բարձր վարկանիշի և կադրերի ընտրության հարցում ճիշտ մոտեցման վրա։ Խորհրդային շրջանում մանկավարժը երբեք մեծ գումար չէր վաստակում, հարուստ չէր, բայց բարձր աշխատավարձն այն ժամանակ էական գործոն չէր։ Մանկավարժի աշխատանքը հարգի էր հասարակության շրջանում։ Դպրոցի տնօրենը մեծ հեղինակություն էր։ Եվ դա հնարավոր չէր գնել ոչ մի փողի դիմաց։ Այլ խոսքով՝ ուսուցչի հեղինակությունն այն տարիներին կասկածի տակ չէր դրվում։ Այսօր աշակերտի ֆիզիկական ու բարոյական առողջության պահապանը դատախազությունն է։ Ուսուցիչն իրեն չի կարող թույլ տալ աշակերտի հետ բարձր ձայնով խոսել։ Երբեմն դա վերածվում է մանկավարժների հանդեպ արհամարհական վերաբերմունքի։ Կրթությունը դարձել է մի համակարգ, որտեղ կրթական ծառայություններ են մատուցվում։ Այդ իսկ պատճառով մանկավարժը ստիպված է հանդուրժել, քանի որ աշակերտը «միշտ ճիշտ է»։ Համացանցում հանդիպում ենք տեսանյութեր, որտեղ աշակերտները ծաղրում են ուսուցիչներին, անգամ նրանց վրա ձեռք բարձրացնում ու այդ ամենը նկարահանում, ինչը բացասաբար է անդրադառնում մասնագիտության` առանց այդ էլ ցածր վարկանիշի վրա։ Ինչպես բժշկության մեջ է բուժօգնությունը փոխարինվել բժշկական ծառայություններով, այնպես էլ դպրոցում սկսել են ոչ թե գիտելիքներ տալ, այլ կրթական ծառայություններ մատուցել։

Շատերը կարող են առարկել` մատնանշելով վերջին տարիներին մեր կրթական ոլորտում ներդրվող գումարները. կառուցվում են նոր գեղեցիկ դպրոցներ՝ նյութատեխնիկական հիանալի բազայով, բարձրացնում են ուսուցիչների աշխատավարձը։ Այո, բայց պետք է խոստովանել, որ դրանից ուսուցչի մասնագիտությունն առավել գրավիչ չի դառնում։ Դրվածքն այդպիսին է, մանկավարժի մասնագիտությունն այնքան անհրապույր է, որ դպրոցներում ուսուցիչները չեն բավականացնում։ Այսօր ոչ բոլոր դպրոցները կարող են պարծենալ մաթեմատիկայի, ֆիզիկայի կամ ինֆորմատիկայի լավ մասնագետներով։ Ընդ որում, խնդիրն ավելի սուր է զգացվում գյուղական դպրոցներում։

Վերականգնել ուսուցչի մասնագիտության երբեմնի վարկանիշը՝ սա պետք է դառնա կրթության նախարարության առաջնահերթություններից մեկը։ Միայն բարձր աշխատավարձերով դրան հասնելը շատ բարդ կլինի։ Պետք է հիշել, որ զուտ նյութական խրախուսումը կարող է պատճառ դառնալ, որ ասպարեզում հայտնվեն պատահական մարդիկ, որոնց աշխատելու շարժառիթը գումարն է և ոչ` մանկավարժի կոչումը: Անհրաժեշտ է արժևորել ու հանրայնացնել այս մասնագիտությունը, և սա պետք է անենք բոլորս միասին՝ և՛ պետությունը, և՛ կրթության նախարարությունը, և՛ ԶԼՄ-ները, և՛, բնականաբար, ծնողներն իրենք։ Բոլորս պետք է հիշենք, որ ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ է պատվո պատվանդանին վերադարձնել մանկավարժի մասնագիտությունը։

Էվիկա ԲԱԲԱՅԱՆ