Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՐՁՐ ՊԱՀԵԼՈՎ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՀ ԿՈՉՈՒՄԸ

Բոլոր ժամանակներում և բոլոր հասարակություններում միշտ էլ հատուկ են մեծարել  ուսուցչին: Նրա անտրտունջ և անխոնջ աշխատանքի շնորհիվ են կրթվում ու դաստիարակվում սերունդները: 

 Իմ «հերոսուհին» Ելենա Հայրապետյանն է, վաստակաշատ մանկավարժ, ով  իր հետագիծն է թողել  սերունդների կյանքում՝ գործունեության առաջին իսկ օրվանից մինչև հիմա հավատարիմ մնալով ուսուցչի կոչմանը:

Ելենա Հայրապետյանը ծնվել է 1932թ. հունիսի 16-ին, Մարտունու շրջանի Կաղարծի գյուղում:

Հայրը՝ Սամսոն Ղարաբեկյանը,  սովորել է Շուշիի ռեալական ուսումնարանում: Սաֆարյանների նախաձեռնությամբ և նյութական ներդրումներով Կաղարծի գյուղում դպրոցի շենքի կառուցումից հետո սկսել է աշխատել դպրոցում: Սկզբում դասավանդել է ռուսերեն լեզու, երգ, իսկ ավելի ուշ` աշխարհագրություն:

Զրույցի ընթացքում Ե. Հայրապետյանը հիշում և պատմում է իր ընտանիքի ոդիսական հուշերը. «Ատեստատ ստանալու համար 15 քննությունից 5-ն  էի հասցրել հանձնել, երբ տեղի ունեցավ անսպասելին: Այսօրվա պես հիշում եմ. մայրս տանը չէր, գնացել էր աշխատավարձը ստանալու (աշխատում էր դպրոցում` որպես  գործավար): Առավոտյան` ժամը 6-ին, եկել ու հայտնել էին, որ կառավարության որոշմամբ մենք պետք է ապրենք Սովետական Միության  այլ շրջանում: Ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Հավաքեցինք իրերն ու ճանապարհ ընկանք: Հիմա էլ փակում եմ աչքերս ու  այդ պատկերն է. դարպասների մոտ կանգնած սայլն ու հեռացող ընտանիքս: Տասնյոթ  օր ճանապարհ գնացինք: Այդ օրերին  լրացավ տասնյոթամյակս:  Մայրս 4 տարի  է  միայն դպրոց գնացել (ուսումը պետք է շարունակեր Շուշիում, իսկ տատիկս չէր թույլատրել միայնակ այլ քաղաքում ապրել), սակայն բնականից շատ խելացի կին էր: Ամբողջ ճանապարհին էքսկուրսավարի դերում էր,  փորձում էր ամեն կերպ շեղել ինձ իրականությունից՝ պատմելով Վոլգա գետի և այլ գեղեցիկ վայրերի մասին, որտեղով անցնում էինք»,- պատմում է ընկեր Հայրապետյանը՝ ամեն բառի հետ նորից վերապրելով  հուշերը:

Ղարաբեկյանների ընտանիքը հասնում է  Ալթայի երկրամաս: Այստեղ եկվորներին շատ լավ են ընդունում, բայց արգելում էին այլ շրջան գնալ` զգուշացնելով, որ կարգը խախտողին այլ վայր  կուղարկեն: Նոր միջավայրում սկսում է հաճախել  տեղի 7-ամյա դպրոցի  7-րդ դասարանը: Մեկ տարի անց Ուստ-Կալմանկա քաղաքում հաճախում է տեղի միջնակարգ դպրոցը, որտեղ և գերազանցությամբ ավարտում է 10-րդ դասարանը. «Այստեղ արդեն հետաքրքիր էին անցնում դասերը: Բելգիայից, Ռումինիայից տեղահանված ընտանիքներ էլ կային, նրանց հետ ապրելն ու սովորելը շատ հետաքրքիր էր»,- քաղցր հիշողությունից ժպտում է տիկին Ելենան:

Դպրոցն ավարտելուց հետո քննություն հանձնեց՝ ընդունվելու Տաշքենդի Տեքստիլի ինստիտուտ: Անցումային շեմը քսան  միավոր էր՝  հավաքեց տասնինը  միավոր և դուրս մնաց: Մորաքույրն առանց իրեն տեղյակ պահելու թղթերը հանձնել է  տեղի Թեթև արդյունաբերության տեխնիկում: Ելենային մնում էր միայն լավ սովորել, ինչպես ինքն է ասում՝ ամենահեշտ գործը:

 Տեխնիկումը  գերազանցությամբ ավարտելուց հետո  գնել էր Մոսկվա մեկնելու տոմսը`  ուսումն այնտեղ շարունակելու համար, երբ վերջապես հասնում է երկար սպասված  բաղձալի  որոշումը.  «Ձեր ընտանիքն ազատ է»:       

«Վերադարձանք հայրենի գյուղ: Մինչ   այսօր այդպես էլ չիմացա, թե ինչու է իմ ընտանիքն այդ ճակատագրին արժանացել: Ես չկարողացա պարզել, թե ինչու չեն թողել ինձ ավարտել 10-րդ դասարանը, հայկական դպրոցը: Ներքին գործերի նախարարությունում, երբ ինձ ասացին, որ ազատ եմ, միայն մի բան եմ պատասխանել` երբ երջանկությանը երկար ես սպասում՝  ուշ է լինում…»,-շարունակում է Ե .Հայրապետյանն ու ծանր հոգոց հանում:

Հայրենի գյուղում որոշեց գնալ հոր հետքերով և  50 տարի աշխատեց դպրոցում: Իր գործունեության ընթացքում  ստացել  է  «Երախտագիտություն» մեդալ, «Շնորհակալագիր» և անթիվ պատվոգրեր:

Երեք երեխայի մայր-մանկավարժն ընտանիք կազմելուն և բալիկներին մեծացնելուն  զուգահեռ  հեռակայել է Բաքվի Ախունդովի անվան ինստիտուտի «Ռուսաց լեզու և գրականություն» բաժինը:

Հաճելի ու ջերմ մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում վաստակաշատ ուսուցչուհին դրվագներ վերհիշեց դասավանդման տարիներից, որոնց ընթացքում տեսանելի դարձավ  նրա սերն ու հարգանքը դեպի գիրն ու գրականությունը, նստարանին նստած աշակերտը, որը փոխադարձ էր. «Շատ եմ սիրել իմ աշխատանքը, իմ առարկան, իմ աշակերտներին: Երևի դա է պատճառը, որ աշակերտներս  մինչև հիմա երբ տեսնում  են  ինձ, շնորհակալություն են  հայտնում իրենց մոտ  ռուսերեն լեզվի հանդեպ  սեր առաջացնելու համար: Սա ամենամեծ գնահատականն է ինձ համար»:

Անդրադառնալով ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությանը, դաստիարակությանը, արժեքների հանդեպ վերաբերմունքին՝  ուսուցչուհին ընդգծում է հետևյալը. «Առաջին հերթին պետք է սրտանց ու նվիրված աշխատել, պետք է սիրել աշակերտներին: Պետք չէ  անտեղի վիրավորել կամ աշակերտին  միանգամից ասել, թե  նա ոչինչ  չգիտի, ինչպես հիմա են անում դպրոցներում, այլ խորհուրդ տալ՝  ինչ անել:  Յուրաքանչյուր աշակերտ պետք է իր առջև նպատակ դնի և հասկանա, թե ինչ է պետք անել  դրան հասնելու համար: Մարդ պետք է գտնի իր տեղն այս կյանքում ու, ամենակարևորը, ոչ մի օր չկորցնի: Իսկ դրան հասնելու համար ուսուցիչը պետք է ուղղորդի աշակերտին:  Իմ գիտելիքներն ամբողջությամբ փոխանցում էի աշակերտներիս, ամեն անգամ նոր մեթոդներ ու հետաքրքիր լուծումներ ընդգրկելով՝ դասն աշակերտին ավելի մատչելի մատուցելու համար: Ուսուցիչն ինքնակրթությամբ  ամբողջ կյանքում պետք է իր գիտելիքները լրացնի»:

Խիստ ուսուցիչ էր: Հիշում է` մի անգամ նույնիսկ իր տղային է դասից հեռացրել անկարգության համար: Բայց հետո  չի կարողացել դասը շարունակել: Ասում է`  լավ է զանգը շուտ է հնչել: Աշակերտներին գնահատականները «պարտքով» էր  դնում՝ հաջորդ դասին նորի հետ հինը  պատմելու պայմանով: Ու հիշում է՝  մի աշակերտ մինչև այսօր այդպես էլ իր «պարտքը» չի տվել:

Կյանքի  թոհ ու բոհով անցած, բոլոր փորձություններն հաղթահարած վաստակաշատ ուսուցչուհին այսօր շատերիս նման միայն մի ցանկություն ունի՝ խաղաղություն լինի, որը, չգիտես ինչու, ուշանում է:

Նարինե Հայրապետյան