[ARM]     [RUS]     [ENG]

ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ ԴԻՄԱԳԻԾ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅՑԵՔԱՐՏ

ԱՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի Մարտունու շրջանային պետական ծառայության պետ Նվեր Դադամյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ շրջանում մինչև 44-օրյա պատերազմը 275 հուշարձան էր գրանցված: Դրանք բոլորն ունեն իրենց վկայագրերը: 

«Մեր գործունեության հիմնական նպատակը հուշարձանների պահպանությունը, հանրահռչակումը, ուսումնասիրությունը, օգտագործման իրավունքն ապահովելն է»,- ասում է Ն. Դադամյանը: 

Շրջանի տարածքի և հուշարձանների ուսումնասիրությունները շարունակվում են, և կան նաև նոր հայտնաբերված հուշարձաններ: 

«Վերջերս շրջայց ենք իրականացրել Մուշկապատ համայնքում, ուսումնասիրել գյուղի տարածքում առկա հուշարձաններն ու պատմական վայրերը: Նշեմ, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով շրջանի շուրջ 39 հուշարձան մնացել է հակառակորդի հսկողության տակ, որոնց հետագա ճակատագիրը վտանգված է: Դրանց մեծ մասը մեզ է հասել հարյուրամյակների, հազարամյակների խորքերից: Մակար Բարխուդարյանը վկայում է, որ 1000 տարի առաջվա տապանաքար կա Թաղավարդի «Ճոխտ պռվածառ»-ում, որն այսօր հակառակորդի հսկողության տակ է գտնվում: Սա բազմաթիվ օրինակներից ընդամենը մեկն է»,-ասաց մեր զրուցակիցը:

Ըստ ոլորտի պատասխանատուի՝ շատ վկայություններ կան՝ և՛ տապանաքարերի, և՛ եկեղեցիների ու մատուռների, և՛ հայկական ճարտարապետական նմուշների տեսքով, որոնք ապացուցում են, որ հայը արցախյան հողում ապրել է հազարամյակներ շարունակ: Չնայած երբեմն կիսաքանդ, կիսավեր, փլատակ, բայց այս կոթողները մեր ինքնության մասին պատմող մեծ ժառանգություն են, որոնք պիտի պահպանենք ու գալիք սերունդներին փոխանցենք: Եվ այստեղ անելիք ունի յուրաքանչյուրը:

Պատմամշակութային վայրերը նաև զբոսաշրջությունը զարգացնելու մեծ հնարավորություն են:

Աշխատանքներ են տարվում եկեղեցիների, սրբավայրերի բարեկարգման և տարածքների մաքրման ուղղությամբ: Շարունակվում է «Լույս» հիմնադրամի միջոցներով Ամարաս վանական համալիրի վերանորոգումը, որը վերջին փուլում է գտնվում և 2023թ. գարնանը պիտի ավարտին հասցվի: Մաքրման աշխատանքներ են տարվել Ծովատեղի համայնքի Կարմիր Եղցի եկեղեցու և կից գերեզմանոցի տարածքում, որտեղ նաև ուսումնասիրություններ են կատարվում: Վերանորոգվել են մի շարք եկեղեցիներ:

Բռի Եղցու, Բովուրխանի վանական համալիրները շատ հարուստ պատմությամբ սրբավայրեր են, որոնք ևս բարեկարգման ու պահպանման կարիք ունեն: Համայնքների ղեկավարների, ՊՈԱԿ-ի շրջանային ծառայության համատեղ ուժերով մաքրվում ու բարեկարգվում են նշված և այլ սրբավայրերի տարածքները:

«Կոչ եմ անում համայնքի ղեկավարներին, բնակչությանը՝ եթե որևէ հուշարձան, խաչքար, պատմական նշանակության իր եք հայտնաբերում՝ ձեռք մի՛ տվեք, մեզ տեղյակ պահեք, դրանք մի տեղափոխեք այլ վայր, որովհետև այդպիսով հետագայում լուրջ խնդիրներ կառաջացնեք: Յուրաքանչյուրս պիտի անենք հնարավորը՝  մեր պատմամշակութային ժառանգությունը պահպանելու համար:  Դա մեր հոգու պարտքն է: Հայը, անկախ դժվարություններից, իրավունք չունի իր ժառանգության հանդեպ անտարբեր գտնվել: Միջազգային ատյաններում մեր բնիկ լինելն ապացուցում ենք պատմամշակութային ժառանգությամբ, որը հակառակորդը փորձում է ամեն կերպ ավերել, խեղաթյուրել ու սեփականացնել»,- ասում է ծառայության պետը:

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ